Հայրենալքության ուրվականը

Հայրենալքության ուրվականը

Վարչապետ Ն․ Փաշինյանը, ի թիվս այլ ոլորտների, ճանապարհային քարտեզում խոսել է նաեւ ժողովրդագրությանը վերաբերող խնդիրների մասին․ նա վստահ է, որ առաջիկա ամիսներին դրանց լուծումը կարելի է դնել «ինստիտուցիոնալ ռելսերի» վրա։ (Ի դեպ, «ինստիտուցիոնալ» բառը, որ հաստատուն կառույցի՝ հաստատության նշանակություն ունի եւ բառացի այդպես էլ թարգմանվում է՝ հաստատութենական, ոչ մի կերպ չի զուգակցվում «ռելս» բառ  հետ, որը, ընդհակառակը, փոփոխվող եւ շարժում հուշող բան  է ենթադրում։ Սա վարչապետական լեզվամտածողության եւս մի ինքնահակասման կամ երկատվածության մասին է վկայում, բայց դա այստեղ կարեւոր չէ)։ 
Եվ այսպես, «քարտեզի» 11-րդ կետում վարչապետը խոսում է «ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացման» մասին:  Ակնհայտ է, որ «ժողովրդագրական խնդիր» ասելով նա նկատի ունի այդ ոլորտի քանակական բաղադրիչը։ Որ դա իրոք այդպես է, վկայում է նաեւ վարչապետի՝ ամիսներ առաջ արած  հայտնի հայտարարությունը՝ 2050 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը հինգ միլիոնի սահմանը հատելու «նպատակի» մասին։

Հետեւաբար՝ վարչապետի ճանապարհային քարտեզում խոսքն ակնհայտորեն դարձյալ ժողովրդագրության առերեւույթ` քանակական ցուցիչի մասին է։ Եվ դա այն դեպքում, երբ տանուլ տրված պատերազմից եւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո առաջին պլան է մղված ժողովրդագրություն կոչվածի խորքային՝ էթնոկազմաբանական եւ էթնոհոգեբանական միջուկը։ Իսկ որ այդ միջուկը սասանված է հիմքից եւ վերականգնողական լուրջ ու տեւական ընթացք պետք է անցնի, ոչ մեկի մոտ  կասկած չի հարուցում։ Եվ դրա համար ոչ թե ինչ-որ վեց ամիս է պետք, այլ տարիներ ու տասնամյակներ։ Այո, հայոց ինքնությանը, ինքնագիտակցությանը, ծագումնաբանական  ծածկագրին եւ ներքին հաստատունությանը՝ միջուկին, անդառնալի հարված է հասցված։ Եվ դրա ապացույցը հանրության մեջ գնալով ուժգնացող այն տրամադրություններն են, որոնք փաստում են՝ հայ մարդն այսօր հոգեբանորեն հակված է հայրենալքության։ Հայրենիքից հեռանալու, օտար ափերում իրենց ազգային ինքնությունը, ժամանակավորապես այն մոռանալու «գնով»,  վերստին գտնելու մասին այսօր խորհում եւ խոսում են մարդիկ, որոնք, ցավոք, պողոսական հատվածից չեն, այլ ինտելեկտուալ եւ արժանապատիվ մարդիկ են, որոնք գերադասում են այլուր ապրել իրենց կյանքը, այլուր կառուցել իրենց սերունդների ապագան, քան հայրենիքում։ Հայրենիքում, որտեղ նրանք ամենօրյա ռեժիմով բանական, հոգեբանական ճնշման ներքո են հայտնվում, որովհետեւ ստիպված են ամեն օր առերեսվել այն իշխանությունների հետ, որոնց պատճառով են կորսվել իրենց ազգային ինքնության հիմնական բաղկացուցիչները՝ հպարտությունը եւ արժանապատվությունը։ Հայը, որքան էլ ծանր է խոստովանել, կորցրել է նույնիսկ թշնամու (ազերի-թուրքի) հանդեպ իր ինտելեկտուալ գերազանցության վաղեմի գիտակցումը․ հիմա նա նվաստացած է նաեւ ա՛յդ առումով։ (Մի՞թե նկատելի չէ, որ մինչպատերազմական եւ պատերազմի ընթացքում աշխուժացած՝ թուրք-ոչխար «հոմանիշային» զույգը կապիտուլյացիայից հետո այլեւս չի «աշխատում», ավելին՝ ինչ-որ իմաստով աշխատում է ի վնաս մեզ)։

Ակնհայտ է, որ հայ մարդը կարող էր արժանապատիվ կյանքով ապրել նաեւ պարտության պարագայում, եթե պարտությունն ինքն էլ լիներ արժանապատիվ։ Բայց նոյեմբերի 10-ին ստորագրվածը  նսեմացուցիչ եւ ամոթալի մի բան էր, որ եկավ արհավիրքի պես ու․․․ չանցավ․ այն շարունակում է ծանրացած մնալ բոլորիս գիտակցության ու հոգեբանության մեջ, շարունակում է նոր ավերներ գործել, որոնցից ամենավտանգավորը հայրենալքության ուժգնացող ալիքն է։ Աստծո ամեն օր մի ամբողջ երկիր արթնանում է իրականությանն ավելի ու ավելի  խորթացած-օտարացած, եւ զուր է հուսալ, թե այդ օտարվածությունն ի վերջո չի փոխվելու օտարվածության հայրենիքից։ Օտարվածության զգացումը խորանում է անկարողության այն գիտակցումից, որն օր օրի ավելի համառորեն է պատում հասարակության ինտելեկտուալ շերտերին, քանի որ, չնայած օբյեկտիվ խիստ անհրաժեշտությանը, երկիրը չի կարողանում ձերբազատվել սեփական համազգային խայտառակությունը «կերտած» իշխանություններից։ Եվ հանրության առավել ինտելեկտուալ հատվածը դրանում մեղադրում է ոչ միայն քաղաքական ընդդիմությանը, այլ նաեւ ինքն իրեն։ Ուստի ոչ միայն չի բացառվում, այլեւ բոլոր գործոններն առկա են՝ կանխատեսելու հայրենալքության մի ալիք, որը հայաստանյան հասարակությունը կպարպի ոչ միայն քանակական, այլ նաեւ (եւ առավելապես) որակական առումով։ 

Այնպես որ, վարչապետի առաջարկած ինքնափրկության քարտեզի քննարկվող կետը չի վերաբերում  ժողովրդի ինտելեկտուալ շերտերին․ այդ կետը, ինչպես ամբողջ քարտեզն ինքը,  առավելապես վերաբերում է եւ ուղղված է բուն պողոսներին,  եւ չի բացառվում, որ ոչ հեռավոր 2050-ին հանրապետության փոխարեն մենք կունենանք ընդամենը պողոսապետություն։ 
Իսկ պողոսապետությանը նույնիսկ վարչապետ պետք չէ․ շամանն էլ լիուլի բավական է։