Մեր նոր «Հայսմավուրք»-ը

Մեր նոր «Հայսմավուրք»-ը

30 տարի քնած մնացինք: Մեկս մյուսին հաղթանակի ականջահաճո խոսքեր ասելով՝ չնկատեցինք, որ մեր քթի տակ օրավուր զարգանում է լայնածավալ պատերազմի վտանգը: Թշնամին մի երկու անգամ անզգուշաբար սթափության ազդանշան տվեց, բայց չարթնացանք: Ճիշտ է՝ թշնամին այս անգամ միայնակ չէր: Այստեղ դարձյալ կարող ենք հավակնել, որ եթե նա միայնակ լիներ, պատերազմը, անկասկած, այլ ելք կունենար: Թուրքիան, օգտվելով առիթից, մատնացույց անելով ադրբեջանցիների անցյալ անզորությունը, առաջարկեց, որ իրեն ապավինեն: Ու նրանք էլ ստիպված՝ ապավինեցին: Հենց դրա համար էլ Թուրքիան այս համաձայնագրով ավելի մեծ ախորժակներ ունի, քան Ադրբեջանը: Եվ, ցավոք սրտի, մեր, մեղմ ասած, գործից բան չհասկացող բանագնացը պատերազմի հետ ամենեւին առնչություն չունեցող հավելյալ մեկ կետով բավարարել է Թուրքիայի այդ պահանջը: 

Եղածը եղել-անցել է: Հիմա ի՞նչ պիտի անենք:

Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Ոմանց մոտ դրանք ուժեղ են արտահայտված, ոմանց մոտ՝ թույլ: Միայն մի կրոն կա, որին ուժգնորեն դավանում են բոլորը` սկսած բարեպաշտ քրիստոնյայից մինչեւ ամենամոլեռանդ մուսուլմանը, նույնիսկ՝ աթեիստները: Կարելի է ասել, որ բոլորի մոտ էլ այս կրոնն առաջնային նշանակություն ունի՝ իրենց դավանած կամ ժառանգած հավատամքի նկատմամբ: Եվ դա փողի պաշտամունքն է: Փողի կապիտալի նկատմամբ այս հավատամքը, ինչ-ինչ պատճառներով, չի բարձրաձայնվում, բայց դրա դրսեւորումները բացահայտ են: Այս կրոնի ուսմունքին հավատում ու սկզբունքներին հետեւում են բոլորը՝ առանց վարանելու: Սրա զորության դիմաց անզոր են բոլոր մյուս կրոնները: Առայժմ մարդկությանը հայտնի չէ որեւէ այլ կրոն՝ սրա չափ ընդգրկուն եւ սրա նման սրբագործված: Հեռավոր ապագայում գուցե ձեւավորվի մեկ այլ կրոն, բայց այն պարտադիր պիտի ունենա սրան համահունչ դրույթներ: 
Այս կրոնը հակադրություն չունի եւ ոչ մի այլ կրոնի հետ: Հակադրված չէ մանավանդ գիտությանը: Միշտ այժմեական է ու առաջ գնացող: Սրա բոլոր դրույթները համընկնում են մարդկային, գիտական կամ բոլոր տեսակի այլ նվաճումների հետ: Այս կրոնն օգնում է գիտության զարգացմանը, տնտեսությանը, բանակին, մշակույթին, առողջապահությանը, բնությանը եւ այլն:

Մենք այսօր ուզում ենք աշխարհի գերմեծերի ուշադրությունը հրավիրել Արցախում քրիստոնեական սրբավայրերին սպառնացող վտանգի վրա: Մեր եւ քրիստոնյա աշխարհի աչքի առաջ Սբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի: Էլ չենք խոսում դրա սրբապղծման մասին՝ 700 տարի առաջ կատարված, որի համար այն օրվա քրիստոնեական հզոր աշխարհը ոչ մի նշանակալի քայլ չկարողացավ անել: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանց մոտ արդեն ձեւավորվել էր մեկ այլ` ավելի զորեղ կրոն, որի մասին խոսում ենք այժմ: Իսկ ներկա դարում, երբ այս կրոնի հետեւորդների քանակն առաջ է անցել բոլոր մյուս հավատացյալների քանակից, տեսնում ենք, թե ինչպես աշխարհի քրիստոնյա պետությունները, նրանց հետ՝ նաեւ 2 միլիարդ հետեւորդ ունեցող Պապը, բավարարվում են միայն մտահոգություն հայտնող խոսքերով: Բայց եթե նույն Թուրքիան կատարի այնպիսի մի գործողություն, որը կարող է խաթարել եվրոպական երկրների էներգիայի հոսքը, այն ժամանակ կտեսնենք, թե եվրոպական երկրները ոնց կարձագանքեն: Եվրոպան երբեք էլ առանց գազի չի մնացել ու չի մնա: Նրանց մտահոգությունն այդ գազի սպառման համար վճարելիք փողի հավելյալ մի քանի կոպեկի շուրջ է՝ ընդամենը: Այսինքն՝ այս կրոնի նույնիսկ ամենաչնչին նրբերանգներին դիպչել չի կարելի: Նույն ազգի զավակ եւ նույն կրոնը դավանող երկու եղբայր դառնում են իրար թշնամի, երբ մի ինչ-որ ժառանգական կամ այլ բաժնեմասերից հասանելիք գումարների արդյունքում խաթարվում են այս կրոնի սկզբունքները: Որովհետեւ սկզբից անուշադիր են եղել դրա դավանական նրբերանգներին: 

Այս կրոնին դավանելով՝ աշխարհի բոլոր մարդիկ անխտիր ապահովում են իրենց ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ հոգեւոր կյանքը: Այլեւս ուժը կորցրել է Հիսուսի հետեւյալ խոսքը. «Ավելի հեշտ է, որ պարանն ասեղի անցքով անցնի, քան հարուստը` Աստծո արքայություն» (Մատթեոս 19-24): Բոլորը խոսում, բանակցում, վիճում, կռվում ու պատերազմում են միայն սրա համար: 
Եկեք խոստովանենք, որ այս կրոնի մասին շատ քիչ բան գիտենք: Մեր իմացածն էլ վատ ենք կիրառում: Մենք նմանվում ենք այն տգետ քրիստոնյա հավատացյալին, որ եկեղեցի մտնել-դուրս գալն ու խաչակնքելը լավ գիտի, բայց քրիստոնեության մասին ոչինչ չգիտի: Եթե մենք այս կրոնը խորքային առումով ճիշտ ըմբռնենք, դրա ծիսական կամ այլ պրոտոկոլային արարողություններն էլ հարգենք, երբեք դժվարությունների չենք հանդիպի՝ ո՛չ մեկս մյուսի հանդեպ, ո՛չ էլ՝ օտարի: Իհարկե, այս կրոնի նկատմամբ անհավատներ էլ կան: Աստված իրենց հետ...

Այս կրոնին լավագույնս դավանող, ծեսերը մշակող, հավատացյալներին կառավարող, դրանց ներուժը համակարգող ու մյուս ածանցյալ կրոններին ուշադրություն չդարձնող ժողովուրդը բոլորիս հայտնի է: Ինչքա՜ն խոսքեր ասացինք՝ իբր նրանց հետ ճակատագրակից լինելու մասին, թե նրանք ինչու են զենք  մատակարարում մեր թշնամուն: Չազդեց, որովհետեւ մենք անտեսում էինք նրանց իսկական կրոնի սկզբունքները:

Իսրայելի պետությունն իր երկրում, ժողովրդագրական առումով (չհաշված պաղեստինցի արաբներին), քիչ տարբերություն ունի մեզ հետ: Իրենց երկիրն էլ մեր երկրից փոքր է, իսկ թշնամիները` մեզնից անհամեմատ շատ: Բայց նրանց հաջողվել է այս կրոնի համար կառուցել այնպիսի մի տաճար, որի դիմաց անզոր են ե՛ւ քրիստոնեական, ե՛ւ մահմեդական, ե՛ւ բոլոր մյուս կրոնների տաճարները: 1967 թվականին հնչեցին արաբական աշխարհի եւ հատկապես 3 երկրների կոչերը՝ միասնաբար կրոնական-սրբազան պատերազմով (ջիհադ) ջնջել Իսրայելն աշխարհի քարտեզից: Չհաջողեցին: Որովհետեւ այս կրոնի հետեւորդներից կային նաեւ իրենց մեջ: 60 տարի անց նրանց մոտ ավելի է մեծացել այս կրոնին հարողների թիվը, եւ այսօր, մոռանալով իրենց ցեղակից ու կրոնակից պաղեստինցիներին, նրանք հրաժարվել են իրենց երբեմնի նպատակներից եւ սկսել են հաճախել նույն տաճարը: Ամերիկայի նման հզոր երկրի քաղաքական ներկայացուցիչների ամենաչնչին վրիպումը՝ Իսրայելի գերագույն շահերի նկատմամբ, հանդիպում է լուրջ բարդությունների: Ամերիկայի նախագահներից մեկը հանդգնեց մի ինչ-որ աննշան ակնարկ անել ընդդեմ Իսրայելի: Անմիջապես նկատվեց, որ իրենց գումարները տեղափոխելու համար նրանք սկսել են փնտրել ավելի ապահով երկրներ: Այդ վնասը կանխելու նպատակով, Ամերիկայի հաջորդող նախագահները՝ ընտրվելու առաջին պահերից սկսած, անմիջապես սրբագրում էին իրենց նախորդների սխալները: 

Այս կրոնին դավանելը ոչ միայն չպետք է թաքուն պահել, այլեւ ըմբռնումով պետք է լծվել դրա մշակման ու ճշգրիտ կիրառման աշխատանքներին:

Եթե համոզվենք, որ մենք այս կրոնին դավանելով եւ դրա բոլոր ծեսերը կատարող, սկզբունքները մշակող ու ներուժը լավագույնս կառավարող ազգ կարող ենք դառնալ, ուրեմն օր առաջ պիտի կազմենք դրա համապատասխան «Հայսմավուրք»-ն ու կառուցենք տաճարը: Այս տաճարի շուրջ, անկասկած, կհավաքվեն աշխարհի բոլոր հայերը եւ ոչ միայն: Այս տաճարի զանգերի ղողանջն այլեւս լսելի կլինի աշխարհի բոլոր մեծերի կողմից: 
Մենք, բարեբախտաբար, ունենք այդ ներուժը:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ