Ըստ Շշի Մելոյի եղբոր՝ ոստիկանությունում իրեն բռնության են ենթարկել և սպառնալիքներ հնչեցրել

Ըստ Շշի Մելոյի եղբոր՝ ոստիկանությունում իրեն բռնության են ենթարկել և սպառնալիքներ հնչեցրել

Երևան-Սևան մայրուղում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի ավտոմեքենան պայթեցնելու գործով երեկ երեկոյան ոստիկանության Աբովյանի բաժին է բերման ենթարկվել ու ձերբակալվել Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Վերջինս բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-332 հոդվածի կասկածանքով՝ գործի բազմակողմանի, լրվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը նախատեսում է տուգանք և 1-3 տարի ազատազրկում։ Ռոբերտ Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը Hraparak.am-ին հայտնեց, որ Ռ․ Մանուկյանին բերման են ենթարկել երեկ երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում եղբոր՝ Վարդան Մանուկյանի բնակարանից։ Ավելի ուշ արդեն Մանուկյանի փաստաբաններն այցելել  են նրան ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, որտեղ հայտնաբերել են, որ Մանուկյանի վրա բռնության հետքեր կան՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից, ինչի վերաբերյալ ինքն արդեն ցուցմունք է տվել քննիչին։ «Ռոբերտ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում գտնվելիս է եղել եղբոր՝ Վարդան Մանուկյանի տանը, որտեղ իրեն հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցներ են իրեն հարցնում։ Դուրս է եկել, տեսել է ոստիկանական մեքենաներով տասնյակից ավելի ոստիկանական աշխատակիցներ են ժամանել։ Իրեն է մոտեցել ոստիկանության երկու կամ երեք աշխատակից՝ ասելով, որ Մանուկյանը պետք է գնա ոստիկանության բաժին՝  նախորդ օրը տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրգործով պարզաբանումներ տալու։ Ռոբերտ Մանուկյանը, որը իրավապահ մարմիններում աշխատած, երկու բարձրագույն կրթությամբ և բավականին բարձր իրավագիտակցություն ունեցող մարդ է, պահանջել է քննիչի կողմից ծանուցագիր ներկայացնել՝ նշելով, որ ինքը չի խուսափում քննությունից, և եթե ծանուցագիր կա, ինքը պատրաստ է ծանուցագրով ներկայանալ ոստիկանության բաժին Բայց, ըստ Ռոբերտի, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարձակվել են իր վրա, բռնության գործադրմամբ ոլորել ձեռքերը, մտցրել մեքենայի մեջ, բերանքսիվայր պառկեցրել մեքենայի հատակին և տարել Կոտայքի Աբովյանի բաժին։ Այստեղ նրան մտցրել են ինչ-որ սենյակ ու շուրջ տասը հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն՝ միաժամանակ հնչեցնելով իր և ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ, թե ֆիզիկական բնաջնջման կենթարկեն, դատի կտան և այլն» ,-Ռոբերտ Մանուկյանի ցուցմունքի բովանդակությունը հակիրճ մեզ ներկայացրեց նրա փաստաբանը։ Այդ ամենի հետևանքով, ըստ փստաբանի, Ռ․ Մանուկյանն ստացել է բազմաթիվ մարմնական վանսվածքներ, հագուստն արյունատվել է, վերքերն էլ իրենց՝ այդտեղ գտնվելու պահին դեռ արյունահոսում էին։ Հիշեցնենք, որ պայթյունից հետևանքով վնասվել էր Մելիք Մանուկյանին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան, որով, սակայն, դեպքից որոշ ժամանակ անց ինչ-որ տղամարդ դիմում է փախուստի դեպքի վայրից՝ չենթարկվելով ոստիկանի պահանջին։ Hraparak.am-ի հարցին՝ արդյոք մեքենայով փախուստի դիմելու գործո՞վ են Ռոբերտ Մանուկյանին բերման ենթրակել և արդյոք ի՞նքն է եղել Range Rover-ի ղեկին, Հովսեփ Սարգսյանն ասաց․ «Ոչ, Ռոբերտ Մանուկյանը չի եղել, եղել է այլ անձ՝ Մարկոս Մարկոսյանը, որին, իբրև, դրդել է Ռոբերտ Մանուկյանը, որ այդ գործողությունը կատարի։ Կասկածանքը այդպիսին է» ։ Փաստաբանն ասաց, որ այս պահին Ռոբերտ Մանուկյանն ունի կասկածյալի կարգավիճակ։ Իրենք նրա ձերբակալությունը համարում են ապօրինի և ոչ իրավաչափ, բացի այդ, ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասով էլ իրենք դիմել են, որ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն և գործը տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն։