Էլիզա Մխիթարյան․ Մանրապատումներ

Էլիզա Մխիթարյան․ Մանրապատումներ

30+ 

Ժխտելով Աստծուն եւ տալով նրա անունը բոլոր դժբախտությունների եւ ուրախությունների ժամանակ՝ մարդն ապրում է։

Սաքոյի ժիգուլին տեղից բրթող չկա։ Սաքոյին տեղից բրթող չկա եւ Սաքոյի թանը բրդող չկա։ Հիմա ի՞նչ անի խեղճ Սաքոն։ Ո՞ւմ մեղադրի, եթե ոչ նրան, ում չի ճանաչում։ Այդպես հեշտ է, չէ՞։

Ամեն երեկո Սաքոն քայլում է փողոցներով եւ հանդիպած բոլոր ցածր ծառերից մի-մի ճյուղ պոկում ու սկսում պտտել ձեռքի մեջ այնքան ժամանակ, մինչեւ չի նկատում, որ տերեւների շիրան ձեռքին է եւ տհաճ զգացողություն է պարգեւում արդեն։ Այդ ժամանակ Սաքոն ձեռքից գցում է տերեւները եւ հայհոյում։ Թեթեւանում է Սաքոն եւ գնում տուն։

Ամեն առավոտ մորից 320 դրամ է խնդրում սիգարետի համար եւ դուրս գալիս մայլա, թե բա ինքը գայլա։ Մենակ կանգնելով փողոցում՝ Սաքոն փնտրում է ճիշտը եւ չի գտնում, որովհետեւ դարը փոխվել է, մի տեսակ բոլորը խառնվել են իրար, ճիշտն էլ մեկը չի, մի քանի ճիշտ են ներկայացրել Սաքոյին, եւ սա էլ խառնվել է իրար, որովհետեւ ներկայացված ճշտերից ոչ մեկից գլուխ չհանեց եւ որոշեց հայհոյել, որոշեց ընդամենը բոլոր պահերին տալ Աստծո անունը եւ վերջ։ Սաքոն չսիրահարվեց մտածված, որովհետեւ սեփական հոգին չէր կարող խորովել ու անժամանակ հանձնել մեկին, երբ ճշտի հարցը դեռ օդում կախված է։

Իսկ միակ բանը, որ մարդիկ ամենահաճախն են իրարից պահանջում, ժամանակն է։ Սաքոյի մեծագույն խնդիրը ժամանակի կառավարումն է:

Ժամանակի կառավարման խնդիրը եկել է դեռ հին ժամանակներից, երբ Արիստոտելն իր գիրկն էր առնում Մակեդոնացուն, երբ Պլատոնը փորձում էր հասկանալ պետության կառուցվածքը, երբ ստրուկներ էին գնում ու վաճառում, երբ մարդիկ երջանիկ էին ու չէին։ Մեծ հաշվով՝ շատ բան չի փոխվել։ Միայն թե Արիստոտելին եւ Պլատոնին փոխարինել են մարդիկ, որ իրենց դնում են Արիստոտելի կամ Պլատոնի տեղը։

Եվ այդ մարդկանց թվին է դասվում մայլայի գայլ, ճշտի մունետիկ, ժիգուլի ունեցող, բայց մեքենան բրթող չունեցող Սաքոն, ով սպասում է, որ մի օր իրեն կբրթեն, ով սպասում է, որ մի օր իր թանն էլ կբրդեն, ու կլուծվեն իր բոլոր խնդիրները՝ ծայրից ծայր։

Սաքոն ոնց պտտվում է, վերջում ճիշտը գտնում է մոր ձեռքերի մեջ, որից ամեն առավոտ վերցնում է 320 դրամ, որ սիգարետ առնի։ 

 

60+ 

Վաթսունամյա պարոններին ոչինչ չի մնում արդեն, քան սիրել իրենց կնոջն ավելի շատ, քան երեսուն, քսան, տասը տարի առաջ։ Եվ եթե ներդաշնակությունը սարքովի չէ, ուրեմն հստակ կարելի է ասել, որ աշխարհի ամենաերջանիկ պարոնները վաթսուն եւ ավելի տարիք ունեն։

Շենք։ Շենքի տակ՝ սադ։ Սադի մեջ՝ կարուսել։ Կարուսելների վրա՝ երեխաներ։ Երեխաների կողքին՝ ծնողներ։ Ծնողների գլխին՝ ծնողներ։ Եվ վերջ։ Շղթան մի օր բացվում է, եւ մարդը մնում է զարմանքի մեջ։ Հետո՞։

Հետո սկսում են ավելի շատ հետաքրքրել բժշկական ամսագրերն ու թերթերը։ Հետո սկսվում է անվստահությունը ինտերնետի նկատմամբ։ Հետո երեկոներն արդեն երկար հեռուստացույց նայել չի լինում։ Հետո պիտի որ հեշտ լիներ, որովհետեւ ոնց որ թե երեխաները կան, երեխաների երեխաները կան։ Բայց ամեն ինչ մի տեսակ ծանրանում է հոգուդ, ու սկսում ես մտածել անվերջ՝ առա՞ջ էր լավ, թե՞ հիմա։

Առաջ էր լավ։ Բոլոր-բոլոր լուծելի ու անլուծելի խնդիրներով, մերժված սերերով, ամեն-ամեն ինչով հանդերձ՝ առաջ էր լավ, որովհետեւ ջահել ես։ Լավ է, երբ ջահել ես, տատի ունես, պապ ունես, ինչ-որ բաներ կարող ես ուզել ուրիշից, կոնֆետի մեջ սեր ակնկալելը մեծ երջանկություն է։ 

Հիմա ինչ-որ խալաթավոր ասել է, որ կոնֆետ չի կարելի՝ շաքար ունես։ Էհ։ Հետո՞։ 
Բակ։ Բիսետկա։ Նարդի։ Լիքը պապիներ։ Նստարան։ Լիքը տատիներ։ Լիքը թեմա։ Երեխեք։ Երեխաների կողքին՝ ծնողներ։ Ծնողների գլխին՝ ծնողներ։ Մի խոսքով։ 

Իսկ տանը սիրելիիդ հետ ապրելը երբեւէ այսքան հաճելի չի թվացել երեւի։ Խաղաղության մեջ ճաշել ու ընթրել։ Խաղաղության մեջ հաշվել թոշակն ու բաժանել երեխեքի ու երեխեքի երեխեքի մեջ։ Խաղաղության մեջ հասկանալ մի պահ, որ արդեն փողը հերիքում է, դե գոնե թե համեմատած առաջվա վրա։ Բռնել ձեռքերը տաք, ու հա՝ հենց ասել, որ սիրում ես ավելի շատ, քան երեսուն, քսան կամ տասը տարի առաջ, ասել անպայման, որովհետեւ վաթսուն տարի առաջ սերը, փաստորեն, ուներ նույն տեսքը, ոնց դու պատկերացնում էիր։ Հասել ես, արդեն հասել ես, վստահորեն խոսի՛ր։

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ