Բացառված է, որ Կոպիրկինն անձնական նախաձեռնություն դրսևորի. հարցն այլ տեղ է

Բացառված է, որ Կոպիրկինն անձնական նախաձեռնություն դրսևորի. հարցն այլ տեղ է

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերթական «փորձարարությունն» է իրականացրել Հայաստանի նկատմամբ՝ առաջ բերելով հայ հանրության մի հատվածի տարակուսանքը, բարեկամ երկրի իշխանություններին էլ դրել է բավականաչափ անհեթեթ վիճակի մեջ։ Օրերս նա հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում մի շարք ծանրագույն հոդվածներով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ու ինչ-որ հարցեր քննարկել նրա հետ։
Դեսպանի այս «ակցիայի» առաջին ու բնական արձագանքը հետեւյալն է՝ օտարերկրյա դեսպանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հյուրընկալ երկրի հանդեպ, քանի որ չի կարելի հանդիպում ունենալ քրեական հետապնդման ենթարկվող անձի հետ, անկախ վերջինիս՝ նախկինում զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ Դա ոմանց կողմից ընկալվում է որպես վերջինիս ցուցաբերվող աջակցություն, նաեւ՝ արտաքին միջամտություն։

Նման արձագանքը, թերեւս, բնական է, բայց՝ սխալ։ Որեւէ դեսպան, հատկապես Ռուսաստանը ներկայացնող, չի կարող ինքնագլուխ կերպով հարգել կամ չհարգել որեւէ մեկին կամ որեւէ երկրի։ Նա, ի պաշտոնե, իր ցանկացած քայլի հետ կապված հստակ հրահանգավորումները ստանում է «կենտրոնից», տվյալ դեպքում՝ Կրեմլից, եւ բացառված է, որ դեսպանն անձնական նախաձեռնություն դրսեւորեր։ Հետեւաբար, տվյալ դեպքում «Կոպիրկինն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Հայաստանի հանդեպ» արտահայտության փոխարեն պետք է օգտագործվի «Ռուսաստանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Հայաստանի հանդեպ» արտահայտությունը։ Մնացածը կարծես թե ճիշտ է։ Բայց այդ պարագայում պաշտոնական Երեւանի համար մի «փոքրիկ» անհարմարություն է առաջանում․ նրանք չեն կարող Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փոխարեն այնտեղ հրավիրել Ռուսաստանին։ Զուտ տեխնիկապես դա անքան էլ հեշտ չէ։ Սակայն կառարկեք՝ այդ դեպքում թող հրավիրեին Պուտինին կամ գոնե Լավրովին․․․ իսկ այժմ՝ քիչ ավելի լուրջ։ Ի դեպ՝ դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին։ Ակնհայտ էր, որ պաշտոնական Երեւանը բավականին երկար ժամանակ անտեսում կամ լռության է մատնում Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստն ու այդ հարցին անդրադարձավ միայն որոշ պատգամավորների եւ մամուլի հնչեցրած մտահոգություններից հետո, մի տեսակ չկամությամբ։ Ուշագրավ է նաեւ այն, որ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն իր նախնական պարզաբանման մեջ նշել էր, թե «դեսպանը որեւէ սխալ չի գործել»: Կներեք, բայց եթե որեւէ սխալ չի գործել, այդ դեպքում ինչո՞ւ եք պաշտոնյա մարդուն հրավիրում նախարարություն։  

Ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Այսօր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաեւ ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։ 

Թվում է, թե հարցը սպառված կարելի է համարել, բայց այդպե՞ս է արդյոք։ Նախ՝ ինչո՞ւ Մնացականյանի ու ՌԴ դեսպանի հանդիպման մասին հայտարարվեց ուշացումով եւ այն էլ համառ հարցապնդումներից հետո միայն։ Երկրորդ․ բնական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ դեսպանն ԱԳՆ չէր հրավիրվում այն ժամանակ, երբ նույն Քոչարյանի հետ հեռախոսազրույցներ էր ունենում անձամբ ՌԴ նախագահը, բա ո՞ւր մնաց «ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստը»։ 
Անշուշտ, այս հարցերը հռետորական են, եւ դրանց պատասխանը հայտնի է բոլորին։ Հետեւաբար, այս պարագայում առավել օրինաչափ է թվում մի քանի այլ հարցեր հնչեցնելը՝ ո՞րն է ՌԴ դեսպանի այս հերթական «փորձարարության» թաքնված նպատակն այս անգամ, ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչ նոր ուղերձ է Մոսկվան այսպիսով ուղարկում Երեւանին։ Գուցե այս հարցերի պատասխանը թաքնված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր խմորումների, բանակցային գործընթացում ի հայտ եկած նոր հանգամանքների՞ հետ։ Հայտնի է, որ նման ակնարկներով կամ դեմարշներով ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելը Մոսկվայի նախասիրած գործելաոճն է։