Սահմանամերձ Գոմքում լուծվել է տասնամյակների խնդիր

Սահմանամերձ Գոմքում լուծվել է տասնամյակների խնդիր

Նախիջեւանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ փլուզումից հետո: Այժմ Գոմքը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը: Դրանում իրենց լուրջ ներդրումն ու ծրագիրն են իրականացրել գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ինչպես Հայաստանի հեռավոր, սահմանամերձ տարբեր գյուղերում, այստեղ եւս ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. սկզբում լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները:

Դեռեւս 2015թ.-ին, «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործակցող կողմերին հաջողվել է տեղակայել 37 LED լուսարձակով ապահովված արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի երկրորդ փուլով, այժմ արդեն դրանց թիվն ավելացել է եւս 34-ով: Ընդհանուր առմամբ, Գոմքում լուսավորվել է 2650 մետր տարածություն, որից 1300 մ-ն՝  նախորդ ամռանը մեկնարկած աշխատանքներից հետո:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը եւ համայնքի բնակիչներ:

«Աշխարհն ապրում է տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր մշակվում են մարդու կյանքն ու կենցաղը հեշտացնող լուծումներ: Եվ նման հնարավորությունների դարում, թվում է՝ չպետք է լինի, ասենք, փողոցների լուսավորության խնդիր: Մինչդեռ այն կա եւ հաճախ՝ սահմանամերձ գյուղերում: Արդեն 5 տարի՝ սկսած 2014 թվականից, գործընկեր կառույցի հետ համատեղ ծրագիր ենք իրականացնում՝ գիտակցելով, որ լուսավորված փողոց ունենալը չպետք է լինի քաղաքի մենաշնորհ: Աստիճանաբար կրճատում ենք խավարի մեջ կորած փողոցների քանակն ու սահմանապահ գյուղում բնակվողին լույսի հետ վերադարձնում լավ ապագայի հավատը: Այս ծրագրի հիմքում կա նաեւ սոցիալական աջակցության բաղադրիչ, ինչը եւս անչափ կարեւոր է: Ուրախ եմ արձանագրել, որ հաջորդական փուլերով, մեզ հաջողվեց այս գյուղում եւս իրականություն դարձնել ժամանակակից լուծումներով հագեցած, ծախսերի կրճատում երաշխավորող համակարգի գործարկումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաքին լուսավորության համակարգի գործարկումը կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Գոմքը հարմար բնակավայր է նաեւ էկո-զբոսաշրջություն զարգացնելու համար: Այդ ուղղությամբ եւս այստեղ  ակտիվ աշխատանք է տարվում: 

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 
Գոմքի փողոցներն ամռանը կլուսավորվեն 21:00-01:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-23:00-ն: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: