Չքնաղ երկիր իմ Կիլիկիո

Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո
Չքնաղ երկիր իմ Կիլիկիո

Համահայկական խաղերի պատվիրակության հետ մեր ճամփորդությունը, որը սկսվել էր Երեւան-Վան թռիչքից, շարունակվեց Իգդիրով, որտեղ եւս քաղաքապետերի հետ հանդիպում ունեցանք։ Թեեւ քաղաքը փնթի գյուղաքաղաքի տպավորություն թողեց, իսկ քաղաքապետարանն այնքան խնամված ու հարուստ չէր, ինչպես Վանինը, բայց հանդիպումը լավ անցավ՝ հետագա համագործակցության ակնկալիքով։

Քաղաքապետարանից անմիջապես մեկնեցինք օդանավակայան, որտեղից պետք է թռչեինք Անկարա, ապա՝ Ադանա։ Օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը մոտեցավ Խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ, ԱՄՆ քաղաքացի Ալբեր Բոյաջյանին, եւ քանի որ վերջինս թուրքերեն հաղորդակցվում էր, երկար զրույց ծավալվեց նրանց միջեւ։ Անհամբեր սպասում էինք, թե երբ է ընդմիջվելու զրույցը, որ հասկանանք, թե ինչ են այդքան երկար խոսում։ Բոյաջյանը պատմեց, որ ոստիկանն ադրբեջանցի է, շատ լավ է վերաբերվում հայերին, ասել է, որ մշտապես գնում են Արաքսի ափ՝ ձուկ որսալու, իսկ հակառակ ափին՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, հայ ձկնորսներն են ձուկ բռնում, եւ իրենք շփվում են միմյանց հետ, անգամ խմիչք են ջրի միջով ուղարկում հարեւաններին։ Ոստիկանն ասել էր՝ սահմանը բացվի, կգանք-կգնանք, ընկերություն կանենք, եւ ֆեյսբուքյան ընկերանալու հայտ էր ուղարկել Բոյաջյանին։ Ահա այսպիսի զարմանալի հանդիպում։ Մեզ ասացին, որ այս մասերում մեծ թվով ադրբեջանցիներ են վերաբնակեցվել, այդ թվում՝ Նախիջեւանից։ Սա թուրքական մեծ քաղաքականությունն է, որը քրդերի դեմոգրաֆիական աճին փորձում է հակազդել ադրբեջանցի «եղբայրների» դեմոգրաֆիայով։ Դրանով նաեւ հայկական գործոնի դեմն են առնում։ 

Թռիչքից մեկ ժամ հետո իջանք Անկարայում, որը տեսնելու հնարավորություն ունեցանք միայն ինքնաթիռի պատուհանից՝ համաչափ, միագույն կարմիր կղմինդրե տանիքներով քաղաքը շատ գեղեցիկ էր վերեւից։ Հաջորդ հանգրվանը Ադանան էր՝ հայերիս համար ողբի ու եղեռնի քաղաքը, որտեղ մենք 2 գիշեր պետք է մնայինք։ Եվ այդ ընթացքում մի կարեւոր գործ պիտի անեինք՝ Մուսա լեռան գագաթին՝ մեր պայքարի ու ազատագրության պատմական այս վայրում, պետք է վառեինք Համահայկական խաղերի ջահը, որը հետո տեղափոխվելու էր մեր պայքարի մյուս օջախը՝ Արցախ, որտեղ օգոստոսի 5-ին տեղի է ունենալու խաղերի հանդիսավոր բացումը։

Մուսա լեռ մեր վերելքը մեր ուղեւորության ամենաուշագրավ հատվածն էր, քանզի Թուրքիայի՝ Հայաստանին հարակից հատվածներում հայերը հաճախ են լինում, իսկ Կիլիկյան Հայաստանը, որտեղ Կիլիկիայի հայկական թագավորությունն է եղել՝ 1080-1375 թթ․, մեր պատմության ամենանվիրական էջերից է՝ յուրաքանչյուր հայի համար հպարտության առարկա։ Այստեղ պահպանվել են մեր թագավորական ամրոցները՝ Լեւոն արքայի, Սիսի, որոնք այժմ զբոսաշրջիկների համար սպորտային վերելքի հնարավորություն են եւ մեր նախնիների խելքով ու շինարարական շնորհներով հիանալու առիթ։ Մեր խումբը եւս մագլցեց այդ ամրոցների գագաթը, լուսանկարվեց, վերեւից նայեց անծայրածիր Կիլիկիո դաշտերին, որոնք բերրի, բերքատու հողեր են, ցավոք, այսօր այլոց տնօրինության տակ։ Սրանք Թուրքիայի ամենահարուստ հողակտորներն են, մինչեւ վերջին սանտիմետրը մշակված ու աչք շոյող։ Այս տարածքը համարվում է Թուրքիայի հացահատիկի շտեմարանը, իսկ ավելի բարձրադիր հատվածներում ամենուրեք այգիներ են․ զեյթունի, նշի, նարնջի եւ այլ պտուղների։ Զարմանալի էր, թե իր աշխատասիրությամբ առանձնապես աչքի չընկնող այդ ազգն ինչ տիտանական աշխատանք է կատարել եւ ինչպես է ամենաանհասանելի հատվածներում այգիներ գցել՝ ժամանակակից, խնամված, համաչափ ու զինվորի պես շարված տնկիներով։ Մուսա լեռան ստորոտում էլ են ամենուրեք նման այգիներ, որտեղ հայերի հետ միասին բնակվում են նաեւ հույներ, արաբներ։ Մուսա լեռ վերելքի, հայերի ու հայկական բնակավայրերի մասին՝ հաջորդիվ։