Ռուբեն Հայրապետյանը Արայիկ Հարությունյանի ընկե՞րն է

Ռուբեն Հայրապետյանը Արայիկ Հարությունյանի ընկե՞րն է

«Իմ քայլը»-ը ավագանու ցուցակի 22-րդ համար, Տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դասախոս Ռուբեն Հայրապետյանն այսօր նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ ռեկտորատի նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Հրապարակի» հարցին, թե Արայիկ Հարությունյանի հետ ընկերնե՞ր են, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց․ «Այսօր ռեկտորատի նիստին էլ պարոն Հարությունյանը նշեց, որ մենք ծանոթացել ենք 3 շաբաթ առաջ կարծեմ։ Եթե 3 շաբաթվա ընկերությունը ընկերություն եք համարում, ապա ընկերներ ենք»։ Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես ինչո՞ւ իրեն նշանակեցին ռեկտորի պաշտոնակատար, նա ասաց, որ իր կարծիքով՝ դա իր պատասխանելու հարցը չէ։ 

«Համենայնդեպս, այսօր ռեկտորատի նիստում նախարարը ներկայացրեց հիմնավորումները, որ մի քանի շաբաթ առաջ ծանոթանալով ինձ հետ, ինքը որոշել է, որ ես կկարողանամ կատարել համապատասխան պարտականությունները և կկարողանամ փոփոխությունների հասնել։ Եվ եղել է համապատասխան նշանակում»։

Արդյոք դեմ մարդիկ չե՞ն եղել․ ռեկտորի պաշտոնակատարն ասում է, որ դեմ արտահայտվողներ չեն եղել, ինչ վերաբերում է մարդկանց, որ ներքուստ են դեմ, ապա այդ հարցին Ռուբեն Հայրապետայանը չի կարող պատասխանել։ «Ամեն ինչ էլ հնարավոր է, ես կարծում եմ՝ հիմնական մասսան իմ դեպքում դրական է տրամադրված և դրական տրամադրվածությունը նաև փոխադարձ է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը ընդամենը 32 տարեկան է, սակայն տնտեսագիտության դոկտոր է և ամենաերիտասարդ պրոֆեսորը։ Նա նշեց, որ որպես բուհի առողջացման ծրագիր տեսնում է, որ բարեփոխումները պետք է շարունակվեն, ուղղակի դրանց ավելի մեծ թափ պետք է հաղորդվի՝ համապատասխան գերակայությունների ուղղություններով․ կրթության որակ, միջազգայնացում, ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիա։ Իսկ ամենակարևոր կետը աշխատաշուկայի հետ ակտիվ կապի ապահովումն է՝ ընդհանուր համագործակցության փաթեթով։

Այսինքն՝ գործատուների մասնակցություն ընդհանուր կրթական ծրագրերին ու պրակտիկային։ Սակայն նա ընդգծեց, որ փոփոխությունները ինքնանպատակ չեն լինելու՝ փոփոխություններ փոփոխությունների համար։ Ռեկտորի պաշտոնակատարն այս համատեքստում ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանն ունի կենտրոնական նշանակություն երկրի տնտեսության զարգացման համար։

Հիշեցնենք, որ մինչև այս ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր կարկառուն հանրապետական Կորյուն Աթոյանը։ Հարցին, թե ի՞նչ ժառանգություն է ընդունել, արդյոք ընդունելուց առաջ ապահանջելո՞ւ է ֆինանսական աուդիտ, բուհի ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է նախորդ ղեկավարության հետ աշխատանքին, ապա ունի նախնական վստահություն, որ նախկինները աշխատել են պատշաճ կերպով։ Սակայն աուդիտներըն ասաց, որ սովորական գործընթաց են և պարբերաբար տեղի են ունենալու։