Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիային պետք չեն

Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիային պետք չեն

Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը զարմացած է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված, որը վերաբերում էր Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու ցանկությանը։ «Իսկ որտեղի՞ց են վերցրել Երեւանում, որ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այդ հայտարարությունները, որոնք հնչել են Հայաստանում, ունեն զուտ պրոպագանդիստական նշանակություն։

Մի՞թե նրանք չեն լսել թուրք պաշտոնյաների հայտարարությունները։ Թուրքական ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում որեւէ դիվանագիտական հարաբերություն հաստատել Երեւանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անհապաղ չի ազատել գրավյալ տարածքները։ Բացի այդ, Հայաստանը պետք է մի կողմ թողնի Հայոց ցեղասպանության հետ կապված իր հավակնությունները»,- ադրբեջանական OXU.az-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետը։ Նա կարծում է, որ Երեւանում կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում ընդունել այն փաստը, որ Թուրքիան կարող է եւս 100 տարի փակ պահել սահմանը ՀՀ-ի հետ՝ ոչինչ չկորցնելով ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտում։ «Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր չեն։ Դրանք պարզապես պետք չեն Թուրքիային»,- ասել է Օզերը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Հայաստանը կրկին շրջանառում այս հարցը, Օզերը պատասխանել է, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ արեւմտյան ԶԼՄ-ներին է եղել հասցեագրված՝ ցույց տալու, թե որքան Հայաստանը բարեկամաբար է տրամադրված։ «Սակայն, սրանով հանդերձ, Հայաստանի ղեկավարը հասկանում է, որ որեւէ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել չեն կարող այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր հավակնություններից»։ Նրա կարծիքով Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի Մոսկվայի հետ հարաբերություններում, քանի որ ցանկանում է փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։