Իջևանյան պուտչի դասերը

Իջևանյան պուտչի դասերը

Այն, ինչ վերջերս կատարվեց Իջեւանում, պատահականություն չէր, հակառակորդը՝  ե՛ւ  5-րդ շարասյունը, ե՛ւ հակահեղափոխականները, միասին համագործակցելով փայտամշակման ոլորտի մաֆիոզ համակարգի հետ, վերջիններս, օգտագործելով հանապազօրյա հացի խնդիրը լուծող մարդկանց, կազմակերպեցին ըմբոստություն կառավարության որոշման դեմ։ Արձանագրենք, որ փայտի ոլորտը, մասնավորապես՝ վառելափայտի, ունեն կոնկրետ գործող անձինք, որոնք, ոչնչացնելով անտառները, անսահման հարստություն են դիզում։ Այս իշխանությունն առաջինը չէ, որ փորձում է միջամտել նշված ոլորտին։

ծՀիշենք․ դեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնեց «խստացումներ» անտառահատումների դեմ, ոստիկանությունը խոչընդոտում էր փայտի իրացմանը, եւ արդյունքում բարձրացավ վառելափայտի սակագինը, որը գերշահույթ էր ապահովում մի  խումբ մարդկանց համար, միաժամանակ՝ ժողովրդի մի մասն ստիպված անցում կատարեց բնական գազին, ինչը բխում էր նաեւ գազի մաֆիայի շահերից։
Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները փորձեցին միջամտել տվյալ ոլորտին, խստացումների արդյունքում կրկին բարձրացավ փայտի սակագինը, բայց, չգիտես ինչու, իշխանությունները հետքայլ արեցին, վառելափայտի բարձր գներն  ավելացրին սոցիալապես անապահով ժողովրդի բեռը։

Մեկ տարի անց իշխանությունները վերսկսեցին նախկինում սկսած եւ որեւէ արդյունքի չհասած գործընթացը։
Փաստենք, որ կառավարությունը ոլորտի բարեփոխումների ընդհանրական ծրագիր չներկայացրեց, ինչից էլ օգտվեցին հակառակորդները եւ նախաձեռնեցին լոկալ հակահեղափոխության փորձ, որի հիմնական թիրախը Նիկոլ Փաշինյանն էր։ Արձանագրենք, որ վարչապետը ճիշտ կողմնորոշվեց՝ անձական շահը ստորադասեց պետականին եւ իր ծննդավայրում չտրվեց էմոցիաների։ Անհասկանալի էր ԱԱԾ-ի եւ ոստիկանության անգործությունը, հնարավոր է՝ վերջիններս ինչ-ինչ հաշվարկներով  իրենց անձնական շահը գերադասեցին պետականին եւ ժամանակին չկանխեցին պուտչը՝ թույլ տալով թիրախավորելու վարչապետին, փորձելով թուլացնել նրան։

Այսօր պետական կառավարման համակարգի պաշտոնյաներն իրենց պահվածքով, ավելի ճիշտ՝ անգործությամբ, եւս աջակցում են հակահեղափոխականներին։ Ասվածը որպեսզի մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ կոնկրետ փաստեր։ Առիթ ունեցել եմ բարձրաձայնել ԺՀԿ գրասենյակի մասին, բայց իջեւանյան պուտչից հետո ասվածն ավելի արդիական է դառնում։

Քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչները լավատեղյակ են, թե նախորդ ռեժիմի կողմից ինչպիսի հալածանքների են ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամները։

Վերջին նենգաբարո հարվածը եղավ կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի՝ «օրենքով, դատարանի վճիռներով» առգրավումը 2008-12 թթ․։ Ժամանակին այդ գրասենյակից օգտվել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք։ Բազմաթիվ հոդվածներ են տպագրվել այդ մասին «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ Նիկոլ Փաշինյանի, Հայկ Գեւորգյանի, Վահագն Հովակիմյանի, Աննա Հակոբյանի եւ այլոց կողմից, ինչպես նաեւ հանրապետական  այլ լրատվամիջոցներով։

Սկսած 1999 թվականից՝ չի եղել որեւէ ընդդիմադիր քաղաքական ակտիվ փուլ, որտեղ ԺՀԿ գրասենյակը չդառնար հիմնական հավաքատեղի, եւ ռեժիմի պատասխանը հստակ էր՝ կուսակցությանը զրկել տարածքից, ինչը եւ արվեց։
Հեղափոխությունից հետո դիմել ենք դատախազությանը եւ պետական գույքի կառավարման վարչությանը՝ անվանական պատասխանատվության ենթարկել բոլոր անձանց, որոնք մասնակցել են այդ ապօրինությանը, եւ միաժամանակ  նախաձեռնել կուսակցության իրավունքները վերականգնելու գործընթաց։ Մեզ պատասխանել են, որ ամեն ինչ արվել է «օրենքով»։ Հիմա հարց․ իսկ նախկինները «օրենքը» շրջանցելով ի՞նչ են  արել, նրանք նույնիսկ մարդկանց կյանքից են զրկել՝ «օրենքի» շահերից ելնելով, երկիրը թալանել, հողերը հանձնել, ընտրությունների արդյունքները եւ սահմանադրական հանրաքվեները կեղծել «հիմնավորված» փաստարկներով, «օրենքներով», նաեւ Սահմանադրական դատարանի վճիռներով։

Այս մասին մարտի վերջին դիմեցինք վարչապետին, երեք ամիս անց, չստանալով պատասխան, կրկին դիմեցինք, եւ միայն դրանից հետո նույն «օրենքով» հիմնավորված՝ բարեհաճեցին պատասխանել պետական գույքի կառավարման վարչությունից, վարչապետի աշխատակազմի՝ կից գրությամբ։
Այս ամենից հետո մեզ համար վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ պետական գույքի կառավարման կոմիտեի պետ Նարեկ  Բաբայանն ավելի վտանգավոր են երկրի համար, քան ցանկացած հակահեղափոխական։

Հաշվի առնելով վերոշարադրվածը՝ դիմում ենք վարչապետին՝ ազատվել վերոնշյալ կադրերից, միաժամանակ ծառայողական ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ անցկացնել պետական համակարգում եւ ազատվել այն կադրերից, որոնք դավաճանում են հեղափոխության հռչակած արժեքներին, մասնավորապես՝ քամահրանքով են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին։ Ժամանակը սուղ է, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ