Իշխանությունը ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողով պետք է մեզ զիջի
Վերջնականապես որոշված չէ, թե 7-րդ գումարման Ազգային ժողովը քանի մշտական հանձնաժողով է ունենալու։ Նախորդ գումարման խորհրդարանում գործում էր 9 հանձնաժողով, սակայն դրանից առաջ 12-ն էին, հանձնաժողովների թիվը կրճատեցին՝ դարձնելով 9, միայն այն պատճառով, որ «Ելք» խմբակցությունը չնախագահի որեւէ հանձնաժողովում։ Մասնավորապես, միավորվեցին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, մարդու իրավունքների եւ պետաիրավական հանձնաժողովները, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները։ Նոր իշխանությունները քննարկում են դրանց թիվն ավելացնելու հարցը՝ 10 կամ 11։ Ուշագրավ է, որ նախարարությունների թիվը կրճատում են, ԱԺ հանձնաժողովների քանակը՝ ավելացնում։
Սկզբունքային հարց է դրված՝ առանձնացնել մարդու իրավունքների հանձնաժողովը, չի բացառվում, որ ստեղծվի նաեւ ափյուռքի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով, կամ նման բաժին կցվի որեւէ հանձնաժողովի։ Սակայն դեռեւս ավելի ռեալ է 10 հանձնաժողովի տարբերակը։ Իշխող ուժից դեռ չեն մեկնաբանում ո՛չ հանձնաժողովների թվի, ո՛չ էլ այս թեմայի հետ կապված որեւէ հարցադրում՝ ասելով, որ երբ վերջնական որոշում կունենան, կխոսեն։ Հիշեցնենք, որ հանձնաժողովները ֆրակցիաների մեջ բաշխվում են Դոնթի բանաձեւով, հարցը կլուծվի ԱԺ առաջին նիստի ընթացքում, իշխանության ներկայացուցչի պնդմամբ՝ անգամ 9 հանձաժողովի դեպքում խորհրդարան անցած երեք ուժերին էլ կհասնի հանձնաժողով։ Սակայն կա նախնական տրամադրվածություն ԲՀԿ-ին՝ երկու, «Լուսավոր Հայաստանին»՝ մեկ հանձնաժողովի ղեկավարում հանձնելու մասին։ Առաջինի դեպքում մարդու իրավունքների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովը, իսկ ԼՀԿ-ի հանձնաժողովը դեռ հստակ չէ։ «Ամեն դեպքում, մեր թիմում կա տրամադրվածություն, որ ոչ թե մեխանիկական բաժանում իրականացնենք, որը մենք ուզում ենք՝ վերցնենք, հետո մնացածը տանք գործընկերներին, այլ նրանց հետ քննարկենք, կոնսուլտացիաներ անցկացնենք մյուս ուժերի հետ, նոր իրականացնենք բաշխումը»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իշխանության համար հատկապես սկզբունքային է լինելու պաշտպանության եւ ազգային անվտանգության, պետաիրավական եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահումը։
Սրանք, կարելի է ասել, «ռազմավարական» նշանակության հանձնաժողովներն են, օրինակ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարը պետք է «սվոյ» լինի, որպեսզի «պրոմըխներ» չլինեն կառավարության ներկայացրած նախագծերի հարցում, այսինքն՝ կառավարությունը ցանկացած օրենսդրական փոփոխություն կարողանա անարգել անցկացնել այս հանձնաժողովով։
«Իմ քայլը» դաշինքում նախնական քննարկումների ընթացքում հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվել է երկու անուն՝ տնտեսական լրագրողներ Բաբկեն Թունյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի երկարամյա աշխատակից Հայկ Գեւորգյանի։ Նրանք երկուսն էլ պատգամավոր են դարձել, սակայն առավել հավանական է առաջին տարբերակը, որպեսզի չշահարկվի, թե Փաշինյանն իր ընտանեկան օրաթերթի աշխատողին է պաշտոն տալիս։ Հիշեցնենք նաեւ, որ եթե ԱԺ շարքային պատգամավորը ստանում է 661 հազար 400 դրամ, ապա հանձնաժողովի նախագահները ստանում են 793 հազար 680 դրամ, դրան գումարած ավտոմեքենա, սպասարկող անձնակազմ եւ այլն։
Պետաիրավականի հարցն է լուրջ․ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը բարձրակարգ իրավաբաններով չի փայլում, դժվար է լինելու հանձնաժողովը համալրել լուրջ իրավաբաններով, ինչպիսիք Դավիթ Հարությունյանն ու Գեւորգ Կոստանյանն էին, եւ առհասարակ վեցերորդ գումարման ԱԺ սույն հանձնաժողովի իշխանական «սաստավը»։ Խոսվում է միայն Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի մասին․ եթե նախնական քննարկումների ժամանակ նրան տեսնում էին արդարադատության նախարարի պաշտոնում, ապա հիմա, կադրային դեֆիցիտի պատճառով, հնարավոր է նրան պահեն ԱԺ-ում՝ որպես պետաիրավականի ղեկավար։ Չնայած մամուլում գրվել է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է նշանակվել պաշտպանության վաղեմի փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, սակայն այս հարցում էլ դեռեւս վերջնական որոշում չկա։ Թիմում հակված են կուսակցականներին մղել առաջին պլան, իսկ փորձառուներին նրանց գլխին կարգել վերակացու։ Միայն կարծես թե որոշված է, որ Հովհաննես Իգիթյանը կղեկավարի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը։ Նա ե՛ւ փորձ ունի նման աշխատանքի, ե՛ւ միջազգային կապեր։
Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ Դոնթի բանաձեւի համաձայն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից հեռախոսով մեզ հայտնեց, որ իրենց թիմում դեռ կոնսուլտացիաներ չեն գնացել, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում կամ միջազգային պատվիրակություններում ու խմբերում ներկայացված կլինի։ «Քանի դեռ մենք մանդատները չենք ստացել, դեռ չեմ կարող այդ մասին խոսել»,- ասաց նա։ Այսուհանդերձ, նա կոչ է անում իշխանությանը ԼՀԿ-ին ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողովի նախագահություն զիջել․ «Այո, 70 տոկոս ձայն ունեցող իշխանությունը պետք է մի քանի հանձնաժողով զիջի, դրանով պետք է ցույց տան, որ հակված են պառլամենտում ընդդիմության դերի մեծացմանը, փոխզսպումների եւ հակակշիռների։ Շատ կարեւոր է, որ իշխանությունները կոնսուլտացիաներ սկսեն ընդդիմադիրների հետ այս հարցով եւ չարաբաստիկ Դոնթի բանաձեւով չբաշխեն հանձնաժողովներն այնպես, ինչպես իրենց է հարմար, որովհետեւ, եթե մեզ ընդամենը մեկ հանձնաժողով հասնի, դա չի նպաստելու երկրում ժողովրդավարության հաստատմանը»։
Մարուքյանն ասաց, որ հատկապես այն քննադատություններից հետո, որ իշխող ուժը 70 տոկոս ձայն է հավաքել՝ խորհրդարանում իրական ընդդիմություն թույլ չտալով, պարտավոր է գնալ նման ժեստի։ «Ես այնպիսի ընդդիմություն եմ լինելու, որ երբեք չի եղել, ես սա վստահեցնում եմ, բայց նաեւ շատ կարեւոր է, որ իշխանությունն իր կամքով գնա զիջումների»,- եզրափակեց նա։ ԲՀԿ-ից որեւէ մեկը երեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որ հասկանայինք, թե ինչ պատկերացումներ ունեն այս հարցում։
Կարծիքներ