Ռադիոյի տնօրենի ընտրությունը կձգվի 20 օր 

Ռադիոյի տնօրենի ընտրությունը կձգվի 20 օր 

Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության նպատակով դեռեւս Ռուբեն Ջաղինյանի օրոք ստեղծված խորհուրդը պետք է լսեր 30 թեկնածուի։ Մեծ մասն արդեն անցել է հարցազրույցի փուլը։ Ի սկզբանե որոշված էր, որ ամեն օր հանձնաժողովը լսելու է տնօրենի 8 թեկնածուի, եւ անցնող ուրբաթ՝ մարտի 15-ին, պետք է հրապարակվեին մրցույթի արդյունքները։ Սակայն արդյունքների հրապարակումը հետաձգվում է։ Ռադիոյի տնօրենի թեկնածուները որոշել են, որ ուշացումը կապված է հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրության հետ, որն անցկացնում է ՀՌԱՀ ստեղծած հանձնաժողովը։

Թեկնածուները որոշել են, որ ռադիոյի տնօրենի մրցույթը ձգձգում են, որ հաղթողի թեկնածությունը համաձայնեցնեն հեռուստառադիոխորհրդի ապագա նախագահի հետ։ Այս երկու մրցույթներն անցկացվում են զուգահեռ, բայց քանի որ Ռադիոյի տնօրենի մրցույթն ամփոփման փուլում է, իսկ հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուները մինչեւ մարտի 21-ը դեռ փաստաթղթերն են հանձնելու, վտանգ կար, որ խորհրդի նոր նախագահը հակասություններ կունենա իրեն կառուցվածքային առումով ենթակա կառույցի՝ ռադիոյի տնօրենի հետ։ Այս հակասությունից խուսափելու համա՞ր եք հետաձգում մրցույթի ամփոփումը։ Հարցն ուղղեցինք մրցութային հանձնաժողովի անդամ Լեւոն Գալստյանին։

«Հաշվի առնելով մրցույթին մասնակցողների մեծ թիվը, խորհուրդը որոշեց երկարաձգել ժամկետը եւս 20 օրով: Այն հանգամանքը, որ այդ ժամկետը մոտավորապես կարող է համընկնել խորհրդի նախագահի ընտրության հետ, ընդամենը զուգադիպություն է: Այստեղ խնդրահարույց որեւէ բան չկա: Արդյունքների հրապարակման օրը կորոշենք»,- պատասխանեց նա։ Ստացվում է, որ կրկին բաց ու հրապարակային մրցույթի իմիտացիա արվեց։ Սխալը կարելի էր ուղղել, եթե պարզապես չեղյալ համարեին «ֆալշ ստարտը»․ ընտրեին խորհրդի նախագահ, ապա նոր՝ ռադիոյի տնօրեն։ Եվ ամեն ինչ կընկներ իր տեղը։