Այն, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, դա դեռ չի նշանակում, որ մեկ հայրենիք չէ

Այն, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, դա դեռ չի նշանակում, որ մեկ հայրենիք չէ

Նախօրեին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո, բուռն արձագանքների արժանացավ։ Երեկ էլ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որն արդեն գրանցվել է նաեւ Արցախում, հայտարարեց Արցախը Հայաստանի հետ միավորելու գործընթաց սկսելու, ինչպես նաեւ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի հարցը լուծելու մասին։ Այս նպատակով առաջիկայում ստորագրահավաք են սկսելու։ Երեկ «Սասնա ծռերի» ասուլիսում հարց հնչեց՝ արդյոք արցախցիները, ովքեր իրենց անկախությունը դե յուրե հռչակել են, համաձա՞յն են ստանալ մարզի կարգավիճակ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ այս գաղափարի հետ կապված՝ բացարձակ մեծամասնությունը կիսում է, եւ վստահ եմ, որ բոլորի սրտով է այս գործընթացը, որ սկսում ենք։ Գործընթացի իրավական ճանապարհները բազմաթիվ են. դա կարող է լինել հանրաքվեների միջոցով, կարող է լինել երկուստեք Ազգային ժողովների վավերացումով, կարող է լինել համապետական ընտրությունների ներգրավելով»։ 

Նշենք, որ հանրաքվեի, ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով գործընթացը կարգավորելու համար  անհրաժեշտ է 10 հազար ստորագրություն, որոնց օրինականությունը ԿԸՀ-ում վավերացվելուց հետո հարցը կմտնի ԱԺ օրակարգ։ Սեֆիլյանի կարծիքով՝ գործընթացը հնարավորինս պետք է արագացնել։ «Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը։ Մենք օր առաջ պետք է այդ վտանգը կանխարգելենք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ  Արցախը Ռուսաստանի ազդեցության տակ անցնելու ռեալ վտանգ է տեսնում։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն Արցախը ՀՀ մարզ դարձնելու եւ ընտրության իրավունքի վերականգնման հեռանկարի մասին ասաց․ «Մենք ժողովրդավար երկիր ենք, եւ եթե օրենքով որեւէ բան հնարավոր է, ուրեմն խնդիր չենք տեսնում, այլ հարց է, թե այս գործընթացն ինչքանով է հաջող լինելու, ինչպիսի արդյունքներ է բերելու․ դա ժամանակը ցույց կտա»։ Բաբայանի կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականությունը։ «Այն, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, դա դեռ չի նշանակում, որ մեկ հայրենիք չէ։ Պարզապես կան հարցեր, որոնք պետք է  դիտարկել զգացմունքային դաշտից դուրս։ Ուզում են այդպես անել, իմանալ ժողովրդի կարծիքը, թող նախաձեռնեն, դրանով շատ բան պարզ կլինի»,- ասաց նա։

Որեւէ հայ, Բաբայանի խոսքով, չի կարող դեմ լինել Արցախը Հայաստանին միացնելու՝ մեկ միասնական Հայոց աշխարհ ունենալու գաղափարին․ «Բայց այս պահի դրությամբ եթե հայտարարվում է արցախյան պետության ապամոնտաժում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ներքո, մտածո՞ւմ եք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, Հայաստանին կարող են մեղադրել ագրեսիայի մեջ, լա՞վ է դա մեզ համար, թե՞ վատ։ Տարբեր տեսանկյուններից պետք է նայել հարցին, միայն զգացմունքային խնդիրը չէ, բազմաթիվ հարցեր կան, վերջապես, մարդկանց կյանքի հետ կապված խնդիրներ կան։ Պատրա՞ստ ենք մենք դրան»։

Սամվել Բաբայանի հայտարարության մասին էլ Բաբայանն ասաց․ «․․․Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով։ Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը՝ մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ․․․»։ Արցախի նախագահականի ներկայացուցիչը նաեւ հայտարարեց․ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Մենք ունենք մտքի եւ խղճի ազատություն, բայց մենք ունենք պետություն եւ ինքնիշխանություն: Մեր ժողովուրդն արդեն իր ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեի ժամանակ իր կամքն արտահայտել է։ Ուրիշ խնդիր է, որ մենք բոլոր պետությունների հետ պետք է պահպանենք լավ հարաբերություններ եւ հատկապես նրանց, որտեղ կա մեծ հայկական սփյուռք։ Այս տեսանկյունից մենք պարտավոր ենք շատ լավ եւ բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, նույնը պետք է ունենանք Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, տարբեր երկրների հետ»։