Իշխանությունը պարտվել է նաև Գորայքում

Իշխանությունը պարտվել է նաև Գորայքում

ՀՀ վարչական դատարանը երեկ որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի` «Սյունիքի մարզի Գորայք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 09 հունիսի 2019 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման մասին» 14.06.2019 թվականի թիվ 12-Ա եւ «Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար ընտրելու մասին» 14.06.2019 թվականի թիվ 13-Ա որոշումները եւ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Դատարանի վճիռը պատճառ է դարձել, որ «հաղթող ճանաչված» թեկնածու Աշոտ Աղաջանյանի կողմնակիցները մի քանի ժամով փակեն Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ հունիսի 9-ին խոշորացված Գորայք համայնքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Աշոտ Աղաջանյան՝ 531 քվե, Արտյոմ Գրիգորյան՝ 515, Մանուչար Մկրտչյան՝ 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները, եւ դատարանը որոշում է կայացրել չեղարկել ընտրությունների արդյունքները եւ կազմակերպել նոր ընտրություններ:

Ծանոթանալով վարչական դատարանի որոշմանն ամբողջությամբ` համոզվում ենք, որ խնդրո առարկա ընտրություններում տիրել է հարցերը գյուղական կարգով լուծելու եւ իշխանության ցանկալի թեկնածուին համայնքապետ «նշանակելու» անկոտրում կամք: Իսկ, ահա, ամենաաղաղակող խախտումները գրանցվել են թիվ 34/2 տեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ է եղել ոչ անհայտ ՔՊ-ական Արսեն Ավագյանը (նկարում), որը, ի լրումն իր մյուս բարեմասնությունների, ֆեյսբուքահայությանը հայտնի է նաեւ իր անպարկեշտ եւ լկտի գրառումներով: Ու թերեւս դա է պատճառը, որ իշխանական մամուլն ու Սյունիքի մարզային իշխանությունները, առնվազն փոխմարզպետի մակարդակով, այս պահին լծված են տեղի ունեցածը ծածկադմփոց անելու սուրբ գործին: Ամեն ինչ արվում է ոչ միայն «հաղթողի» հանդեպ ՔՊ-ի համակրանքը թաքցնելու (ստեպ-ստեպ ընդգծում են նրա անկուսակցական լինելու հանգամանքը), ինչպես նաեւ վերջինիս կողմնակիցների բողոքի ակցիան որպես դատարանների հանդեպ անվստահության արտահայտություն ներկայացնելու համար: Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ սա դատարանի վճիռ է, եւ այսպես չեն կարող խնդիրը կարգավորել, պատասխանել է. «Աշխատանքներ ենք տանում իրենց հետ, բայց դուք էլ շատ լավ գիտեք, որ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ, եւ այս քայլի (ճանապարհը փակելու՝ Էդ. Ա.) պատճառներից մեկն էլ դա է»:

Իրավիճակը գնալով հետաքրքիր է դառնում: Իշխող կուսակցությունը, փաստորեն, ընկել է իր ձեռքով լարած թակարդը եւ կանգնել ՀՀ վարչապետին այդ իրավիճակից չոր դուրս բերելու խնդրի առաջ: Փոխմարզպետի հավաստմամբ`  ինքն է բանակցություններ վարել ցուցարարների հետ, որոնք ցանկացել են ինչ-որ ծրար փոխանցել վարչապետին: «Մենք կփորձենք երրորդ անձի միջոցով դա հասցնել»,- ասել է Նարեկ Բաբայանը` չմանրամասնելով ծրարի բովանդակությունը: Խնդիրը բարդանում է նաեւ այնքանով, որ, չնայած բազմաթիվ բողոքարկումներին, ԿԸՀ-ն անփոփոխ է թողել տարածքային ԸՀ որոշումները ընտրությունների արդյունքների մասին: Եվ, փաստորեն, ստացվում է, որ նաեւ ԿԸՀ-ի որոշումներն են «բեկանվել» վարչական դատարանում: Այսինքն` Մուկուչյանն էլ ասելիք ունի այն մասին, թե ինչու Գորայքի համայնքապետի ընտրություններում ամեն ինչ այնքան պարզ ու թափանցիկ չի եղել, ինչպես սիրում է ներկայացնել Փաշինյանը:
Հավելենք նաեւ, որ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկել էր անկուսակցական թեկնածու Արտյոմ Գրիգորյանը, որ «հաղթողին» զիջել էր ընդամենը 16 ձայնով:

Ըստ մեր աղբյուրների, այս ակցիաների հետեւից երեւում են Սյունիքի նախկին մարզպետ, նախկին ԲՀԿ-ական, այժմ «Իմ քայլից» պատգամավոր Կարեն Համբարձումյանի ականջները։