Պատմության ադրբեջանական պրիզման

Պատմության ադրբեջանական պրիզման

Բաքվի լրատվամիջոցներից մեկն ունի «Պատմական պրիզմա» խորագիր, որի տակ անդրադարձ է արվում հայ-ադրբեջանական հարաբերություններին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անցյալին: Հասկանալի է՝ ադրբեջանական դիտանկյունից, որի առանցքն այն է, որ 19-րդ դարասկզբին Անդրկովկասի տարածքում պարսկական խանություններն «ադրբեջանական անկախ պետություններ էին, որոնց միացումն Ռուսաստանին մասնատեց միասնական Ադրբեջանը, իսկ ցարական կառավարության էթնիկ քաղաքականության շնորհիվ տարածաշրջանում հայտնվեց հայկական տարրը»:

Ադրբեջանական քարոզչությունն այս իմաստով որքան էլ համակարգված եւ պետականորեն հովանավորված, միեւնույն է թույլ է տալիս վրիպումներ, որոնք բացահայտում են այդ «գիտական հայեցակարգի» կատարյալ սնանկությունը: Հրապարակումներից մեկը, մասնավորապես, նվիրված է Շուշիի վերջին կառավարիչ Մեհթի Գուլի խանին, որը 1822թվականին թողել է Շուշին, անցել Պարսկաստան, ապա որոշ ժամանակ անց վերադարձել՝ որոշակի համաձայնության գալով Անդրկովկասում ռուսական զինվորական կառավարիչ Պասկեւիչի հետ: Ըստ այդմ, նրան թույլատրվել է «կառավարել Պարսկաստանից դուրս բերված 300 ընտանիքների»:

Ադրբեջանական քարոզչությունը չի դադարում պնդել, որ Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը Երեւանի եւ Ղարաբաղի խանության տարածքներում իրականացրել է հայ բնակչության զանգվածային ներգաղթ, որով փոխվել է այդ տարածքների ժողովրդագրական պատկերը: Մեհթի Գուլի խանի եւ Պասկեւիչի միջեւ վերոնշյալ համաձայնությունը վկայում է, որ, ընդհակառակը, Ռուսաստանը նպաստել է, որպեսզի Ղարաբաղի խանության տարածքում մեծանա թուրք-ադրբեջանական էթնիկ տարրի ներկայությունը:

Խոսքը 300 ընտանիք կամ ժամանակի տերմինաբանությամբ ասած՝ «օբայի» Պարսկաստանից Շուշի տեղափոխելու մասին է: Եթե ընդունենք, որ «օբա» հասկացության տակ նկատի է առնվում տոհմ-գերդաստան, ապա պարզ կդառնա, որ Մեհթի Գուլին Պարսկաստանից Շուշի է տեղափոխել մի քանի հազար թուրք-ադրբեջանցիների, որոնց ցարական կառավարությունն ապահովել է բնակության համար անհրաժեշտ պայմաններով:

Ընդսմին, նշված հրապարակման մեջ խոսք է գնում ցարական բանակի հայազգի գեներալ Մադաթովի մասին, որը ծագումով լինելով Արցախից, Մեհթի Գուլի խանի հետ լուրջ հակասություններ է ունեցել նախկին խանության տարածքում սեփականության իրավունքի հարցերում: Մադաթովը, որքան հասկացվում է, ռուսական հրամանատարության առջեւ ձգտել է պաշտպանել բնիկ հայ ազնվականության սեփականության իրավունքները, բայց ցարական իշխանությունները նախապատվությունը տվել են Մեհթի Գուլի խանին եւ նրա մերձավորներին:

Ահա այդ մի քանի հազար թուրք-ադրբեջանցիներն էլ փոխել են Արցախի ժողովրդագրական պատկերը: Եւ նրանց հետնորդներն այսօր Բաքվի կողմից ներկայացվում են որպես Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնք»՝ դրանից բխող քաղաքական նպատակադրվածությամբ հանդերձ: Ադրբեջանական պատմագրությունն, ինչպես տեսնում ենք, ինքն է բացահայտում սեփական «հայեցակարգի» խոցելիությունը: