Ընդդիմություն կոչվող ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինքնաոչնչանում են

Ընդդիմություն կոչվող ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինքնաոչնչանում են

«Լուսավոր Հայաստան»- «Բարգավաճ Հայաստան» սկանդալն իր բացահայտումներով՝ կոմպրոմատներով, մեղադրանքներով ու սպառնալիքներով աննախադեպ է այն առումով, որ այն ոչ թե նախընտրական, այլ հետընտրական շրջանում է։ Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ մի կաթիլ մեղրի նմանությամբ այս միջկուսակցական կռվի պատճառը նախընտրական շրջանում Հ1-ի եթերում քաղաքական ուժերի 1-ին դեմքերի դեբատն չէ, ինչպես պնդում է Մարուքյանի կողմը, այլ շատ ավելի խորքային։

«Եթե այս երկու քաղաքական ուժը հիմնական մրցակիցներն էին ու պայքարում էին 2-րդ քաղաքան ուժի անցողիկ տեղերի համար և, ինչպես հիմա է պարզվում, ունեին միմյանց վրա այդքան կոմպրոմատ, ինչու՞, այդ դեպքում, այդ ամենը չօգտագործվեց նախընտրական շրջանում, այլ՝ հիմա, երբ այդ ամենը որևէ էական նշանակություն չունի արդյունքի վրա։ Եթե այն բոլոր կոմպրոմատները, որոնք հնչում են հետընտրական շրջանում, օգտագործվեին այն ժամանակ, կարող էին էապես ազդել ընտրողների տրամադրությունների վրա՝ հաշվի առնելով, որ այս անգամ ընտրությունները մաքուր էին»,-հարցնում է Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ վերջին 4 օրերին ամբողջ «ֆեյսբուք» սոցիալական ցանցն ուղղակի ապրում է այս կռվով, որի գագաթնակետը Էդմոն Մարուքյանի կիրակնօրյա ֆեսբուքյան ասուլիսն էր, որի ժամանակ ԼՀԿ ղեկավարն իր վանաձորյան բարբառով, բայց՝ բավականին սպառնալից խոստացավ «մաշել» Ծառուկյանի կուսակցությունը։ Մարուքյանը ԲՀԿ ղեկավարին մեղադրեց տարբեր ժամանակներում տարբեր մեղքերի մեջ․ իր պատգամավորներին պատվերով ստատուսներ գրել տալու,արաբ շեյխերի անունից խոստացված 15 միլարդ ներդրումները չանելու և ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության օրը ԱԺ-ից թռնելու և կամ կողմ քվեարկելու, Հոկտեմբերի 2-ի «պուտչի» և շատ այլ բաների մեջ։

Նաև, ըստ էության, առաջարկեց գնալ ՀՔԾ ու Մարտի 1-ով ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։ Դե, իսկ ԲՀԿ-ական պատգամավորները, հիմնականում, Տիգրան Ուրիխանյան, Գևորգ Պետրոսյան կազմով, հայտարարում էին, որ հեղափոխության օրերին Մարուքյանը պադվալներից դուրս չէր գալիս՝ հանդիպելով հանրապետականների հետ, իսկ շարքային ԼՀԿ-ականներին էլ, մասնավորապես, Գևորգ Գորգիսյանին կոչեցին լուսավորյալ մանրադրամ, թաշկինակով իր քիթն էր փակել, երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառում էին ազատության ջահը։ Այս ամենի հանրագումարում՝ Ուրիխանյանը եզրակացրել էր, որ սույն երիտասարդը թաշկինակով փակել էր իր լուսավոր քիթը, որովհետեւ հեղափոխության շնչից ալերգիա ունի։

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ մեծ հաշվով, այս ամենի մասին մամուլը գրել է, ուղղակի հիմա ավելի կոնկրետ են խոսում՝ տարեթվերով ու անուններով։ Քաղտեխնոլոգը համոզված է, որ այս ամենից 2 քաղաքական ուժն էլ կորցնելու են։ Նա չի բացառում, որ դրան կարող է խառնված լինել երրորդ կողմ՝ «Իմ քայլը», որպեսզի այս 2 ուժն էլ ինքնաոչնչանան։

«Բաժանիր, որ տիրես» կամ այլ նկատառումներով։ «Առանց այդ էլ այս 2 ուժերի նկատմամբ բավականին լուրջ թերահավատություն կա, և շատերը բողոքում են, որ խորհրդարանում ռեալ ընդդիմություն չկա, և այս պարագայում և ընտրություններից հետո իրենք պայքարում են իրար դեմ՝ առաջին ընդդիմություն լինելու համար, ոչ թե, «Իմ քայլի»»,-արձանագրում է քաղտեխնոլոգը։

Սա, անհասկանալի է, հաշվի առնելով, որ համապատասխանաբար՝ 26 և 18 մանդատ կուսակցությունները ստացել են 70 տոկոս ձայն ունեցող քաղաքական ուժին ընդդիմություն լինելու համար։