Ազատվեցին նախկին աշխատակիցներից

Ազատվեցին նախկին աշխատակիցներից

Մարտի 1-ին եւ 5-ին Հրազդանի համայնքապետարանում  տեղի է ունենում  մրցույթ՝  առաջատար, առաջին և երկրորդ ենթախմբերի թափուր պաշտոները զբաղեցնելու համար: Մրցույթի մասին հայտարարությունը բացի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, այլ տեղ չգտանք, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանից ասացին՝ մրցույթի մասին որոշումը հունվարի 30-ին ուղարկել են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքին:  
«Հրապարակը» նամակ է ստացել Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցած մրցույթի մասին: Ըստ մասնակիցների՝ համայնքապետարանում տեղի է ունեցել բեմականցված եւ ձեւական մրցույթ:  

 «Ես մասնակցել եմ մարտի 5-ի մրցույթին, կրթության և մշակույթի բաժնի համար, այդ օրը մրցույթին մասնակցում էին 35 հոգի, մեծամասնությունը հենց կրթության և մշակույթի բաժնի համար, քանի որ եղել են այլ բաժինների թափուր հաստիքների համար դիմած մարդիկ, սակայն աշխատակազմի քարտուղարը բոլորին ուղղորդել է կրթության բաժնի վրա:

Աբսուրդ էր հանձնաժողովի իմիջիայլոց ու ձևական ներկայությունը, եթե ամեն ինչ որոշված էր վաղուց, երբ դեռ մրցույթի օրը հայտարարված էլ չէր։  Ոչ մի մասնակցի բանավոր փուլին հավաքած բալերը չեն ներկայացվել, ուղղակի նշվել ա, ով` փուլը հաղթահարել: Արդյունքում մրցույթում «հաղթող» ճանաչվեցին նրանք, որոնց հաղթանակներն ուղղակի ծիծաղելու էին։  Համայնքապետարանի ժամանակավոր աշխատակիցները տվել են ավելի լավ պատասխաններ, քան իրենց կողմից հաղթող ճանաչվածները: Ասեմ, որ «հաղթողները» նախօրոք ունեցել են բանավոր փուլի հարցերը և արդեն սովորած, պատրաստ ներկայացել են մրցույթին, այն դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակատարները թեստային փուլից հավաքել են 100℅, իսկ բանավորի հարցերից անտեղյակ են եղել, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հարցի տվել են խելացի և բովանդակալից պատասխան, ինչն էլ, բնականաբար, դուր չեկավ  հանձնաժողովին։  

Նրանք ընտրվեցին, քանի որ մեկը մյուսի ծանոթ-բարեկամն էր: Բոլոր հաղթողները իրար ճանաչում էին և ողջագուրվում, կամ եթե հաղթողները բարեկամ չէին, ապա նրանք էին, ովքեր զուտ իրենց կոչած «թավշյա հեղափոխության»  ընթացքում քայլել են, զվարճացել, ժամանակ անցկացրել, փողոցները չափչփել։ Ցավում եմ իմ քաղաքի համար. հուսով եմ, որ մի օր իմ քաղաքը կարթնանա և կզղջա իր ընտրած քաղաքապետին` իր անգրագիտությամբ և լկտի մասսայով քաղաքի աշխատանքները իրականացնելու, քաղաքը կառավարելու հարցը վստահելու համար»,-ասաց զրուցակիցս, ապա հավելեց, որ դեռ  սեպտեմբեր ամսին  աշխատանքից հեռացման դիմումներ պահանջելու ժամանակ միայն կրթության բաժնի աշխատակիցները չենթարկվեցին,  դիմումներ չգրեցին,  եւ դա էր պատճառը,   այս կերպ   ազատվել այդ բաժնի աշխատակիցներից: 
Հրազդանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը հայտարարվել էր մարտի 1-ին, իսկ մարտի 5-ին կրկնակի մրցույթ է տեղի ունեցել.  «Կառավարության որոշում կա, որ մրցույթային հանձնաժողովի  անհնարինության պատճառով մարտի 1-ի մրցույթը անցկացվել է մինչեւ ժամը 2-ը:  Հանձնաժողովի նիստ են արել,   արձանագրություն են կազմել, որ կրկնակի մրցույթ անցկացնեն: Այդ մրցույթի հայտարարությունը եւս կա համայնքապետարանի  պաշտոնական կայքում: Մշակույթի բաժնում 5 հոգի գնացել են, 5-ը՝ նոր աշխատակիցներ են եկել, որոնցից 1-ը նախկինում աշխատել էր այդ բաժնում: Վերանշանակվել է միայն  Արմեն Այվազյանը»,-ասաց Մայիս Պողոսյանը: 

Ըստ մեր տեղեկությունների՝ մրցույթ հաղթողների մեջ կային աշխատակիցներ,  ովքեր  նախկին քաղաքապետի օրոք ազատվել էին աշխատանքից: Մենք գրել էինք, որ  թավշյա հեղափոխությունից հետո Հրազդանի քաղաքապետարանում իրավիճակ փոխվեց: Նոր ղեկավարությունը ազատվում է նախկին քաղաքապետի կադրերից, ցանկանալով ձեւավորել իր թիմը:  Նախորդ իշխանություններից ժառանգած թիմը ձեւավորելը չփոխվեց՝ առաջ Դանիելյանի թիմն էր, հիմա էլ՝ Միքայելյանի: