Օտարների մեջ՝ յուրային, յուրայինների մեջ՝ օտար

Երբ 2018թ. հունվարի 16-ին, մի քանի ամսից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնել պատրաստվող Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուի՝ իր ընտրության չափանիշները՝ մարդ, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում», ով «պետք է լայն կապեր ունենա թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել», այդ ժամանակ Հայաստանում ոչ ոք չմտածեց, թե այդ մարդը Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում երկարամյա ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, նա, ում երկու օր առաջ նոր Հայաստանի իշխանությունները ցուցադրաբար անտեսեցին՝ Ղարաբաղում ՀՀ Անվտանգության խորհրդի արտագնա նիստի մեկնելիս:
Արմեն Սարգսյանին ՀՀ իշխանությունները, որպես կանոն, հիշել են այն ժամանակ, երբ ներհայաստանյան կյանքում կա՛մ հասարակական-քաղաքական ճգնաժամ է եղել, կա՛մ՝ դրա նախադրյալները:
1996թ. նոյեմբերին, ՀՀ նախագահի աղմկահարույց ընտրությունններից մեկ ամիս անց, Լեւոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին հրավիրեց Հայաստան՝ զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Նրա անունը չէր կապվում հայաստանյան քաղաքական կոշտ բարքերի կրողների հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանին հավանաբար թվում էր, թե մի կողմից՝ արեւմտյան քաղաքական վարքաբանությունը կրող Արմեն Սարգսյանի ներկայությունը փոխզիջման առաջարկ էր Հայաստանի հանրությանն ու ընդդիմությանը, որով կարելի էր լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանի միջոցով կարելի էր հավասարակշռել նաեւ Վազգեն Սարգսյանի մեծացող քաղաքական ազդեցությունը:
Արմեն Սարգսյանը Հայաստան էր վերադարձել եվրոպական տարբեր երկրներում իր դիվանագիտական գործունեությունն ընդհատելով, արեւմտյան հայտնի քաղաքական գործիչների, տնտեսական կառույցների հետ իր կապերով եւ հայկական միջավայրի անտեղյակությամբ: Հայաստանում, ուր արեւմտյան քաղաքակրթությունն ու քաղաքականությունը մշտապես ձախողվում են՝ բախվելով հայկական միջավայրի արատավոր առանձնահատկություններին, Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ձախողվեր, կա՛մ՝ հեռանար: Պաշտոնավարումից չորս ամիս անց ՀՀ 5-րդ վարչապետ Արմեն Սարգսյանն անսպասելիորեն մեկնեց Հայաստանից: Նրա մեկնման պաշտոնական բացատրությունն առողջական խնդիրն էր, թեպետ ներհայաստանյան առասպելաբանության համաձայն՝ պատճառը Վազգեն Սարգսյան-Արմեն Սարգսյան բախումն էր: 1997թ. փետրվարի 28-ին Արմեն Սարգսյանը հեռացավ՝ իր ետեւից թողնելով կասկածներ եւ հարցականներ, անորոշություն եւ անհստակություն:
Արմեն Սարգսյանին Հայաստանում հիշեցին 2013թ., երբ Մեծ Բրիտանիայի եւ Մ. Թագավորության արքայազն Չարլզը նրա հրավերով մասնավոր այց կատարեց Հայաստան: Առաջին անգամ բրիտանացի թագաժառանգին հյուրընկալող Հայաստանում այդ այցը զարմանք առաջացրեց, սակայն արքայազն Չարլզը ռուսական ցարը չէր, որին պատրաստ էին երկրպագել շատերը, եւ Հայաստանում կարճ ժամանակ անց մոռացան թե՛ այդ այցի, թե՛ այն կազմակերպող Արմեն Սարգսյանի մասին:
Եվ երբ 2018թ. Սերժ Սարգսյանը հերթական անգամ պատրաստվում էր բռնազավթել իշխանությունը՝ մի քանի ամիս անց գրավելու այս անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը, Ազգային ժողովի կողմից ընտրվելիք, սահմանադրական նեղ իրավասություններով, քաղաքականապես գրեթե արժեզրկված ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջադրելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ՀՀԿ վերնախավի մոտ թեպետ մարդկային եւ քաղաքական խանդ առաջացավ, սակայն Սերժ Սարգսյանին առարկել ոչ ոք չհամարձակվեց: Սերժ Սարգսյանի ընտրությունն իրականում անսպասելի էր, մանավանդ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը միշտ երկյուղել է նրանցից, ովքեր հարուստ են, լայն եւ ազդեցիկ կապեր ունեն ներսում եւ դրսում եւ անառարկելիորեն ինտելեկտուալ են: Նման մարդիկ գործուն վտանգ էին Ս. Սարգսյանի միահեծան իշխանության համար: Այնպիսի տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանին ստիպել են կանգ առնել երկարամյա դիվանագետի թեկնածության վրա:
Սակայն Սերժ Սարգսյանը հանգամանքների գործիչ էր եւ ոչ թե սկզբունքների, եւ Արմեն Սարգսյանի թեկնածության վտանգի հանգամանքը նա արագորեն կարող էր չեզոքացնել՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ներքաղաքական հնարավոր ալեկոծումները հանդարտեցնելու համար առաջ մղելով Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանին, որի երկքաղաքացիության խնդիրը հասարակական-քաղաքական դաշտ էր նետվում ոչ առանց իշխանության մասնակցության՝ դրանով իսկ փորձելով կանխել նրա հետագա քաղաքական դերակատարման փորձերը:
Կարճ ժամանակ անց, երբ քաղաքական ալեկոծումները հեղեղեցին Երեւանի փողոցները, Արմեն Սարգսյանին չհաջողվեց կանգնել ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ հեռացող իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանի միջեւ: Քաղաքական փոթորկուն ժամանակներում ոչ ոք կայունության կղզյակ չէր փնտրում, եւ Արմեն Սարգսյանը եւս չէր կարող դառնալ հանդարտության այդ կղզյակը:
Արմեն Սարգսյանի կերպարի ողջ դրամատիզմը եւ լրջությունը միշտ ի հայտ են եկել Հայաստանի համար բարդ ժամանակներում, քանի որ նա միշտ Հայաստան է վերադարձել երկրի համար դրամատիկ ժամանակներում: Նա միշտ եղել է Հայաստանի քաղաքական իշխանության եւ համակարգի մեջ, սակայն երբեք չի դարձել իշխանության եւ համակարգի մասը, ավելին՝ հենց համակարգն է դուրս մղել նրան, համակարգն է կանխել նրա քաղաքական դերակատարման յուրաքանչյուր փորձ: Արմեն Սարգսյանը եղել է իշխանության եւ համակարգի մեջ, բայց միշտ ընկալվել է որպես վտանգ այդ իշխանության եւ համակարգի համար: Նա միշտ եղել է յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային:
Եվ այժմ, հետհեղափոխական Հայաստանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դարձյալ վերածվել է գործող իշխանության եւ չձեւավորված քաղաքական համակարգի համար լուրջ վտանգի: Առանց որեւէ քաղաքական հայտարարության՝ նա ընկալվում է որպես քաղաքական ամենալուրջ գործոն, ինչն էլ երկյուղի է մատնել հեղափոխական իշխանություններին: Այդ վտանգը մեծանում է նաեւ այն պատճառով, որ մանկապատանեկան կառավարության եւ խորհրդարանի առկայության պայմաններում, կառավարման այս համատարած անլրջության մեջ նրա կերպարն ընկալվում է որպես միակ իրական եւ գործուն հակակշիռ երիտասարդ իշխանությանը, հատկապես այն շրջանակների համար, ովքեր մերժել եւ մերժում են Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին եւ երկյուղում են Հայաստանի պետականության համար:
Սակայն այդ վտանգը Արմեն Սարգսյանի կերպարն է, այլ ոչ թե հենց Արմեն Սարգսյանը, որը չի փորձում դուրս գալ այդ կերպարից, երեւութական քաղաքականությունից մտնել իրական քաղաքականություն, որը Հայաստանում պարտադրում է անհանգիստ քաղաքական միջավայր եւ կոշտ պայքար:
Արմեն Սարգսյանը կա՛մ հեռանում է, կա՛մ՝ հապաղում: Արեւմտյան քաղաքական հանդարտությունը հայկական կոշտ միջավայրում պարտվում է, ինչպես Արեւմուտքն է միշտ պարտվում Հայաստանում:
Իշխանության պահպանման բնույթը Հայաստանում երբեք չի փոխվել. այդ իշխանությունը դուրս է մղում բոլոր նրանց, ումից վտանգ է զգում: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Արմեն Սարգսյանը քաջածանոթ է միջազգային հարաբերություններին, համաշխարհային քաղաքական դերակատարներին, սակայն անծանոթ է հայկական միջավայրի առանձնահատկություններին: Հայաստանում իշխանության համար կարող ես անգամ հայտ չներկայացնել, սակայն իշխանությունն իր մշտարթուն բնազդով միշտ զատորոշում է նրանց, ովքեր կարող են հայտ ներկայացնել արդեն վաղը:
Երկու օր առաջ Ղարաբաղ մեկնելիս ցուցադրաբար անտեսելով Արմեն Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրա մեջ իշխանության հայտն է իրականում տեսել: Ըստ այդմ, առաջիկայում Արմեն Սարգսյանին կա՛մ կստիպեն հեռանալ անգլիական ձեւով, կա՛մ նա ստիպված կլինի դառնալ իշխանության իրական տերը Հայաստանում:
Կարծիքներ