Վերջ տվեք, հա՞

Վերջ տվեք, հա՞

«Հրապարակի» արցախյան աղբյուրն այսպիսի դիտարկում է արել. «Նկատե՞լ եք` վերջին հայտարարություններից հետո ինչ աշխուժություն-ոգեւորություն է տիրում Ադրբեջանում, նրանց լրատվամիջոցներում… նախկինում էլ ադրբեջանցիք հոխորտում էին, բայց նաեւ վախ կար մեջները, հիմա ոգեւորված են»: Մոտ երեսուն տարի է` ամենօրյա ռեժիմով դիտարկում եմ ադրբեջանական մամուլը: Եվ առանձնակի տարբերություն չեմ տեսնում` ինչ ասում էին նախկինում, նույնն էլ այսօր են գրում: Շեշտադրումների փոփոխություն չկա: Ադրբեջանը վերցրել է քարոզչական մի ուղղություն, որին անշեղորեն հետեւում է: Անկախ նրանից, թե Հայաստանում եւ Արցախում ով է իշխանություն, ով` ընդդիմություն:

Եվ հիմնավորապես սխալ է ասել, թե նախկինում Ադրբեջանը վախեցած էր, այսօր` ոգեւորված: «Վախեցած» Ադրբեջանը զորավարժություններին վարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռ չէր խոցի: Դիվերսիոն ներթափանցումներ չէր իրականացնի: Վերջապես` ապրիլյան պատերազմ չէր սանձազերծի: «Վախեցած» Ադրբեջանը Կազանի փաստաթուղթը, որով հայկական կողմը պարտավորվում էր վերադարձնել Արցախի շուրջ յոթ շրջանները, չէր տապալի:

Հանգիստ կստորագրեր, կստանար «իր» Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Կուբաթլուն, Քելբաջարը եւ Լաչինի գերակշիռ մասը, կընդուներ ԼՂ միջանկյալ կարգավիճակը եւ կգնար Հայաստանի ապաշրջափակմանը, տնտեսական կապերի վերականգնմանը` ապագային թողնելով Արցախի վերջնական կարգավիճակը հարցը: Ինչպես որ հայկական կողմն էր համաձայնել` Ռուսաստանի առաջարկով: «Վախեցած» Ադրբեջանը չէր սպառնա, որ եթե նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը լինի Երեւանից Ստեփանակերտ թռչող ինքնաթիռի ուղեւոր, միեւնույն է, այն կխոցվի: Եվ հայկական կողմը չէր ենթարկվի այդ սպառնալիքին` անգործության մատնելով մի քանի տասնյակ միլիոն դոլարով կառուցված Ստեփանակերտի օդանավակայանը: Կարելի է ենթադրություններ եւ եզրակացություններ անել` ով եւ ինչ նպատակով է շրջանառության մեջ դնում «վախեցած» եւ «ոգեւորված» Ադրբեջանի թեմայով քարոզչությունը: Քաջության խնդիր է` կանգնել, հրապարակային քննադատե՞լ Նիկոլ Փաշինյանին, թե՞ այդ կարգի ենթատեքստային ակնարկներ անել: Ավելի լավ է հիշել ապրիլյան պատերազմի օրերի դատարկված Ստեփանակերտը:

Դեպի Երեւան, այնտեղից էլ` Բագրատաշենի անցակետ ձգված շարասյուները: Եվ Թալիշ-Մատաղիս գծի վրա մեկ օրում զոհված տասնյակ պատանիներին: Անցյալը դա է, որ միշտ հիշեցնելու է իր մասին: Ներկան շփման գծում անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր տիրող հարաբերական կայունությունն է: Իսկ որպեսզի վաղն առաջին ռումբը «ղարաբաղցու գլխին» չընկնի` ինչպես արցախյան աղբյուրն է փորձել ուրվագծել գալիքը, այսօր պետք է վերջ տալ քսություններին: Այլապես կայուն տպավորություն է ստեղծվում, թե «դավադիր պատերազմի» հավանականության մասին վարչապետ Փաշինյանի ասածը ստույգ կռահում է: