Անարդարությունների շղթան սկսվում է քննիչներից, փորձագետներից

Անարդարությունների շղթան սկսվում է քննիչներից, փորձագետներից

Օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ փոխարինելը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շենքերի առջեւ անցկացվող բողոքի ակցիան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց որպես բողոքի ակցիա ոչ թե դատարանի, այլ երեւույթի դեմ,  իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իրավիճակը ներկայացրեց որպես հիշեցում, որ իշխանությունը ժողովրդինն է: Այնուհետեւ խնդրահարույց հարց դարձավ «Առավոտի» լրագրողի կատարած ձայնագրությունը, որտեղ «Իմ քայլը» խմբակցության 21.05.2019թ. փակ նիստում խոսում էին ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն ցրելու մասին: 

«Իմ քայլի» գործողություններից կարելի է ենթադրել, որ պատգամավորներն անարդարության խնդիր միայն դատավորների գործողություններում են տեսնում, իսկ ոստիկանությունում հարուցված քրեական գործերի ու քննիչների կողմից կատարվող անարդարությունների մասին, որոնց հետեւանքով գործերը շատ հաճախ ոչ համապատասխան հոդվածներով գնում են դատարան կամ էլ  կարճվում, խոսք չկա, թեեւ փաստացի երկու համակարգի՝ ոստիկանության ու քննչական մարմինների աշխատանքի բեռն ընկնում է դատավորի ուսերին եւ պատճառ դառնում, որ ոչ արդար, այդ կարված «գործին» համապատասխան որոշում կայացվի: Խնդիրը ոչ թե Ռ. Քոչարյանի գործի, այլ մեր երկրի իրավապահ համակարգում առկա անարդարությունների մեջ է, ինչպես Մակունցը բողոքի ակցիան անվանեց ոչ թե դատարանի, այլ ընդհանուր երեւույթի դեմ: 

Անկախ իրավապահ համակարգ ունենալու համար անհրաժեշտ է փոփոխությունների իրականացումն սկսել ոչ թե վերջից, այլ սկզբից՝ ոստիկանից, փորձագետից, քննիչից... քանզի նշված աշխատակիցների թերի եւ ուղղորդված աշխատանքը հանգեցնում է, բնականաբար, ոչ արդար դատավճիռների: Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, առողջապահության նախարարության (որը նշանակում է բժիշկ-փորձագետի) եւ կառույցների ղեկավարները նշանակվել են հեղափոխությունից հետո, ՀՀ վարչապետի հրամանով, եւ կարծես այս ոլորտներում չպետք է իրականացվեր թերի աշխատանք, բայց արի ու տես՝ անկախ հեղափոխությունից եւ ղեկավարների փոփոխությունից, տվյալ մարմիններում շարունակվում է տարբեր շահերի սպասարկման գործոնը: Արդար դատաքննության իրավունքը շարունակվում է ոտնահարվել անգրագետ ոստիկանի, ուղղորդված քննիչի, պատվեր կատարող դատական բժիշկ-փորձագետի, կաշառակեր դատավորի կողմից:

Օրինակ, 08.01.2019թ. ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետի տեղակալ Արամայիս Բաբայանի մոտ 2,5 ժամ տեւած հարցաքննության ընթացքում ամեն 10 րոպեն մեկ մտնում է մեկ այլ ոստիկան եւ իբր հանցագործության մասին հաղորդում ներկայացնում պետի տեղակալին, եւ դա այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել հարցաքննությունը: Իսկ իրականում ոստիկանի հաճախակի մուտքն ու ելքը ցուցմունք տալու ընթացքում նպատակ է հետապնդում ցուցմունք տվողին շփոթեցնել:

23.01.2019թ. Կոտայքի մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Կարապետյանը հրաժարվում է տուժող ճանաչելու մասին որոշումը տրամադրել տուժածին եւ թույլատրում միայն լուսանկարել այն:

05.03.2019թ. Ավան եւ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Տարոն Սարգսյանը կասկածյալ ներգրավելիս ոտնահարում է կասկածյալի՝ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված իրավունքը՝ դատական բժիշկ-փորձագետի եզրակացությանը ծանոթացնելու, եւ շարունակաբար անտեսելով կասկածյալի խնդրանքը՝ տրամադրում է այն մեկ շաբաթ անց, երբ արդեն ներգրավում է որպես մեղադրյալ:

ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի դատական բժիշկ-փորձագետն անհիմն եզրակացություն է տրամադրում, որի վերաբերյալ հրապարակում կարվի նախաքննության ավարտից հետո:

22.05.2019թ. Ավան եւ Նոր Նորքի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Լեւոն Քաջազնունին իր կազմակերպած առերեսման ժամանակ կողմերի հնչեցրած խնդրանքին՝ իրավիճակն արձանագրելու, պատասխանում է․ «Ես ձեր պ․․․ը չեմ, որ ինչ ասեք, արձանագրեմ», այն դեպքում, երբ ինքը առերեսումը կազմակերպել է հենց արձանագրելու համար: 

Ոստիկանության Աբովյանի բաժինը նամակ է ուղարկում տուժողին հետին ամսաթվով, իբր 11.01.2019թ. գրված նամակը փոստով ուղարկվում է 13.02.2019թ., ի դեպ, այստեղ ոչ թե մեկ, այլ երկու իրավախախտում կա․ առաջինը, որ նամակը գրված է հետին ամսաթվով, երկրորդ՝ նամակի ստորագրությունը կեղծված է, քանի որ 29.01.2019թ. Վ. Օսիպյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Հ. Մարտիրոսյանը, սակայն փետրվարի 13-ին ուղարկվող նամակը Հ. Մարտիրոսյանի ստորագրությամբ էր, այսինքն՝ հետին թվով է գրվել, եւ, հետեւաբար, կեղծվել նախկին ոստիկանապետի ստորագրությունը:

Վստահ եմ՝ այս ցանկն անհամար կլիներ, եթե ոչ թե մեկ, այլ տասնյակ քրեական գործեր ուսումնասիրվեին: Եվ այս ամենը կատարվում է հեղափոխությունից մեկ տարի անց, կատարվում է հեղափոխական գործիչների՝ նորընտիր ղեկավարների կողմից պաշտոնավարվող կառույցներում: Չէ՞ որ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նշանակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեղափոխությունից հետո, իսկ ժողովուրդը հեղափոխություն է արել արդարության հասնելու, ոչ թե արդարության հույսը կորցնելու համար:

 Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ