Ջրառատում 100 հոգի ընտրել է ՀՀԿ-ին

Ջրառատում 100 հոգի ընտրել է ՀՀԿ-ին

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում իրավիճակ չի փոխվել: Աղմկահարույց մի շարք դրվագներով հայտնի գյուղում, որտեղ նախորդ իշխանությունների օրոք գործում էր մահակի օրենքը, ու օրը ցերեկով մարդկանց վրա էին կրակում, ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին 100 ձայն էր հավաքել: 

Չնայած 15-ն անվավեր էր ճանաչվել, այդուհանդերձ, հակասական տրամադրություններով հայտնի փոքր գյուղում գտնվել էին 100 հոգի, որոնք վստահության քվե էին տվել Հանրապետականին:
Նկատենք, որ 85 վավեր քվեաթերթիկներից 83-ում ջրառատցիները ռեյտինգային ընտրակարգով նախապատվությունը տվել էին Արմավիրի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանին, իսկ 2-ը՝ էքսմարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Միամիտ կլինի կարծել, թե մարզի նախկին ղեկավարների օգտին քվեարկածներն իրենց երախտագիտությունն են հայտնել գյուղը շենացնելու եւ գյուղացիների կյանքը վարդագույն դարձնելու համար: Հազար ու մի խնդիրների տակ կքած ջրառատցին, որի կյանքը Սովետմիությունից հետո առաջ չի շարժվում, հազիվ թե ինքնակամ գնար ու ձայն տար այն ղեկավարներին, որոնց պաշտոնավարման տարիները զրո արդյունավետություն են ունեցել: Դժվար թե քվեարկեր մի իշխանության օգտին, որի ստեղծած վախի ու անպատժելիության մթնոլորտում իրենք ծառա էին, տերերը՝ ամենազոր: 

Ավելին՝ պնդել, թե այդ 100 հոգին ՀՀԿ գաղափարախոսությամբ տարված ու այդ կուսակցության անունով երդում ուտողներն են, սխալված կլինենք: Իրականությունն այն է, որ Ջրառատում ապրում եւ դեռ մահակի իշխանություն է բանեցնում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Այստեղ նա դեռ ասող է, ճիշտ է՝ ոչ նախկին լիազորություններով, բայց դա չի խանգարում, որ գործի դնի երբեմնի հեղինակությունն ու սեփական կամքը պարտադրի գյուղացիներին: 

Շատերը դեռ նրա ստեղծած վախի տիրույթում են, նրա հլու-հնազանդ գերիները: Երանոսյանի եւ նրա գյուղապետ զարմիկի գործուն աջակցությամբ էլ 100 հոգի ընտրել է ՀՀԿ-ին: Ջրառատցիների փոխանցմամբ՝ համագյուղացիներից շատերն ընտրական տեղամաս են գնացել քեռի-եգանների մեքենաներով: Չբացառեցին նաեւ նախկին փոխմարզպետ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Մովսես Քարտաշյանի գործոնը, որը սերտ կապեր ունի գյուղի հետ, եւ նա նույնպես կարող էր օրենքով արգելված ծառայություններ մատուցել ընտրողներին: