Վարչապետի զայրույթն ընդդեմ Ավինյանի՞, թե՞ հօգուտ Բրուտյանի

Վարչապետի զայրույթն ընդդեմ Ավինյանի՞, թե՞ հօգուտ Բրուտյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ բավականին նյարդային էր ու լարված։ Դրա վկայությունն այն էր, որ նա «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ դուրս եկավ ափերից ու սկսեց իրեն հատուկ ոճով մատ թափ տալ կառավարության անդամների վրա։ Թեպետ նրա թափ տված մատի վեկտորը կոնկրետ որեւէ մեկի կողմն ուղղված չէր, բայց դա եղավ նրա թիմակից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկումներից ու պնդումներից հետո եւ ենթատեքստում հենց նրան էլ ուղղված էր։ Դատելով Փաշինյանի խոսքից՝ նա Ավինյանին, գուցե նաեւ այլոց, հասկացնում էր՝ «խելոք նստեք տեղներդ, ավելորդ ոտի տակ մի ընկեք եւ արեք այն, ինչ ասում եմ»։

Իսկ ո՞րն էր քննարկման ու բանավեճի բուն թեման։ Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում էր ֆիննախին ենթակա վերոնշյալ ԾԻԳ-ը, որը հսկայական գործառույթ է իրականացնում, լուծարել եւ փոխարենը վարչություն բացել։ Սա առաջացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի զարմանքն ու մտահոգությունը, որ ՊԵԿ-ում այս հարցը քննարկել են եւ կարծում են, որ լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Նա, զգուշորեն շարադրելով իր առարկությունները, հիշեցրեց, որ այս առնչությամբ այդ ԾԻԳ-ը ֆինանսավորող Համաշխարհային բանկը նոյեմբերի 7-ին նամակ է հղել ֆինանսների նախարարի եւ կառավարության մյուս պաշտոնյաների անունով՝ իր մտահոգությունները հայտնելով վերոնշյալ հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված։ Ուստի առաջարկեց նորից քննարկել եւ տեսնել՝ արդյոք այս հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված ունե՞նք կոնսենսուսային որոշում, թե՞ ոչ։

Փոխվարչապետ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Տիգրան Ավինյանը, սակայն, ավելի համարձակ գտնվեց ու «դուխով» բարձրաձայնեց Համաշխարհային բանկի հայտնած մտահոգությունների մասին, որ դրանք կապված են այս ծրագրերի էական ձգձգման հետ։ Իսկ այդ ծրագրերը բազմաթիվ են՝ գնումների գործընթացից մինչեւ հարկային բարեփոխումների ծրագիր, որը դեռ չեն ավարտել։
Նշենք, որ բազմիցս է խոսվել տարատեսակ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների գործունեության անարդյունավետության մասին, որ սրանք ընդամենը բարձր աշխատավարձով աշխատող անպտուղ հիմնարկներ են, որոնք զբաղված են միայն ատկատներ անելով ու փող ուտելով։ Այս տրամաբանությունից ելնելով էր նաեւ, որ դեռեւս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք սկսվեց ԾԻԳ-երի, որոշ ՊՈԱԿ-ների լուծարման, օպտիմալացման գործընթաց։

Բայց խոսքը, բնականաբար, բոլոր ԾԻԳ-երին չի վերաբերում, քանզի ԾԻԳ-եր կան, որ իրականում կարեւոր գործառույթ են իրականացնում՝ ծրագրեր, որոնք նախարարություններն իրենց ռեսուրսներով ընդունակ չեն անել։ Եվ հիմա Ատոմ Ջանջուղազյանն ուզում է իրենց ենթակա այս խոշոր ԾԻԳ-ը փակել եւ փոխարենը վարչություն բացել՝ հույսով, որ նույն գործը հնարավոր է սեփական ուժերով անել։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ԾԻԳ-երում ընդգրկված բարձր որակավորում ունեցող եւ լեզուների տիրապետող մասնագետները կհամաձայնե՞ն բարձր աշխատավարձից հետո գնալ եւ կոպեկներով նախարարությունում նույն գործն անել։ Ի դեպ, ԾԻԳ-երում հաշվետվությունները ներկայացնում են անգլերենով․ հարց՝ նախարարություններում կգտնվե՞ն այդքան մասնագետներ, որ անգլերենով կարողանան հաշվետվություն գրել։  

Բայց Նիկոլ Փաշինյանին այս ամենը չի հետաքրքրում։ Նա Ավինյանի ելույթից հետո հիշեցրեց, որ ինքը 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այս թեմային անդրադարձել է եւ տվել է կոնկրետ հանձնարարականներ, ապա մատ թափ տվեց, թե «վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն էս կոնտեքստում չեն կատարել»։ Այնուհետեւ կամաց սկսեց տոնը բարձրացնել․ «Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ԾԻԳ-իզմի, հիմնադրամիզմի եւ ՊՈԱԿ-իզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ի՞նչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, էդ ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախներն էսօր մեր կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք:

Բա ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի։ Հետո ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք։ Ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասն անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա՝ իրանք տենց արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ էս թեմայով կայացվել է քաղաքական որոշում: Եվ էն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող իրենց վեշերը հավաքեն, գնան իրենց գործին։ Շատ հստակ եմ ասում»։

Բայց բանավեճն այսքանով չավարտվեց։ Ավինյանը շարունակեց պնդել, որ հիմնական բովանդակային մտահոգությունը հենց ծրագրերի իրականացման հետ է կապված:
«Նույնիսկ եթե այս տարի իրականացրել ենք նախանշված 10 ծրագրերի 50 տոկոսը, ուզում ենք մինչեւ վերջ հասկանալ՝ այդ կոմունիկացիան Համաշխարհային բանկի հետ իրականացվե՞լ է, եւ արդյոք 2019 թվականին չե՞նք ունենա զրո տոկոս իրականացված ծրագիր: Այսինքն, եթե այդ կենտրոնի հմտությունների գնահատում իրականացվի, ինչքա՞ն կտեւի այդ պրոցեսը, եւ արդյոք մինչեւ վերջ ՀԲ-ի հետ մենք համաձայնեցրե՞լ ենք պրոցեսը»,- իր մտահոգությունը հայտնեց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանն այստեղ որոշեց վերջնականապես սաստել Ավինյանին․ «Ի՞նչ է նշանակում՝ արդյոք ծրագիրն իրականացվե՞լ է: Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, բայց բռնել ու թալանել են ծրագիրը: Եվ լավ է, որ չի իրականացվել, քանի որ դրանով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան: Հերիք ա մեզ ամեն անգամ Համաշխարհային բանկով ու չգիտեմ ինչով բերեք որպես վերջնական փաստարկ: Եվ այս մոտեցումը դադարեցրեք»։

Բայց չի բացառվում, որ այս ԾԻԳ-ի լուծարման հետեւում այլ շահեր են կանգնած կամ մարդիկ, որոնք ուզում են հետո հին մեթոդներով սեփական բիզնես-շահերն առաջ տանել, եւ դա այսօր ներկայացնում են որպես վարչապետի հանձնարարականի կատարում։ Օրինակ՝ նման փորձ ունի ֆինանսների նախարարի տեղակալ, նախկինում ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը։ Տարիներ առաջ նա հիմնադրել էր «Ինտեր լիմենս» ՓԲ ընկերությունը, որը մենաշնորհային սկզբունքներով զբաղվում է պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ։ Եվ նրա հաճախորդները, բնականաբար, պետական հիմնարկներն են։

Այսինքն՝ Բրուտյանը բացել էր մի մասնավոր ընկերություն, որը մոնոպոլ կարգով կատարում էր այն ֆունկցիաները, որը պետք է կատարեին պետական կառույցները, բայց քանի որ չէին կարողանում կատարել, դիմում էին իրեն՝ պետբյուջեից դրա համար վճարելով իր ընկերությանը։ Եվ հիմա, ասում են, ամենայն հավանականությամբ, նորից այս սխեման է գործելու, երբ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը» լուծարվի։ Պետությունը չի կարողանալու վերոնշյալ կենտրոնի բոլոր գործառույթներն իրականացնել, իսկ Բրուտյանը, որ արդեն նման մի «հրաշալի» փորձ ունի, կբացի կամ գուցե արդեն բացել է մի առանձին մասնավոր ընկերություն, որն էլ պետության հաշվին պետությանը ծառայություններ կմատուցի։ Ահա եւ պարզ կոռուպցիոն սխեմա։ Ուրախ կլինենք, եթե սխալված լինենք։ Ուստի հետաքրքիր է, վարչապետի զայրույթն ավելի շատ Ավինյանի՞ դեմ էր, ում ուզում էր ինչ-որ բան հասկացնել, թե՞ հօգուտ Բրուտյանի, որի համար Ջանջուղազյանը որոշել է լուծարել իրենց ենթակա ԾԻԳ-ը։