Ինչ չեն ասել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որ պետք է ասվեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածած հայտարարությունը տակնուվրա է արել հայաստանյան հասարակությանը, վերլուծական-փորձագիտական շրջանակներին, մեդիային։ Շատերը սա համարում են Փաշինյանի ձախողումը, մյուսները ճիշտ հակառակն են ասում։ Սակայն իրականում Մինսկի խումբն ասել է այն, ինչը վաղուց էր հայտնի, եւ, այլ կերպ ասած, պարզապես մեկ անգամ եւս բարձրաձայնել է եղածը։ Իհարկե, քիչ թե շատ հետաքրքրական էր այն, որ համանախագահները լսելու են եւ հաշվի են առնելու հակամարտությունից անմիջականորեն տուժածների տեսակետներն ու մտավախությունները, ինչը կարելի է մեկնաբանել, որ համանախագահները նաեւ հաշվի են առնելու Ստեփանակերտի տեսակետներն ու մտավախությունները՝ որպես անմիջականորեն հակամարտությունից տուժածների, թեեւ մեկնաբանության երկրորդ երեսն էլ այն է, որ համանախագահները հաշվի են առնելու, որպես հակամարտությունից անմիջականորեն տուժած` այսպես ասած, ղարաբաղաբնակ ադրբեջանցիների համայնքի տեսակետներն ու մտավախությունները։
Համանախագահները թերեւս չասացին միայն մի քանի բան․ օրինակ՝ 1․ ե՞րբ է լինելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեն, 2․ ի՞նչ ֆորմատով է այն անցկացվելու, 3․ ինչպե՞ս է ապրելու Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակի պայմաններում, եթե ամեն ինչ տանի դրան։ Իհարկե, կարեւոր հարցերից են նաեւ, թե, ասենք, ովքեր են լինելու խաղաղապահները, որ երկրներից կամ որ դրոշի ներքո են հանդես գալու, ասենք՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի՞, թե՞ խառը։ Սակայն վերը նշված երեք հարցերը կարեւոր են, քանի որ դրանցից շատ բան է կախված։ Ու եթե, ասենք, ժամկետների հարցում կարող է անորոշություն լինել, ապա վերջնական կարգավիճակի հանրաքվեի կամ թե միջանկյալ կարգավիճակում ինչպես ապրելու հարցերի մասին դժվար թե քննարկումներ եղած չլինեն։ Եվ իրոք, ի՞նչ ֆորմատով է անցկացվելու վերջնական կարգավիճակի հանրաքվեն, եթե արդեն մեկ անգամ Ղարաբաղն ինքնորոշման համար հանրաքվե անցկացրել է այն ժամանակվա համար գործող օրենսդրության պահպանմամբ։
Բացի այդ, հաշվի առնելով ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի մասին կետի առկայությունը կարգավորման սկզբունքների եւ տարրերի մեջ, ինչպե՞ս է իրականացվելու նախկին ԼՂԻՄ բնակչության ազգային կազմի, այսպես ասած, վերականգնումը, ԽՍՀՄ ո՞ր թվականի մարդահամարն է հիմք ընդունվելու, որպեսզի, ըստ այդ դրության, վերականգնվի բնակչության էթնիկ կազմը, այլապես, օրինակ, Բաքուն կարող է փախստականի անվան տակ ԼՂ հետ վերադարձնել շատ ավելի մեծ բնակչություն, քան գնացել են ժամանակին։ Կամ՝ եթե պարզվի, որ, օրինակ, ինչ-որ թվականի մարդահամար հիմք են ընդունում, ապա այդ պատկերը, մի քանի տասնամյակի կտրվածքով զուտ բնական աճի ու նվազման հարաբերակցությունը հաշվի առնելիս, ինչպե՞ս են ճշգրիտ արտացոլելու։ Չէ՞ որ սրանք հարցեր են, որոնք ուղիղ կերպով կապ ունեն վերջնական կարգավիճակի հանրաքվեի հետ։ Կամ՝ միջանկյալ կարգավիճակի շնորհումից հետո, եթե նման բան տեղի ունենա, ինչպիսի՞ իշխանություն է լինելու Ղարաբաղում։
Ներկայիս իշխանություննե՞րն են մնալու, նոր իշխանությո՞ւն է ձեւավորվելու, ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա է այդ ամենը լինելու՝ ԼՂՀ գործող Սահմանադրությա՞ն, թե՞ միջանկյալ Սահմանադրություն է ընդունվելու։ Ի վերջո, եթե ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնան, ապա բարձրանալու է հարց, թե ԼՂ իշխանություններում ինչպես են ներկայացված լինելու նրանք, ինչ հարաբերակցությամբ, ինչպես են մասնակցելու միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղի պետական կառավարմանը եւ առհասարակ՝ պետական կյանքին, կամ առհասարակ՝ քաղաքացիության հարցն ինչպե՞ս է կարգավորվելու։
Կամ՝ ինչպե՞ս է իրականացվելու իրավակարգի պահպանությունը, ոստիկանական ծառայություն ովքե՞ր են իրականացնելու եւ այլն։ Սրանք, իհարկե, եղած հարցերի շարքից ընդամենը շատ փոքր մասն են կազմում, որոնց մասին լռում են համանախագահները, սակայն պետք է որ վերջապես խոսեն։ Այլապես ամեն անգամ խոսել Հելսինկյան եզրափակիչ ակտի, արդեն վաղուց հայտնի սկզբունքների ու էլեմենտների մասին՝ մի տեսակ նույնիսկ դառնում է անհետաքրքիր, որքան էլ հետաքրքրաշարժ տոնայնությամբ այն փորձ արվի մատուցել։
Կարծիքներ