Ինչ հարցով են Վենետիկի հանձնաժողովականները եկել Հայաստան

Ինչ հարցով են Վենետիկի հանձնաժողովականները եկել Հայաստան

Այսօր Հայաստան են ժամանել Վենետիկի հանձնաժողովի պատվիրակները։ Որպես կանոն, նրանք Հայաստան են ժամանում իշխանությունների հրավերով։  Մեր տեղեկություններով՝ այցի նպատակը  դատաիրավական բարեփոխումների աղմկահարույց փաթեթն է։ Սա մի փաթեթ է, որտեղ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում։

Փաթեթում կան դրույթներ, որոնք արդեն իսկ աղմուկ են բարձրացրել ոչ իշխանական իրավաբանների շրջանում։
Մասնավորապես, ամենաքննարկվող ու քննադատվող փոփոխություններից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից եւ անդամներից, իշխանությունը ներկայացրել է մի նախագիծ, որը կարելի է անվանել ՍԴ դատավորների հանդեպ «կաշառքի» նախագիծ․«2019 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»․սա նախագծի հոդվածներից մեկն է։

Այս փաթեթում  առկա է նաեւ դատավորների բարեվարքության նախագիծ, որն ըստ էության փոխարինում է իշխանությունների «հորջորջած» վեթթինգին, բայց քանի որ Վենետիկի հանձնաժողովը ամիսներ առաջ կտրուկ արձագանքեց վեթթինգին, ուստի այն փոխարինվեց բարեվարքության կանոններով։ Ինչեւէ, Վենետիկից ժամանած պատվիրակության հետ հանդիպումները որոշիչ են դառնալու այս փոփոխությունների փաթեթի ընդունման տեսանկյունից։ Պատվիրակների հետ կհանդիպեն նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչները։

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում արդեն հյուրընկալել են միջազգային փորձագետներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին։ Նրանց ընդունել են  խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը: 

«Քննարկվեցին Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ»: