Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի բնակչի բաց նամակը

Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի բնակչի բաց նամակը

Բարև ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, երկար մտորելուց հետո եկա այն համոզմունքին, որ ճշմարտությունը միշտ հաղթանակում է իսկ լռելն անիմաստ է : Ես ուզում եմ ձեզ պատմել ԱՀ Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի քառորդ դարյա պատմության մասին որոշ բաներ: Սկսեմ  դեռ 1992 թվականից, երբ գյուղը հետ գրավեցինք ադրբեջանական զորքերից: Ավերված էր գյուղի 85 % - ը, բայց  ունեինք  մի տարածք  «բազզա» անունով, որին համարյա վնաս չէր հասցրել թշնամին, որովհետև այն ականապատված էր: Այդ տարածքում կար  գինու գործարան, որտեղ հնարավոր էր մթերել 4.5 – 5 հազար տոննա խաղող , կար նաև սղոցաշրջանակ, խառատահաստոցներ, տասնյակ տոննաներով պողպատյա ամրաններ, նույնքան և ավելի մետաղյա խողովակներ, թվով մի քանի գյուղտեխնիկա ու մեծ քանակով  գյուղտեխնիկայի պահեստամասեր: Սակայն այդ ամենը պահպանվեց մինչև 1994 թվականը: Սկսվեց գյուղերի կոլխոզ – սովխոզներից անցում կատարվել դեպի սեփականաշնորհում:Գրեթե բոլոր գյուղերում, նույնիսկ մեր հարևան գյուղերում կոլխոզի ունեցվածքը վեր  ածվեց բալերի և բաժանվեց համայնքի բնակիչներին, սակայն մեզ մոտ դա տեղի չունեցավ: Սկզբում << բազզա>>  կոչվող տարածքից վաճառվեցին մետաղյա խողովակներն ու պողպատյա ամրանները, անհետացան սղոցաշրջանակն ու խառատահաստոցները, գինեգործարանի 2500- 3000 տոննա տարողությամբ մետաղյա  տարաները, այնուհետև իրար հետևից սպառվեց ամեն ինչ: Այդ տարիներին կար գյուղապետարան և պահակ վերոնշյալ տարածքում: Բազզայի ծաղկուն տարածքում մնաց միայն մի քանի քանդված շենք ու շինություն:
   

Տարիներ շարունակ մեր համայնքի հաշվետու ժողովներում հնչվող միլիոնավոր գումարները, որոնք վերաբերվում են գյուղի լուսավորությանը, ճանապարհների վերանորոգմանը, աղբյուրների բարեկարգմանը, չեն համապատասխանում իրականությանը,չկան ո՛չ բարեկարգված աղբյուրներ,  ո՛չ վերանորոգված ճանապարհներ և ո՛չ էլ  նորմալ լուսավորություն: Կասկածներ կան նաև գյուղից դուրս աղբավայրի կառուցման ծախսերի վերաբերյալ, աղբավայրը կառուցված է, սակայն աղբը շարունակվում է մնալ գյուղական տարբեր միջավայրերում:
 

Գյուղում  կառուցվել էր Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան, որի վրա ծախսված գումարների հաշվով կասկածներ կան, որ ուռճացված  են:Ներկայումս  հուշարձանը ապամոնտաժվել է և կառուցվել է նորը:Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառուցման աշխատանքներին մասնակցած հայրենիքում և հայրենիքից դուրս գտնվող բոլոր աջակիցներին:
 

Վերջերս վերանորոգվել էր նաև հանդիսությունների սրահը, բայց էլի կասկածներ կան, թե ծախսված գումարն ու բյուջեից դուրս գրվածը որքանով են համապատասխանում իրականությանը: Համայնքում տարիներ շարունակ գործում է մշակույթի տուն , որին հատկացվում է  մեծ գումարներ, կարելի է համարել, որ այդ գումարները ծախսվում  են աննպատակ, որովհետև մինչ այսօր համայնքում   չի կազմակերպվել  ոչ մի մշակութային միջոցառում, կան միայն գեղեցիկ հաշվետվություններ: Համայնքապետարանում կան միայն մինչև կեսօր աշխատող ու լրիվ աշխատանքային օրվա համար վարձատրվող աշխատակիցներ: Աշխատանքային  ժամերին փակված գյուղապետարանի և բուժկետի առջև վխտում են խոզերը, որով անտեսվում է նաև 2018 թ. Մայիսի 21-ի կառավարության որոշումը,  հայտարարությունն էլ կախված է հենց  գյուղապետարանի կողքին:
   

2019 թ. ՏԻՄ ընտրություններին ինքնաառաջադրվել  եմ որպես գյուղապետի թեկնածու  և  նպատակս է եղել ծառայել իմ համագյուղացիներին, բայց ընտրությանը մասնակցած 153 ընտրողներց  հենց գյուղում ապրող և գյուղի հոգսերով մտահոգվողների՝ 62-ի աջակցությունն եմ ստացել  և հենց  նրանց ու ինչո՞ւ չէ նաև մնացած համագյուղացիների  կասկածները փարատելու համար խնդրում եմ բոլոր իրավասու մարմիններին ըստ օրենքի իրականացնել  ստուգումներ: Ստուգումները չպիտի սահմանափակվեն միայն փաստաթղթերով, պետք է կատարվեն նաև փաստացի ստուգումներ:

ՏԻՄ ընտրություններին կանդրադառնանք հաջորդ  անգամ, հրապարակելով որոշ տեղեկություններ՝ մինչ ընտրությունները և ընտրություններից հետո կատարված դեպքերի մասին:

Հավելեմ, որ 25 տարի է՝ համայնքում ղեկավարում է նույն գյուղապետը:


                                                                                                        Վրեժ Սանասարի Սարգսյան