Հայրենանվեր, «սպասարկու» իշխանություն

Հայրենանվեր, «սպասարկու» իշխանություն

Դեկտեմբերի 22-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքին ընդառաջ, վարչապետական միտքն այլ բան չէր կարողացել հորինել, քան իրեն որպես  «Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության» երաշխավոր ներկայացնելը։ Շատերի համար ուղղակի զավեշտ էր, առավել շատերի համար՝ սրբապղծություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո վարչապետին տեսնել արտաքին անվտանգության երաշխավորի նոփ-նոր պատմուճանով։ Սակայն պարզվում է՝ վարչապետի  համար դա նաեւ  «առաքելություն» է։ Իսկապես, ինչո՞վ առաքելություն չէ, եթե ներքին բոլոր խնդիրներն ու ներքաղաքական լարված իրավիճակը մի կողմ թողած՝ մարդն ահա այդպիսի գլոբա՛լ խնդիրներ է լուծում։ Ինքը գլոբա՜լ մտածող է, գլոբա՜լ խաղացող, հետեւաբար, ընդդիմության մի հանրահավաքն ի՞նչ է,  թեկուզ իր քթի տակ կազմակերպվող, որ շեղի մեծն «գլոբալիստի» տիեզերական ուշադրությունը։ Բայց չնայած գլոբալ գործչի այս հովերին ու նոփ-նոր պատմուճանին՝ միանգամայն ակնհայտ է այն մանրախնդրությունը, որով այդ մարդն իր գրառմամբ ուզում է «խփած» լինել հանրահավաքին։

Այդ մանրախնդրությունը նաեւ մանկամտության է վերածվում, երբ հստակ է դառնում, որ  Նիկոլն իրեն այլեւս այնքան իշխանություն չի զգում, որ իր դատողություններում շփոթում է ընդդիմության ու իշխանության տեղերը։  «Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը»,- Ֆեյսբուքի այդ գրառման մեջ նշում է Նիկոլը:  Թե ընդդիմությունն ինչպե՛ս է աշխատանքից ազատելու, ասենք, որեւէ դպրոցի ուսուցչի կամ տնօրենի, որեւէ նախարարության որեւէ աշխատակցի՝ անհնար է պատկերացնել, բայց Նիկոլի սահման չճանաչող երեւակայությունը դա պատկերացնում է։

Չնայած հանրահավաքի նախօրեին սոցիալական հարթակներում արդեն իսկ բազմաթիվ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե ինչպես են զանազան իշխանական դեմքեր եւ մասնավորապես ՔՊ-ական ֆունկցիոներներ զբաղված գալիք հանրահավաքը խափանելու գործով, եւ այդ նրա՛նք էին սպառնում, նրա՛նք էին ահաբեկում, իրենց տերմինով ասած՝ մեդիատեռոր անում ընդդիմության շարքերում։

Վարչապետի ֆեյսբուքյան աճպարարության ամենազավեշտալի հատվածը, սակայն, մնում է վերոբերյալ պնդումը, թե մինչ ընդդիմությունն զբաղված է «էլիտար» իշխանազավթման դավաճանական փորձեր անելով, Նիկոլն իր հայրենանվեր իշխանախմբով «կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ»։ Փաստորեն, այս իշխանությունն արդեն գիտի՝ ի՛նչ է արտաքին անվտանգության խնդիրը, եւ նույնիսկ «կենտրոնացել» է դրանց վրա։ Քիչ է մնում՝ մարդը հայտարարի, թե նախօրեին ինքը զորախմբով Սյունիքում էր, որպեսզի զբաղվեր վերոնշյալ «սպասարկման» աշխատանքներով։ Ափսոս միայն, որ սյունեցիները եղան այնքա՛ն անշնորհակալ, այնքա՛ն ապերախտ, որ ոչ միայն չթողեցին խեղճ հայրենանվերին՝ իր «սպասարկումն» իրականացնել, այլեւ նույնիսկ վտարեցին այնտեղից։

Իսկ վտարեցին, որովհետեւ թեեւ վաղուց հայտնի է այդ մարդու «սպասարկու» բնույթը, բայց վերջին ժամանակներս խիստ մեծ կասկածներ են ծագել, որ նա կարծես շատ է առաջ գնացել «սպասարկուի» իր առաքելության մեջ։