Կուզեմ, որ հաշտվեն, բայց վիրավորանքը բոլորի սրտում կա

Կուզեմ, որ հաշտվեն, բայց վիրավորանքը բոլորի սրտում կա

Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն երկար ժամանակ է՝ թափուր է։ Թափուր պաշտոնի համար այս էլ որերորդ անգամ մրցույթ է անցկացվում, սակայն տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում:
Կրքերը դպրոցում սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ ապրիլի 1-ի առավոտյան քաղաքապետարանից զանգահարել էին դպրոց եւ տեղեկացրել, որ Տաթեւիկ Մելքոնյանն այլեւս տնօրենի ԺՊ չէ, եւ դպրոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Մինասյանը՝ քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։

Ապրիլի 14-ին կայացած մրցույթում դարձյալ Չեխովի անվան դպրոցում տնօրեն չընտրվեց։ Նոր մրցույթը նախատեսված է հունիսի 21-ին։ Տնօրենի նախկին ԺՊ Տաթեւիկ Մելքոնյանից, ում կողմնակիցն են դպրոցի թե՛ մանկավարժական, թե՛ ուսուցչական խորհուրդները, հետաքրքրվեցինք՝ նորից հայտ կներկայացնի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար։ «Այո, անշուշտ»,- ասաց նա։
Հարցին, թե դպրոցի կոլեկտիվն արդեն հաշտվե՞լ է քաղաքապետարանի ընտրության՝ տնօրենի նոր ԺՊ-ի հետ, Մելքոնյանն ասաց․ «Այդպես չեմ կարծում, վիրավորանքը բոլորի սրտում կա։ Ես անկեղծորեն կուզեմ, որ հաշտվեն, բայց վստահ եմ, որ ծնողները, սովորողները, մանկավարժների մեծամասնությունը չեն հաշտվել։ Բացի ինձնից, բոլորը սպասում են ընտրությանը»։ Ինչո՞ւ բացի իրենից, դարձյալ կանխատեսելի՞ է արդյունքը։ «Այո»։

Նոր տնօրենի ԺՊ-ի հետ աշակերտական, ուսուցչական կազմը լեզու գտե՞լ է։ «Ուսուցչական կազմը սոլիդ, պարկեշտ ձեւով աշխատում է, այս պահին ամեն ինչ կարգին է, ընտրություններին պարզ կդառնա»,-ասաց նա ու հավելեց, որ դասադուլներ այլեւս չկան, որովհետեւ արդեն ուսումնական պարապմունքների ավարտն է, երեխաները նորմալ դասի են գալիս, դասադուլ չի կարող լինել, որովհետեւ դրա իրավունքը ոչ ոք չունի։    

Եթե այս անգամ էլ նույն պատկերը կրկնվի, այսպես ինչքա՞ն կարող է շարունակվել։ «Անկեղծ՝ չեմ պատկերացնում, որովհետեւ դրա շուրջ ինքս էլ եմ մտածում, բայց պատասխանը չունեմ»։  
Նկատենք, որ ներկայիս դպրոցական խորհուրդները կազմված են 9 անդամից, 2-ական հոգի ներկայացնում են մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, 4 հոգի լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, այս դեպքում՝ քաղաքապետարանի, եւ մեկ հոգի էլ՝ ԿԳՄՍ նախարարությունից։ Տնօրենը կարող է ընտրվել միայն 6 ձայնի դեպքում։ Այս պարագայում մանկավարժական եւ ծնողական խորհուրդների ներկայությունը, փաստացի, ձեւական բնույթ է կրում, իսկ դպրոցի ձայնը, կառավարման խորհուրդների ներկայիս կառուցվածքի դեպքում, ո՛չ լսելի է, ո՛չ էլ որոշիչ, քանի որ իշխանություններն օրենքի միջոցով ամեն ինչ արել եւ անում են՝ դպրոցներն իրենց համար վերահսկելի եւ կառավարելի դարձնելու համար։ Այս դեպքում եւս լիազոր մարմինն իր լծակները կօգտագործի՝ իր ուզած թեկնածուին Չեխովի անվան դպրոցում նշանակելու համար։