Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում եկեղեցու անկախությունը

Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում եկեղեցու անկախությունը

Հայաստանյան հանրային-քաղաքական քննարկումների դաշտում բավական հետաքրքիր դինամիկա է նկատվում․ որքան շատ է խորանում ներքաղաքական լարվածությունը, եւ որքան ավելի շատ են խտանում քաղաքական ճգնաժամի գույները, կարծես այնքան ավելի շատ է առաքելական եկեղեցին ներգրավվում ընդհանուր հանրային-քաղաքական դիսկուրսում։ Մենք արդեն գրել ենք, որ Հայաստանի կրոնական կյանքի համար ու հատկապես առաքելական եկեղեցի-Հայաստանի Հանրապետության իշխանություններ հարաբերություններում կարեւորը ճիշտ բալանս գտնելն է, որպեսզի գալիք սերունդներին հնարավոր լինի ե՛ւ կենսունակ պետություն փոխանցել, ե՛ւ կենսունակ եկեղեցի։

Ընդ որում, հանրային քաղաքական դիսկուրսում առաքելական եկեղեցին ներկա է մի քանի ուղղությամբ․
• Առաքելական եկեղեցին ինքն է մասնակցում հանրային-քաղաքական դիսկուրսին՝ եկեղեցական գործիչների՝ տարատեսակ քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանությունների, տեսակետ-կարծիքի արտահայտման մակարդակով։
• Իշխանություններն են գնահատականներ հնչեցնում ներքաղաքական ներկա իրավիճակում առաքելական եկեղեցու ներգրավվածության կամ ենթադրելի կեցվածքի առնչությամբ։
• Ընդդիմադիրներն են գնահատականներ հնչեցնում՝ ներքաղաքական ներկա իրավիճակում առաքելական եկեղեցու ներգրավվածության կամ ցանկալի կեցվածքի առնչությամբ։
Առաջին կետը հասկանալի է` ինչ-որ իրադարձության կամ դեպքի ժամանակ է լինում, հիմնականում՝ քաղաքական բնույթի, եւ մամուլը փորձում է մեկնաբանություններ ստանալ հասարակության տարբեր խավերից ու այս համատեքստում դիմում է եկեղեցականներին, որոնք էլ արտահայտում են իրենց մոտեցումները, թեկուզեւ՝ անձնական: Սակայն, ինչպես ասում են, «մեսիջներով» նաեւ արտահայտում են կրոնական էլիտայի ներսում եղած տրամադրությունները։

Ինչո՞ւ հենց կրոնական էլիտայի՝ որովհետեւ առաքելական եկեղեցու պարզ հավատացյալները կարող են լինել ինչպես նիկոլականները, այնպես էլ լեւոնականները, քոչարյանականները, սերժականները, դաշնակցականները, ծառուկյանականները, եւ այսպես շարունակ։ Ստորին եւ միջին դասի եկեղեցականությունն էլ առանձնապես հստակ քաղաքական նախընտրություններ չի դրսեւորում եւ հիմնականում զբաղված է իր առօրյա բանուգործով։ Այլ է կրոնական էլիտան, որի ներկայացուցիչները հստակ դիրքորոշումներ են հայտնում քաղաքական գրեթե բոլոր հարցերի շուրջ։ Եվ հենց այդ դիրքորոշումներով էլ հարուցում են տարատեսակ քննարկումներ թե՛ իշխանական եւ մերձիշխանական եւ թե՛ ընդդիմադիր ու մերձընդդիմադիր շրջանակներում։

Ընդ որում՝ այդ քննարկումներում հաճախ շոշափվում են առաքելական եկեղեցու անկախության կամ իշխանությունների հանդեպ ենթադրելի կամ ցանկալի կեցվածքին առնչվող հարցերը։ Արդեն այստեղ առաքելական եկեղեցու վերնախավի ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ ինքնապաշտպանվել, որ եկեղեցին անկախ է եւ կարող է նաեւ քննադատել իշխանություններին, եթե նման անհրաժեշտություն լինի: Ընդդիմությունը երբեմն ասում է, որ եկեղեցու մտահոգությունները բավարար բարձր ձայնով չեն արտահայտվում, իշխանությունն էլ պնդում է, որ եթե նախկին վարչակարգերի օրոք՝ սկսած մարտի 1-ից ու դեռ դրանից էլ ավելի շուտ՝ հոկտեմբերի 27-ից, առաքելական եկեղեցին եղել է հլու-կամակատար ու օրվա իշխանությունների կցորդը, ապա ինչո՞ւ են հիմա «լեզու առել» ու քննադատում։

Այս ամենում կարեւոր նշանակություն ունի հետեւյալ հարցը՝ որքանո՞վ է առաքելական եկեղեցին անկախ, որտե՞ղ է սկսվում եւ որտեղ ավարտվում այդ անկախությունը։ Մնացյալ հարցերն արդեն ածանցվում են այս, այսպես ասած, «մայր հարցից», ու եթե այս «հարցերի հարցը» լուծվի, կարող են նաեւ մյուս հարցերն էլ ստանալ  պատասխաններ։ Կարծում ենք, որ, ի վերջո, այս «գլխավոր հարցի» պատասխանը կգտնվի թեկուզեւ այս բանավեճերի ընթացքում, քանի որ հայտնի միտք կա, թե ճշմարտությունը ծնվում է բանավեճի արդյունքում։ Սակայն այդ ճշմարտության որոնումների ճանապարհին կարեւորը «մի վնասիր» հայտնի սկզբունքին հետեւելն է։ Ընդ որում, դա վերաբերում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ առաքելական եկեղեցուն, ինչպես նաեւ՝ եկեղեցու ավելի քան 17 դար ձգվող բացառիկ լուրջ փորձառության ճիշտ օգտագործմանը պետության կյանքում, ժողովրդի, հասարակության կյանքի կազմակերպման գործում։