Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» -ի նախընտրական հոլովակը

Հանրայինը  մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» -ի նախընտրական հոլովակը

«Պատիվ ունեմ» դաշինքի հրատապ ասուլիսի պատճառն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը մերժել է դաշինքի պատրաստած նախընտրական հոլովակի հեռարձակումը։

«Այն հեռարձակումը, որը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որ կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, ամբողջությամբ վճարված է ինչպես քաղաքացիների մուծված հարկերից, այնպես էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամի կողմից»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Տեսահոլովակում ներառված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, այն կտորը, որում ասում է, որ շուտով կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը։ Հանրայինը սա մերժել է՝ որակելով որպես վիրավորանք, իսկ տեսահոլովակի մեկ այլ հատված վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, որին երեկ Սերժ Սարգսյանն անվանել էր «Հայաստանի ամենաատելի օլիգարխ «Գռզոյին», որը հանգրվանել է վիժվածքի 5-րդ համարում»։

«Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ, ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, թե ոչ, զրպարտություն, թե ոչ, ինքն է որոշում՝ այս կամ այն քաղաքական ուժը կարող է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ այն օդիոզ կերպարի մասին»,- ասաց Աշոտյանը։Սա ըստ նրա՝ ուղղորդված քաղաքականություն է Հանրային հեռուստաընկերության կողմից։