Ֆերեյդուն Թոնեքաբոնի. Անգրագիտության դեմ պայքարի մեքենա

Ֆերեյդուն Թոնեքաբոնի. Անգրագիտության դեմ պայքարի մեքենա

Արձակագիր, երգիծաբան: Ծնվել է 1937 թվականին, Թեհրանում՝ մտավորականի ընտանիքում: Քաղաքական հայացքների պատճառով ստիպված լքել է հայրենիքը եւ բնակություն հաստատել Գերմանիայում: Հեղինակ է պատմվածքների մի շարք ժողովածուների: «Անգրագիտության դեմ պայքարի մեքենա» երգիծական ստեղծագործությունը «Մթնկա գիշերվա աստղերը» ժողովածուից է:

 

2006 թվականն էր: Անգրագիտության դեմ պայքարն ընթանում էր օրեցօր աճող փութ ու եռանդով: Կառավարությունն իր ողջ ռազմական ու ոչ ռազմական, հայտնի ու անհայտ բյուջեն հատկացրել էր անգրագիտության դեմ պայքարին: Ոստիկանները մահակների փոխարեն գոտկատեղերից կախել էին վիթխարի մատիտներ եւ դրանցով հարվածում էին հասարակական կարգը խախտողների կատարներին: Զինվորների դաշույնները գործածվում էին եղեգնյա գրիչները սրելու համար: Վերացել էին տուգանելու, մտրակելու, բանտարկելու, մահվան դատապարտելու պատիժները: Եթե վարորդն անցնում էր կարմիր լույսի տակով, նրան ստիպում էին նստել առաջին պատահած պարեկային ոստիկանության բաժանմունքում ՝ սեղանի առջեւ, եւ հինգ հարյուր անգամ գրել՝ ես այլեւս չեմ անցնի կարմիր լույսի տակով: Եթե երեխայի էին վրաերթի ենթարկում, տասը հազար անգամ էին գրում՝ ես այլեւս երեխայի վրաերթի չեմ ենթարկի: Մսեղենի, հացի, նպարեղենի խանութներում փակցրել էին մեծ ցուցատախտակներ՝ «Անգրագետներին ոչինչ չենք վաճառում» գրությամբ: Լուսանկարիչները չէին լուսանկարում նրանց, վիճակագրության եւ հաշվառման բաժանմունքում անձնագրի պատճենը չէին տրամադրում (թեեւ անգրագիտության դեմ պայքարի դասընթացներին գրանցվելու համար չորս լուսանկար եւ անձնագրի երկու պատճեն էին պահանջում):

Մարդիկ ավտոբուսի կամ տաքսու սպասելիս կարդում էին մանր ու մեծ էժանագին գրքեր, որոնք հրատարակել էր «Անգրագետների ընթերցանությունն ապահովող կենտրոն»-ը: Վարսավիրանոցները, կոշիկ փայլեցնողների կրպակները, բուժարանների ընդունարանները հեղեղված էին այդ գրքերով: Պետական պաշտոնյաները ոչ թե մեկ, այլ երեսուն օրվա աշխատավարձը գոհունակությամբ ու փափագով նվիրաբերում էին անգրագիտության դեմ պայքարի սուրբ գործին, հետո էլ խմբովի՝ կին-երեխաներով, սովից մեռնում էին, եւ կառավարությունն էլ, ի նշան երախտագիտության, կազմակերպում էր պաշտոնական հոգեհանգստյան արարողությունը: Գործարարները կանխիկացնում էին իրենց ունեցած-չունեցած միջոցները եւ փոխանցում «Պ-7-7»-ի (պայքար անգրագիտության դեմ, 7-ամյա 7-րդ ծրագիր) հատուկ հաշվեհամարին: Նրանք էլ էին մեկառմեկ ավանդում հոգիները: Փոխարենը գործարարների դիակառքի հետեւից ընթանում էին յոթանասուն միանման մեքենաներ եւ նրանց պատկանող՝ որպես պարգեւ ստացած յոթ հարյուր կիլոգրամ ոսկուց ու յոթ տոննա արծաթից իրենց իսկ համար կառուցում էին շքեղ դամբարաններ, որոնք իբրեւ անձնուրացության ու անձնազոհության խորհրդանիշ՝ դառնալու էին ուխտատեղի գալիք՝ սերունդների համար: 

Անգրագիտության դեմ մղվող պայքարին նվիրված բանաստեղծությունների մրցույթ էին հայտարարել: Հաղթեց ահա այս մեկը.

Թող ներսդ մնա առանց ուտելիքի,
Որ կարողանաս տեսնել լույսը գիտելիքի:

Այնուհետեւ այդ երկտողը տպեցին բոլոր կարեւոր թերթերում ու դասագրքերում, փորագրեցին դռներին ու պատերին, եւ որպեսզի հարատեւի անգրագիտության դեմ պայքարը երկրի պատմության քառուղիներում, այն խոշոր տառերով քանդակեցին Դեմավենդ լեռան վրա, որ դյուրընթեռնելի լինի նաեւ մայրաքաղաքից:

Որպես կանոն՝ այդպիսի հանգամանալի մոտեցումից հետո պիտի որ տգետներ այլեւս չլինեին: Բայց, պայմանավորված ծնելիության աճով, ինչը բնական էր երկրի շարունակական զարգացման, մարդկանց առողջության ու կենսամակարդակի բարելավման, անգործության ու բնակարանային խնդիրների վերացման պայմաններում, երկրում դեռեւս կային մի քանի միլիոն անգրագետներ (ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը հատել էր երկու հարյուր միլիոնի սահմանագիծը): Եվ քանի որ ՄԱԿ-ն անգրագիտության դեմ համաշխարհային պայքար մղելու գործը եւս հանձնարարել էր մեր երկրին, պատասխանատուները ջանում էին հնարավորինս շուտ կրթել նաեւ այս խմբին եւ ապա անցնել մյուս երկրների անգրագետներին: Ըստ այդմ՝ որոշ ժամանակ մտորելուց ու խորհելուց հետո մոգոնեցին ելքը՝ անգրագիտության դեմ պայքարի փութեռանդ աջակիցների համար սահմանեցին խոշոր մրցանակներ: Այնպիսի մրցանակներ, որոնց համեմատ յոթանասուն ավտոմեքենան եւ յոթ հարյուր կիլոգրամ ոսկին խաղալիք էին ու զավեշտ: 

Վեց ամիս անց այդ մտահղացումն ունեցավ իր արգասիքը: Մի երիտասարդ գյուտարար, որ արհեստագործական ուսումնարանի շրջանավարտ էր, ստեղծեց անգրագիտության դեմ պայքարի մեքենա: Մեքենան տարբեր չափերի էր՝ մեկտեղանոց, երկտեղանոց, խմբային. ամենափոքրը հեռախոսախցիկի չափ էր: Մեքենայի կառուցվածքը հայտնի չէր (գյուտարարն այդ գաղտնիքը խնամքով թաքցնում էր, մեքենան էլ իր անունով էր գրանցել), բայց կիրառելը շատ դյուրին էր: Անգրագետ մարդուն տեղավորում էին սարքի մեջ եւ այն միացնում (սարքն աշխատում էր երկու հարյուր վոլտ հզորության էլեկտրականությամբ): Մեկ րոպե անց գրագետ դարձած անձին դուրս էին բերում մեքենայից: Փաստորեն, մեկ ամսվա կամ մեկ տարվա փոխարեն անգրագետը ծախսում էր ընդամենը մեկ րոպե, որպեսզի գրագետ դառնա: Իսկ ժամանակի խնայողությունը նման արտակարգ իրավիճակում կարեւոր նշանակություն ուներ: 

Երբ մասնագետները փորձարկեցին սարքի նախնական տարբերակը, երբ հաստատվեց ու երաշխավորվեց  դրա արդյունավետությունը, եւ երիտասարդ գյուտարարն ստացավ իր մրցանակը, տեղադրեցին հիմնական մեծ մեքենան: Մեքենայի կողքին կար կառավարման վահանակ՝ վրան ակնառու թվեր: Ինչպես սառնարանը, որն ունի սառեցման տարբեր աստիճաններ՝ մեղմ, միջին ու բարձր, այնպես էլ սարքն ուներ սանդղակ: Եթե ցուցիչը դնում էին մեկի վրա, մեկ րոպեից սարքից դուրս էր գալիս տառաճանաչ անձ, եթե վեցի՝ վեց րոպեից՝ տարրական դպրոցն ավարտածի գիտելիքներով մարդ: Իններորդ աստիճանը համապատասխանում էր միջնակարգ դպրոցի, տասներկուերորդը՝ ավարտական վկայական ստացածի, տասնվեցերորդը՝ բակալավրիատի գիտելիքներին: Դրանից վերեւ հարկավոր էր կրկնակի լարում: Այսինքն՝  հավակնորդին տեղավորում էին հատուկ հնոցի մեջ եւ եւս երկու կամ չորս րոպե ջերմություն էին հաղորդում: Առաջին դեպքում սարքից դուրս էին գալիս բակալավրներ, երկրորդ դեպքում՝ դոկտորներ: 

Մեքենայի գործարկումից հետո երիտասարդ գյուտարարի հռչակը տարածվեց աշխարհով մեկ: Մրցանակների, շքանշանների, պաշտոնական հրավերների տարափ էր թափվում նրա գլխին: Տարբեր երկրներից պատվերներ էին ուղարկում եւ ստիպված էին լինում մեքենաների պատրաստման ու առաքման համար սպասել վեց ամսից մինչեւ մեկ տարի:

Ճապոնիայից պատվիրել էին այնպիսի սարք, որն էլեկտրականության փոխարեն կաշխատեր տրանզիստորով ու մարտկոցով: Մեքենան անմիջապես պատրաստվեց, եւ կարճ ժամանակամիջոցում ձեւավորվեց գրագետների ստվար խումբ, որոնք հայտնի էին «ճապոնացի կամ տրանզիստորային գիտուններ» անվանումով: Նավթային ընկերություններից մեկը նավթով աշխատող սարք պատվիրեց Ասիայի եւ Աֆրիկայի տափաստանների համար, քանի որ այնտեղ կա՛մ էլեկտրականություն չկար, կա՛մ շատ թանկ էր, եւ հակառակ դրան՝ նավթն էժան էր ու առատ: Տասնվեց աստիճանի տակ սարքը թողարկում էր նավթային ոլորտի մասնագետներ եւ ինժեներներ: Սակայն մի օր սարքի պատասխանատուի անփութության պատճառով պատրույգը չափից ավելի վերեւ բարձրացավ եւ ծխաց, ինչի արդյունքում մեքենայից դուրս եկավ մրոտների ու ծխահարվածների մի խումբ: Ընկերությունը նրանց չընդունեց որպես ինժեներներ եւ մասնագետներ, այլ գործի վերցրեց իբրեւ հասարակ բանվորների: 

Այդ ժամանակահատվածում գլխավոր սարքն անխափան աշխատում էր: Այս ու այն անկյունից հավաքած անգրագետներին բեռնատարով բերում էին, լցնում խցիկի մեջ եւ սարքի մյուս կողմից դիմավորում էին իրական գրագետներին՝ կոկիկ, խնամքով պաճուճված (առանց բանվորների միջամտության): Քիչ էր մնացել, որ ավարտվեր անգրագիտության դեմ պայքարի գործընթացը, երբ հոսանքի պատասխանատուի անփութության պատճառով երկու անախորժություն տեղի ունեցավ: Առաջին դեպքում պատասխանատուն, որ չափից ավելի աշխատելու եւ անքուն մնալու հետեւանքով հոգնել ու հյուծվել էր, նիրհեց եւ բաց թողեց սարքի հսկողությունը: Անհայտ պատճառով, հոսանքի լարումն անմիջապես կիսով չափ նվազեց: Մինչ պատասխանատուն կսթափվեր եւ ուշադրություն կդարձներ սարքին, մեքենայից դուրս եկան մի քանի հազար դիպլոմավորներ ու բակալավրներ, որոնք, դժբախտաբար, բավարար ջերմության պակասի պատճառով լավ չէին թրծվել ու բովվել, եւ բոլորն էլ անեկ խմոր էին: Թեեւ դասագրքերի բոլոր տեքստերն անգիր էին արել եւ առանց մի բառ այս ու այն կողմ անելու արտասանում էին, բայց մի ավանակի չափ էլ խելք չունեին:

Երկրորդ դեպքը տեղի ունեցավ հաջորդ գիշեր: Էլեկտրականության պատասխանատուն աշխատանքի բարելավման համար բարձրացրեց հոսանքի լարումը, ինչի արդյունքում սարքի արտադրանքը չափից ավելի տաքացավ եւ այրվեց: Երբ բացվեց խցիկի դուռը (թող ավելի վատ տեսարանի ականատես չլինեք), մեքենայից դուրս թափվեցին անթիվ-անհամար պրոֆեսորներ՝ խոշոր օպտիկական ակնոցով, լղար, կնճռոտված, ոսկրոտ, հին ու մաշված շորերով, որոնց մեջ լող էին տալիս. մոլեռանդորեն վիճում էին քարեդարյան գիտությունների ու գրականության, այդ դարաշրջանի լեզուների, բառարմատների, դրանց ածանցման, այդ լեզվաընտանիքների, դրանց ճյուղերի, ենթաճյուղերի քերականական առանձնահատկությունների վերաբերյալ: Ո՛չ հոգնում էին, ո՛չ սովածանում, եւ ոչինչ չէր շեղում նրանց ուշադրությունը: Եթե նույնիսկ նրանց աչքի առաջ մարդ սպանեին, ո՛չ երեսները կշրջեին, ո՛չ էլ վեճը կդադարեցնեին: Մերը մեռածներն ասես այս մոլորակից չէին…

Պարսկերենից թարգմանեց Նունե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ    
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ