«Հրապարակ». Քոչվորն ուզում է դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր

«Հրապարակ». Քոչվորն ուզում է դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

- Սրբազան հայր, իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, խոստովանեց, որ համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Ինչպե՞ս է ընդունվել այդ լուրն Արցախում, ի՞նչ տրամադրություններ են տիրում։

- Դուք գիտեք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն հայոց հայրապետի եւ գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին, հայտարարություն տարածեց, որ իրենց մտահոգությունն են հայտնում։ Մեր այսօրվա իրականությունն այն է, որ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, եւ դրանք շատ հարցերում մեր ապրելակերպի, մեր մտածելակերպի եւ մեր քրիստոնեական արժեհամակարգի հետ ներդաշնակ չեն։ Առավել եւս, որ դա անվտանգային հարց է, Արցախի լինելիության հարցն է։ Ուստի այստեղ լուրջ մարտահրավերներ կան, եւ մենք աղոթում ենք, որ Աստված իմաստնություն տա մեր ղեկավարներին, ովքեր այդ բանակցություններն են իրականացնում, որովհետեւ իմաստնությամբ է, որ կկարողանանք հաղթահարել։ Տարածված խոսակցություն կա, որ հայը խելոք է, հայն իմաստուն է, հայը ճկուն է։ Ահա՝ եկել է պահը, որ հայն իր իմաստնությունը կիրառի ի շահ մեր անվտանգության, ի շահ մեր տարածաշրջանի։ Կարծում եմ՝ լուրջ է, իրապես լուրջ է այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, եւ, անշուշտ, պարտության հետեւանքով է, որ մենք փոքր-ինչ անզոր ենք եւ չենք կարողանում լիարժեք ցույց տալ մեր ունակությունները՝ կլինի մարտական, դիվանագիտական թե դաշնակից գտնելու հնարավորություն, բայց մենք միշտ պիտի հիշենք, որ մեր անդավաճան դաշնակիցն Աստվածն է, եւ աղոթենք, որպեսզի կարողանան մեր առաջնորդներն իմաստնությամբ առաջնորդվեն անվտանգային բոլոր տեսակի հարցերում։ Իսկ ժողովուրդն Արցախում, անշուշտ, գիտեք, մտահոգ է, որ պատերազմից հետո հավատաց այն որոշումներին, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբը պիտի իր առաքելության մեջ հաստատ լինի եւ խաղաղություն ապահովի տարածաշրջանում։ Դրա համար մարդիկ վերադարձան Արցախ՝ կանայք, երեխաներ։ Վերադարձան, որպեսզի այդ տված քվեն, որ խաղաղություն պիտի ապահովի խաղաղապահ զորախումբը, այն պայմանագիրը, որ կնքվեց եռակողմ․․․ գիտեք՝ այն, ինչ թղթի վրա արձանագրվում է, միշտ չէ, որ պահպանվում է, միշտ չէ, որ դառնում է իրականություն, միս եւ արյուն, այսօր այդ մտահոգությունն իրապես կա Արցախում։ Բայց մենք գիտենք, եւ պատմությունն ու մեր մտածելակերպն են վկայում, որ ամեն ինչ վերջացած չէ, եւ հույս ունեմ ապագայի նկատմամբ, որ մենք պիտի Արցախը պահենք հայկական, քրիստոնեական եւ ապագայում՝ ինքնորոշված ու ազատագրված։ Սրանք ոչ թե զուտ էմոցիայից բխած խոսքեր են, այլ ես ապրում եմ այդ ամենով։

- Փաշինյանն ասում է, որ Արցախը պատրաստվում է հանձնել, բայց արցախցիների անվտանգության երաշխիքներ է փորձում ստանալ։ Դուք հավատո՞ւմ եք, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում անվտանգ կլինեն։

- Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, դա անհնար է։ Ես, ծնված լինելով Արցախում, դեռ խորհրդային տարիներին տեսել եմ, թե նրանք ինչ մտածելակերպ ունեն, ինչ ծրագիր են իրականացնում։ Ես միշտ ասել եմ, նորից կրկնում եմ, որ քոչվորն ուզում է հիմնավորել իր ապրելակերպը, դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր։ Սա է իրենց նպատակը՝ Արցախը հայաթափելը։ Ոչ մեկի, ամենաքաղաքակիրթ եվրոպացու մտքով թող անգամ չանցնի, որ հնարավոր է ինտեգրվել եւ Ադրբեջանի կազմում ապրել խաղաղ եւ անվտանգ։ Դա բացառվում է, ոչ մի արցախցի չի կարող դա պատկերացնել, առավել եւս՝ այն սերունդը, որը 30 եւ ավելի տարիներ Ադրբեջան չի տեսել եւ անգամ նրանց հետ չի շփվել։ Ես միանշանակ ասում եմ, որ դա անհնար է։

- ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն Արցախը համեմատում է Գլենդելի հետ, այսինքն՝ Արցախն արդեն սփյուռք են դիտարկում։ Համեմատել կարելի՞ է։

- Ես չեմ լսել, ես համեմատության եզրեր անգամ չեմ կարող տալ։ Եվրոպան ուրիշ արժեհամակարգով է ապրում, Ամերիկան՝ ուրիշ, Կովկասը՝ ուրիշ։ Դրանք տարբեր հասկացություններ են, ամեն ընտանիք իր դժվարություններն ու խնդիրներն ունի, դրանք անհամեմատելի եզրեր են։ Ես կարող եմ միայն ու միայն ասել, որ մեր արցախահայությունը դժվար թե նման բանի գնա, ինքներս ամեն անգամ պատարագի, քարոզի ժամանակ խոսում ենք դրա մասին, իրականությունն ու պատկերն այլ են։ Մենք, որ ապրում ենք Արցախում, ուրիշ կերպ ենք դա տեսնում եւ մտածում։

- Հայրենիքի փրկության շարժման ժամանակ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո Վեհափառ հայրապետն ասաց, թե դա հայրական հորդոր էր։ Հիմա, երբ հայտնի են Փաշինյանի մտադրությունները, հնարավո՞ր է, որ եկեղեցին ավելի կտրուկ քայլերի դիմի, քան հայրական հորդորը։

- Չեմ կարծում, եկեղեցին երբեւիցե նման քայլերի չի գնացել՝ ռադիկալ կամ ծայրահեղ։ Եկեղեցին միշտ էլ հայրաբար է հորդորել իր զավակներին, անգամ վերջին հայտարարության մեջ չկան նման բաներ՝ հորդորներ են, ցանկություններ, նաեւ՝ մտահոգություններ, որ այս ճանապարհը խոցելի է, վնասակար է, չի կարելի անցնել, սա մեզ տանում է ուրիշ ուղղությամբ։ Այսպես է եկեղեցին միշտ եղել պատմության ընթացքին, անգամ ամենածայրահեղ իրավիճակում չի բանադրել, չի անիծել։ Եկեղեցին իրապես միշտ հայրաբար է մոտեցել իր զավակներին՝ դա կլինի իշխանություն, զինվորականություն թե սովորական քաղաքացիներ։