«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը «հանցակիցներ» է հավաքագրում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը «հանցակիցներ» է հավաքագրում

Նիկոլ Փաշինյանը, որ տարբեր առիթներով հայտարարել է, թե պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ, Արցախի հանձնման վերջին շտրիխները գծելու գործընթացում հանցակիցների «զորահավաք» է հայտարարել: Երեկ տեղեկացրել էինք, որ հրահանգել է՝ ՔՊ-ում հերթով-շարքով-կարգով բոլորը հրապարակային կրկնեն վերջին ասուլիսում իր հնչեցրած հակահայկական եւ հակաարցախյան մտքերը, որպեսզի միայնակ չկրի պատասխանատվությունը, այլ կոլեկտիվ պատասխանատվության դաշտ ձեւավորի։ Դրանով նաեւ ՔՊ-ում ոչ մեկի մտքով չի անցնի իր դեմ դավ նյութել կամ հետագայում իրեն հեռացնելու ծրագիր մշակել։ 

Ինչպես հայտնի է, մայիսի 22-ի ասուլիսում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․6 հազար ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը եւ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող, այսպես կոչված, անկլավները։

Երեկ արդեն ասպարեզ էր իջել խորհրդարանական ծանր հրետանին։ Դիցուք, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ախրաննիկի միջոցով փոխանցեց լրագրողներին, որ շեֆն ուզում է ճեպազրույց տալ։ Նրա ասելիքը մեկին մեկ համընկնում էր Փաշինյանի հայտարարություններին։ Ավելին, Արշակյանն անգամ սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն Արցախը հանձնելու հարցով փողոց դուրս գալ եւ իշխանությունների դեմ պայքարել կամ, ինչպես Իշխան Սաղաթելյանն էր ասել՝ ապստամբել․ «Եթե մի բան ասում են, թող բացատրեն։ Ապստամբությունը ո՞րն է, եթե դա ցույց է, ապա դա արտոնված է՝ խնդիր չկա, իսկ եթե անօրինական մեխանիզմ է, ապա Հայաստանի իրավակարգն ապացուցել է եւ կապացուցի, որ գործում է, կստանան ուղիղ եւ համարժեք պատասխան»։ 

Մենք Արշակյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Հայաստանը ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, եթե կա դա արգելող ՀՀ Գերագույն խորհրդի որոշում։ Պատասխանեց. «Հայաստանը երբեւէ չի գնացել այդ որոշման հետեւից։ Որոշումն ընդունել են ու հակառակն են արել։ Միակ դեպքը, որը համահունչ է եղել այդ որոշմանը, եղել է «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը»։ Հիշեցրինք, որ Փաշինյանը հայտարարում էր, թե հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, մինչդեռ հիմա Արցախը համաձայն չէ։ Ի պատասխան՝ Արշակյանը նշեց, որ նման բան չի լսել։ 

Նկատենք, որ ՔՊ-ականների հարցազրույցներում կարմիր թելի պես ձգվում է այն միտքը, որ Հայաստանի ժողովրդի համար իրենց եւ հատկապես Փաշինյանի գործողություններն ընդունելի են, որովհետեւ իրենք ունեն վստահության քվե։ Սակայն 2021-ից, երբ իշխանությունը քվե է ստացել նաեւ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի, Արցախի կարգավիճակը լուծելու մասին խոստումներով, անցել է 2 տարի․ հարցին՝ եթե վստահ են, որ ժողովրդի աջակցությունն ունեն, ինչո՞ւ հանրաքվեի միջոցով չեն հարցը լուծում, մանավանդ որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ժողովրդի հետ է լուծելու։ Արշակյանի համար այս հարցն անցանկալի էր, ասաց, որ այդ թեմայով չի կարող «շատ բան ասել»։
Ֆրակցիայի արցախատյաց պատգամավորներից Գուրգեն Արսենյանն էլ երեկ վերահաստատեց նախկինում արած իր սկանդալային հայտարարությունը, որ 120 հազարից պիտի հրաժարվենք, որ 3 մլն-ին փրկենք։ Նա Արցախի հայերին համեմատեց Գլենդելի ու Ավստրալիայի հայերի հետ։ «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը: Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմն իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»,-հայտարարեց Արսենյանը:

Լրագրողների գիրկը հաջորդ ինքնակամ նետվողը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանն էր, նա էլ փորձեց ժողովրդի վախը բռնել նոր պատերազմի սպառնալիքով։ «Ժողովուրդը եւ քաղաքական համակարգը պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ պատերազմի միջեւ, ընդ որում՝ պատերազմ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով ՌԴ-ի ներկայիս վիճակը՝ պատկերացնո՞ւմ եք, թե պատերազմի դեպքում հնարավոր աջակցության չափն ինչպիսին կարող է լինել։ Գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում Արցախի հարցի մասին։ Իրանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ ընդհանրապես աշխարհն ինչ է մտածում տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման մասին»,- ասաց նա՝ ժողովրդին կանգնեցնելով ընտրության առաջ․ «Գնում ենք նո՞ր պատերազմի՝ դրանից բխող հետեւանքներով, ու ամեն մեկը թող պատկերացնի, թե ինչպիսի հետեւանք դա կունենա ՀՀ-ի համար, արցախահայության եւ, ընդհանրապես, ՀՀ-ի անկախությունը լինել-չլինելու համար, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունը, այս հողի վրա հայ ժողովրդի ապրելու գինը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը»։ Ի դեպ, Հակոբ Արշակյանը մեր հարցին՝ պայմանագրի կնքումից հետո լինելո՞ւ են երաշխիքներ, որ էլ պատերազմ չի լինի, պատասխանեց․ «Կա՞ արդյոք երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը երկարատեւ կլինի, եւ տարածաշրջանում անվտանգություն կապահովվի։ Դա կախված է նրանից, թե ինչ միջազգային մեխանիզմներ եւ երաշխիքներ կլինեն։ Չգնալ այդ ճանապարհով՝ կնշանակի ժամանակավոր էսկալացիաներ եւ «սողացող» պատերազմ։ Մենք դա չենք ցանկանում»։