Մինչև հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, որ նոր մեղադրանք առաջադրեն․ Վահագն Հարությունյան

Մինչև հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, որ նոր մեղադրանք առաջադրեն․ Վահագն Հարությունյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար և նույն գործով այժմ ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան և մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը  նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որից հետո նա կկարողանա անարգել վերադառնալ Հայաստան։ Երեկ տեղեկացանք, որ դատախազությունը ըստ էության, մերժել է  պաշտպանի դիմումը՝ ուղարկելով ՀՔԾ, այստեղից էլ դարձյալ բացասական պատասխան է տրվել։  Այս առնչությամբ «Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել Մոսկվայում գտնվող Վահագն Հարությունյանին հետ։

«Այո, չի բավարարվել իմ պաշտպանի դիմումը, ինչը, ճիշտն ասած, ինձ համար և՛ հասկանալի էր, և՛ անհասկանալի, համենայնդպես՝ իրավական առումով անհասկանալի, որովհետև երկար ժամանակ է՝ խափանման միջոց իմ նկատմամբ չկար, վերջին փուլում դա վիճարկված էր Վճռաբեկ դատարանում, որի պատասխանը զարմանալի զուգադիպությամբ ստացվեց մեր՝ հետախուզումը դադարեցնելու խնդրանքով դիմումը հասցեագրելուց հետո։ Դրանից հետո արդեն ստացվեց ՀՔԾ-ի պատասխանը, այսինքն՝ դատախազությունից ուղարկեցին ՀՔԾ, էնտեղից էլ պատասխանեցին, թե իբրև անհիմն լինելու հիմքով մերժվում է։ Մեկուկես տարի ՀՔԾ-ն և նրա տարբեր արբանյակներ կուրծք էին ծեծում, գոռում, թե իբրև ես թաքնվել եմ, խուսափել եմ քննությունից և այլն։ Եվ եկել է պահը, երբ ես կարողացել եմ ստեղծել հնարավորություն ընդմիջում իմ բուժման գործընթացում և գերադասեցի օգտագոծել էդ ժամանակահատվածը և վերադառնալ Հայաստան, էդ բոլոր խոսակցություններին վերջ դնելու համար, բայց ստանում եմ նման պատասխան»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը;

-Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պատասխանից հետո չե՞ք վերադառնա։

- Այս պատասխանից  հետո ես բավականին խնդիրներ կունենամ վերադառնալու դեպքում, ես նորից իմ պլանները ստիպված վերադասավորեցի, այսինքն՝ նորից կշարունակեմ իմ բուժման հարցերով զբաղվելը։ Ես խնդրեցի՝ վերացրեք այդ սահմանը, ես ինքս կգամ ու, կոպիտ ասած, ոչ մեկի ձեռքին չեմ նայի, բայց գտան ոչ նպատակահարմար։ Ավելին ասեմ՝ հիմա արդեն նոր մեղադրանքի որոշում են կայացրել, և կրկին ՀՔԾ-ն միջնորդությամբ դիմել է դատարանին՝ իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Նոր մեղադրանք ասածը, ըստ էության, նույն հին մեղադրանքն է, միայն որոշակի  ինչ-որ ենթադրյալ փաստական տվյալներ են ավելացել։ Ընդ որում, ամենակարևորը, ընդհանուր գծերով ինչ որ հասցրեցինք նախնական տեսնել, էնտեղ նոր փաստական տվյալներ կամ ցուցմունքներ, որոնք վկայակոչված են էդ միջնորդության մեջ, ստացված են եղել դեռևս փետրվար ամսին։ Եվ մինչև հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, չգիտես՝ ինչին էին սպասում, որ հիմա նոր մեղադրանք առաջադրեն։ Ինձ մեղադրում են իբրև ապացույցներ կեղծելու, էնտեղ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, անհեթեթությունների մի ինչ-որ շարան, որոնց ապացուցման մասին չեմ ուզում հիմա խոսել, մինչ այս էլ և՛ ես, և՛ իմ փաստաբանները հրապարակային քննարկել, ներկայացրել ենք բացառապես իրավական հարության վրա ավելի շատ տեսական լուծումները և դրանով իսկ հիմնավորել, որ այն գործընթացը, որ հիմա ՀՀ իրավապահ մարմիններն իրականցնում են, աղերս անգամ չունի արդարադատություն կոչվելու կամ իրավական գործընթաց համարվելու հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։