2020-ին Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն

2020-ին Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացել է արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…» վերնագրով գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Պրեմիերան նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Առաջնախաղին ներկա է եղել նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես ակտիվացնել թատերական կյանքն Արցախում։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020-ին Արցախում անցկացնել «Թատերական Արցախ» փառատոն, որին մասնակցություն կունենան Երեւանի, ինչպես նաեւ ՀՀ մարզերում գործող թատրոնները՝ իրենց լավագույն բեմադրություններով։