Պետության անունից ակադեմիան պետք է պատվեր ձեւավորի

Պետության անունից ակադեմիան պետք է պատվեր ձեւավորի

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի շրջանակներում լայնորեն քննարկվում են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը, դերն ու գործառույթները, որը, գիտնականներից շատերի կարծիքով, օրինագծում հստակ ամրագրված չէ։ 

Պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի կարծիքով, ակադեմիան այնպիսի մի գիտական հաստատություն է, որը տվյալ երկրում կոչված է լինել միջնորդ պետության եւ գիտության միջեւ․ «Իսկ ո՞վ պետք է կազմակերպի՝ պետությունը, որը պատվեր է տալիս, որպեսզի տվյալ ուղղության ինստիտուտները մշակեն, պատրաստեն ու ներկայացնեն, բայց հարց է առաջանում՝ պետությունն ի՞նչ գիտի՝ ի՞նչ կարելի է պատվիրել, ինչ՝ չէ, նա չի իմանում գիտության զարգացման վիճակը, ինչ մակարդակում է այն գտնվում, ում ինչ կարելի է պատվիրել, դրա համար միջնորդ է պետք, իսկ այդ միջնորդի դերն այսօր էլ, անցյալում էլ ունեցել է Գիտությունների ակադեմիան, որը գնալով աճել ու դարձել է 30-ից ավելի գիտական ինստիտուտների ցանց։ Եվ այսքանից հետո կորցրել է կառավարման թելը, չի կարողանում կառավարել այդ ինստիտուտներին, որովհետեւ ամեն մեկը մի պրոֆիլով հաստատություն է եւ ինքն իր գործը գիտի։ Բայց քանի որ ամեն մեկն ինքնագլուխ է, հասանք արդյունավետության մինիմումին, եւ որովհետեւ ֆինանսավորումն էլ հասել է մինիմումի, այդ մինիմում ֆինանսավորմամբ ստացվում է գլուխ պահելու ռեժիմ»։ 

Ի՞նչ է առաջարկում՝ ցրե՞ն ակադեմիան, որպեսզի գլուխ պահող չլինի։ «Հարկավոր է ակադեմիան վերադարձնել իր նախասկզբնական կոչմանը, որ ձեւավորի պատվեր»։ Ի սկզբանե պետությո՞ւնը չպետք է այդ պատվերը ձեւավորի, Սահակյանն ասաց․ «Պետությունն իր պատվիրելու ֆունկցիան լիազորում է «ակադեմիա» կոչվող պետական մարմնին։ Գալիս է պահ, որ, օրինակ, ասում են՝ այս պահին ԱԹՍ է պետք, բոլորը կարող են ասել՝ ԱԹՍ պատվիրենք, սարքենք, բայց պատվերի էությունը դա չէ, այլ երկարաժամկետ՝ գիտության զարգացմանը միտված ծրագրեր ստանձնելն է։ Դա պետության գործն է, բայց ինքը դա լիազորում է համապատասխան պետական մարմնին՝ ակադեմիային, եւ նա պետք է պետության անունից պատվեր ձեւավորի եւ հասկանա պետության առաջնահերթությունները, գալիք հեռանկարները։ Օրինակ, ասում են՝ տեսեք, այսպիսի բան կա գյուղատնտեսության մեջ, եկեք պրոֆիլային ինստիտուտներից այդ մեկին այսպիսի ծրագիր պատվիրենք, որն իրագործեն, եւ մի 5-6 տարի հետո էֆեկտիվ կլինի։ Այդպես պատվերները տեղաբաշխվում են, գիտությունը զարգանում է, եւ ինստիտուտն էլ՝ որպես պատվերը կատարող, վերանայում է իր ռեսուրսները, եւ եթե պետք է լինում, մարդ է պատրաստում եվրոպաներում, համապատասխան կենտրոններում»։

Դիցուք, ակադեմիան՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ, ձեւակերպեց գիտության ոլորտի պատվերները, պետությունն ի վիճակի՞ է դրանք ֆինանսավորել, ինչին ի պատասխան՝ Սահակյանը նկատեց, որ պայմանավորվածությունների արդյունքում պետությունը կարող է փուլ առ փուլ ֆինանսավորել այդ պատվերները՝ դիմելով տարբեր դոնորների․ «Երբ այդ նախնական կարեւոր ֆունկցիան վերագտնում է ակադեմիան, մնացածը սրանից արդեն ածանցվում են»։

Օրինագծի համաձայն, ակադեմիայի ինստիտուտները պետք է գործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, եւ շատերը չեն բացառում, որ ժամանակի ընթացքում դրանք տանեն դեպի բուհեր՝ միավորելով դրանց հետ։ Այս առնչությամբ Ա․ Սահակյանն ասաց․ «Եթե իմ ասած նախնական կոչումը չվերադառնա ակադեմիային, պետք է ստիպված ձուլվի, իսկ ամեն ինստիտուտ համապատասխան ֆակուլտետի հետ ինտեգրվի, որպեսզի նրանց ֆինանսավորման աղբյուրներից օգտվի, բայց սա՝ այն դեպքում, երբ ակադեմիան իրեն իսկականից սպառում է եւ այլեւս անելիք չի ունենում։ Իսկ եթե ստեղծվի գիտատեխնիկական այդ մեծ կենտրոնը՝ ակադեմիկոսներից բաղկացած մեծ խորհուրդը, որն այսօր այլափոխվելով դարձել է նախագահություն՝ անհայտ ֆունկցիայով, որը եթե զբաղվի իր գործով, եւ պատվերները, իսկապես, բոլոր ոլորտներում տեղաբաշխվեն, այն ժամանակ բուհերը ստիպված կլինեն ձգտել միավորվել ակադեմիական ինստիտուտների հետ, որովհետեւ նա կլինի գիտելիք ստեղծող առաջատար ուժը։ Եթե ուզում ես զրո կետից երկիրը բարձրացնել ոտքի, ուրեմն ձեռքդ պետք է գցես կրթության լծակներին, իսկ կրթության գործն աշխատանք է պահանջում։ Գիտելիքի արտադրությունը երբեք չպետք է թույլ տանք, որ կանգ առնի»։