Զուգահեռ իրականություններ. թավշյա՞, թե՞ ստի եւ կեղծիքի հեղափոխություն

Զուգահեռ իրականություններ. թավշյա՞, թե՞ ստի եւ կեղծիքի հեղափոխություն

Վերջին հարյուրամյակում, երբ Հայաստանում վերստեղծվեց պետականությունը, երկիրն ապրում է զուգահեռ իրականություններում: Մեկը՝ պաշտոնական, իսկ մյուսը բնակիչների իրականությունն է, որում տեղ չի գտնում պաշտոնականը: Հայաստանի առաջին հանրապետության գոյության երկուսուկես տարում զուգահեռ իրականություններից դրական դեր ուներ պաշտոնականը: Այն պետք է լիներ հենց այդպիսին, քանի որ զրոյից ստեղծվում էին պետական ինստիտուտներ, իսկ առանց պետական մտածողության պետական ինստիտուտներ չես կարող ստեղծել: Իսկ այդ գործունեության ընթացքում գերակայողը դրականն է, որքան էլ կողքից նրան շաղախվի բացասականը: Իսկ երկրորդ՝ բնակիչների իրականության տիպիկ գիծն անարխիան էր՝ իր բազմաթիվ դրսեւորումներով:

Ի դեպ, դրա մասին բազմիցս խոսել եւ գրել է մասնագիտությամբ ֆիզիկոս, գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: 

Խորհրդային կարգերի հաստատումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց՝ պաշտոնական իրականությունը դարձավ բացասական՝ իր բոլոր դրսեւորումներով, որի դեպքում բնակիչներինը մեխանիկորեն վերածվեց որոշակիորեն դրականի: Տարիների ընթացքում դանդաղորեն պաշտոնականը դարձավ հարաբերականորեն տանելի ու այդ կետում միաձուլվեց երկրորդին: Արդյունքում վերամբարձ խոսքերի ու ծափահարությունների տարափի ներքո երկրում գերակայեցին սուտն ու կեղծիքը: Հայաստանի երրորդ հանրապետության ձեւավորման ընթացքում սուտն ու կեղծիքը մի պահ փորձեցին անհետանալ, սակայն նրանց բախտը չբերեց (թե՞ իրականում բերեց), եւ նրանք վերադարձան՝ գրավելով իրենց «պատվավոր» տեղը մեր կյանքում: Երրորդ հանրապետության ձեւավորմանը զուգահեռ, հասարակության գրագետ ու կրթված հատվածը փորձեց ինչ-որ ձեւով պայքարել ստի եւ կեղծիքի իրականության դեմ, սակայն որեւէ հաջողության չհասավ: 

Եվ ահա տեղի ունեցան 2018-ի ապրիլյան իրադարձությունները, ու նշված հատվածին թվաց, թե վերջապես կյանքի կոչվեց իրենց երազանքը՝ սուտն ու կեղծիքն իրենց տեղը զիջեցին ազնվությանն ու արդարությանը: Հատկապես որ այդ իրադարձությունների կենտրոնում գտնվող եւ դրանք գեներացնող անձն այդպիսին էր թվում իր նախորդ գործունեության մեջ: Այնուամենայնիվ, իր գեներացնողի կողմից «թավշյա» անվանված հեղափոխությունը հենց սկզբից չխուսափեց ստի եւ կեղծիքի զինանոցից՝ կեղծ ոստիկան Աշոտի կեղծ տատիից, Արցախի հերոս (հետմահու) Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ փաստաթղթից, սակայն այդ ամենը բանի տեղ չդրվեց: Դրանք այնքան աննշան իրողություններ էին թվում ընթացող իրադարձությունների համեմատ, որ մարդիկ դրանց ուշադրություն չդարձրին: Իրականում, դրանք այն ազդակներն էին, որոնք պետք է մատնացույց անեին, որ ամենեւին հրաշալի չէ այն իրականությունը, ինչը Փաշինյան Նիկոլ անձի առաջնորդությամբ կերտում էր փողոցային ամբոխը: 

Ինչեւէ, իշխանությունն անցավ «փրկիչ» անվանյալ Փաշինյան Նիկոլին, եւ շուրջ երեք տարում Հայաստանն արագորեն թաղվեց ստի եւ կեղծիքի հորձանուտը: Ստի եւ կեղծիքի դրսեւորումներն ուղղակի բազմաթիվ են՝ դրանք հանդիպում են ամեն պահ եւ ամեն քայլափոխի: Հայաստանը ստի եւ կեղծիքի ճիրաններում հայտնվեց ոչ միայն խաղաղ տարիներին, այլեւ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում: Եվ Փաշինյան Նիկոլի «շնորհիվ» էր, որ մեր երկրում կրկին մի կետում՝ «ստի եւ կեղծիքի» կիզակետում, իրար հանդիպեցին պաշտոնական եւ բնակիչների իրականությունները: Իհարկե, հասարակության գրագետ եւ կրթված հատվածը կրկին դուրս մնաց այդ հանդիպման վայրից՝ չընդունելով իրեն մատուցված սուտն ու կեղծիքը: Սակայն դա չխանգարեց, որպեսզի հասարակության մեծամասնությունն ընդուներ այն: Դժբախտաբար, դրանք ոչ միայն «զարդարեցին» Փաշինյան Նիկոլի իշխանությունը, այլեւ կրախի (տապալման) առջեւ կանգնեցրին հայոց պետականությունը: Եվ ինչպե՞ս չհամաձայնես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնորոշմանը, ըստ որի՝ 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ ոչ թե «թավշյա», այլ հենց «ստի եւ կեղծիքի» հեղափոխություն:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ