Մնացինք Ապրիլյանի զեկույցին սպասելով

Մնացինք Ապրիլյանի զեկույցին սպասելով

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ ամենայնի, գրվեց սառույցին։ Ազգային ժողովում ձեւավորված հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց պլանները։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, ԼՀԿ-ական Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր անց, ինքն անձամբ չի ստորագրել զեկույցի տակ։ Ինչո՞ւ։ «Դրա ժամանակը չէր մի տեսակ»,- ասաց նա։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։ Անցել է մոտ 3 ամիս, բայց զեկույցն այդպես էլ օրակարգ չի բերվում։

Իշխանությունները,  որոշ տեղեկություններով, չեն ցանկանում հիմնահատակ խայտառակվել, բանն այն է, որ նրանք նախկիններին մեղադրում էին ապրիլյան պատերազմում խայտառակ պարտության համար, մինչդեռ 44-օրյա պատերազմից եւ իրենց սխալներից հետո նախկինների «մեղքերը» մանկական խաղ են հիշեցնում։ Գորգիսյանը տեղյակ չէ՝ ինչու օրակարգ  չի բերվում զեկույցը․ «Անկախ ամեն ինչից, այդ զեկույցը պետք է հրապարակվի, անկախ այն բանից՝ կան այդտեղ աշխարհացունց բացահայտումներ, թե ոչ»։ Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորը զեկույցի հրապարակման մասին հրապարակային հարցապնդում չի անում։ «Իմ առաջնահերթություններում այդ հարցը չի մտնում։ Հիմա ավելի կարեւոր է, թե բանակը ոնց պետք է ոտքի հանենք։ Անընդհատ չի կարելի հետ նայել, պիտի առաջ նայել»։ Երբ հանձնաժողովը ստեղծվում էր, այն ժամանակ կարելի՞ էր ետ նայել։ «Հա, այն ժամանակ մասնակցել եմ նիստերին, որովհետեւ կարեւոր էր, հիմա այլ խնդիրներ կան»։

Հիշեցնենք, որ ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2019 թ․ մայիսին: Հանձնաժողովը հարցաքննել է նախկին եւ ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահ, վարչապետ, արտգործնախարար։ Միայն ԶՈՒ ԳՇ պետը՝ Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե նախկիններին խայտառակ բացահայտումներ են սպասվում։