Ինչքան աշակերտ պետք է սովորի յուրաքանչյուր դասարանում

Ինչքան աշակերտ պետք է սովորի յուրաքանչյուր դասարանում

Պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ, ըստ այդմ՝  սահմանվել է, որ մինչեւ հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թ․ սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին եւ 2-րդ աստիճաններում (տարրական եւ հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 30:  

Կարգով սահմանվել են դրույթներ՝ հաստատությունում միեւնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարանների ձեւավորման վերաբերյալ, որոնք 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել միայն Սյունիքի մարզում (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով): Հանրապետության մյուս մարզերում գործում է բազմահամակազմ դասարանների ձեւավորման սկզբունքը՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանի կարգավորումների` 30-35 կոմպլեկտավորման սկզբունքով:

Միաժամանակ նաեւ տրվել է կարգավորում, ըստ որի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համապատասխան դասարաններում, որտեղ, ըստ սահմանված ժամանակացույցի, ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, բազմահամակազմ դասարաններ չեն ձեւավորվի։ Հետեւաբար, 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցների (բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ ներդրվում է նոր մեխանիզմը, եւ Տավուշի մարզի, որտեղ ամբողջությամբ նոր չափորոշիչով է ուսուցումն իրականացվում) 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանները ձեւավորված բազմահամակազմ դասարաններին չեն միավորվելու:

Նախատեսվում է, որ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին եւ 2-րդ աստիճաններում (տարրական եւ հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 20: