Բոլոր ժամանակներում պետությունը կազմաքանդող վիժվածքները պետք է պատժվեն

Բոլոր ժամանակներում պետությունը կազմաքանդող վիժվածքները պետք է պատժվեն

Տասնամյակներ շարունակ անդրադարձել եմ քրեաօլիգարխիկ համակարգի հակապետական ու ապազգային դրսեւորումներին, ինչը 2020-ին մեր պարտության հիմնական պատճառներից է։ Ցավոք, 2018-ին իշխանությունը Նիկոլին հանձնելուց հետո քրեաօլիգարխիայի գործունեությունը շատ ավելի անվերահսկելի դարձավ, հատկապես՝ բոլոր իշխանություններին սպասարկող Սամվել Ալեքսանյանինը։ Վերջինիս տնտեսական գործունեության թալանչիական մեխանիզմների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում եւ սոցիալական տիրույթում, մասնավորապես՝

1. Նա, ունենալով մենաշնորհային դիրք խոզաբուծության ոլորտում, իրացման մեծ ցանց, ներկրման հնարավորություն, կերի իրացման մենաշնորհ, 2 տարին մեկ դեմպինգ է իրականացնում՝ սնանկացնելով հարյուրավոր ֆերմերային եւ գյուղացիական տնտեսություններ, ապահովելով իր համար գերշահույթ։

2. Երկար տարիներ նա շաքարի հումքի անվան տակ ներկրում է շաքարավազ՝ ներկայացնելով որպես տեղական արտադրանք եւ խուսափելով հարկերից։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթում եւս ժամանակին հրապարակում է եղել։ Ալեքսանյանական տնտեսական գործունեությունն իրականացվում է գերբեռնված բեռնատարներով, որոնք շարքից հանում են ճանապարհները, իսկ պատկան մարմինները, հասկանալի պատճառներով, անգործության են մատնված։

3. Նրա տնտեսական գործունեության կարեւոր մեխանիզմներից է՝ գրանցել տասնյակ ՍՊԸ-ներ եւ ԱՁ տնտեսվարող կազմակերպություններ, որոնք ինչ-որ ժամանակահատված իրականացնում են ակտիվ տնտեսական գործունեություն, այնուհետեւ տանում են սնանկացման, որի ժամանակ ոչ միայն քողարկում են տնտեսական ապօրինությունները, այլեւ թալանի նոր մեթոդներ են իրականացնում՝ ներառելով դատաիրավական ու այլ պետական կառույցներ, օգտագործելով տարատեսակ կոռուպցիոն մեխանիզմներ։ Օլիգարխները, ներկայանալով որպես ամենակարող, հաշվետու են եւ ուղղորդվում-կառավարվում են առաջին դեմքի «հատուկ ծառայությունների» կողմից։

«Հեղափոխությունից» կարճ ժամանակ անց ալեքսանյանական բոլոր տնտեսական մեխանիզմները վերագործարկվեցին։ Հույս ունենալով, որ իրավիճակ է փոխվել, դիմեցի ՏՄՊՊՀ-ին՝ կանխելու Սամվել Ալեքսանյանի համակարգի հերթական ապօրինությունները։ Իմ կողմից ներկայացված ակնհայտ փաստերի առկայության պարագայում էլ դիմումս անտեսվեց եւ մերժվեց։

ՏՄՊՊՀ-ի որոշումը չեղարկելու համար դիմեցի դատարան, դատավորի դերակատարում ստանձնած Սոսյան կոչվածը, ամիսներ շարունակ «քննելով» գործը, մերժեց իմ հայցադիմումը։ Որպես «դատավորի»՝ նրա վարքագծի քննարկման համար դիմեցի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ինչը եւս մնաց անպատասխան։ Ինչպե՞ս է հնարավոր արդարադատություն իրականացնել, երբ առաջին դեմքի մակարդակով օրենքներ են ոտնահարվում եւ ապօրինություններ իրականացվում։

2021-ից փորձում եմ վարչապետի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից ստանալ վերջին տարիների իմ 10 տոկոս շահաբաժինը։ Տեսնելով, որ դատարանը խուսափում է հարցը քննելուց, օգտվելով նրանից, որ նախկին գլխավոր դատախազը չի առաջադրվել, 2022թ․ օգոստոսին հաղորդում տվեցի հանցագործության մասին՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ապօրինությունները։ Հարուցվեց քրեական վարույթ, անցել է ավելի քան մեկ տարի՝ գործը տեղից չի շարժվում, բայց ակտիվ ազդակներ եմ ստանում վարչապետի «հատուկ ծառայություններից», թե ինչ կարող է իմ ընտանիքի հետ «պատահել»։ Բայց այս սրիկաները մոռացել են, որ, 1996-ից սկսած, իմ ընտանիքը գտնվում է նույն վիժվածքների տեսադաշտում, եւ լավատեղյակ եմ՝ ինչի են ընդունակ։ Ի տարբերություն նախկինների, ՔՊ-ականները սկսել են գործել միջնադարյան մեթոդներով։

Ս․թ․ հուլիսի 28-ին փոստային ծառայության միջոցով սնանկության գործերի կառավարիչ Բաբկեն Կարապետի Եկմալյանից ստանում եմ գրություն, որտեղ ինձնից պահանջում են 5-օրյա ժամկետում, որպես պարտապան, ներկայացված հաշվեհամարին փոխանցել 1 մլն 992 հազար ՀՀ դրամ, հակառակ դեպքում նշված գումարն իմ ընկերությունից կբռնագանձվի դատական ճանապարհով։ Իմ կողմից առաջին արձագանքն էր՝ հասկանալ, թե ինչ հերթական սադրանք է կազմակերպվում։ Կապվում եմ ձեւաթղթում նշված հեռախոսահամարով՝ պարզելու, թե ինչ գործարքի, ընկերության եւ դատական գործընթացի մասին է խոսք գնում, որից ես անտեղյակ եմ, միաժամանակ փորձում եմ պարզել, թե ինչ ԱՁ է, որին տանում են սնանկացման, եւ որի պարտապաններից մեկը ես եմ։ Պարզվեց, որ Փանիկ գյուղում գործող անասնակերի եւ ալյուրի առքուվաճառքով զբաղվող կազմակերպություն է, որն աշխատելով Սամվել Ալեքսանյանի համակարգում՝ սկսել է սնանկացման գործընթաց։ Խոսելով ԱՁ-ի պատասխանատուի հետ, թե ինչու եւ ինչպես եմ ես հայտնվել պարտապանների շարքում, ի պատասխան ասացին՝ դա սխալմունք է։ Արդեն հասկանալի է, թե ով եւ ինչու է «սխալվել»։ Այնուհետեւ էլեկտրոնային տարբերակով եւ փոստային ծառայության միջոցով դիմել եմ սնանկության գործով կառավարչին, որպեսզի ներկայացնի «հիմքերը»՝ իմ պարտապան լինելու մասով։ Չստանալով պատասխան՝ ավելի ուշ նմանատիպ գրություններ է ուղարկում փաստաբան Արայիկ Պապիկյանը, անցել է գրեթե երկու ամիս, ու ոչ մի պատասխան։

Դիմում եմ վարչապետի «հատուկ ծառայություններին»՝ «պարտապան օպերացիայով» ինձ հասկացնում եք, որ ինչ ուզենաք՝ գլխիս կսարքե՞ք։ Պատասխանը նույնն է, ինչ եղել է 1996-ից սկսած պետությունը կազմաքանդող բոլոր վիժվածքներին՝ պատասխան եք տալու յուրաքանչյուրդ, ձեր պատվիրատուների հետ միասին, իսկ վարչապետի ընտանիքի ապօրինությունների մասով գործը պետք է ունենա իրավական լուծում: Ինչպես պարբերաբար բարձրաձայնում են վարչապետն ու իր ընտանիքի անդամներն օրենքի գերակայության մասին։ Եվ այն պետք է իրականացվի առաջին հերթին իր ընտանիքի նկատմամբ։

ՀԳ 1․ Դեռեւս 2022թ. օգոստոսի 12-ին ահազանգել էի գլխավոր դատախազին, որ եթե իմ ընտանիքին ինչ-որ բան պատահի, անմիջական պատասխանատուն վարչապետն է։

ՀԳ 2․ Եթե նույն հետեւողականությամբ ու ջանասիրությամբ, ինչպես անձնական շահերն են պահում, նման մոտեցում լիներ պետական եւ ազգային շահերը սպասարկելիս, ապա 2020թ․ խայտառակ պարտությունն ու այսօրվա ողբալի վիճակը չէինք ունենա։

ՀԳ 3․ Երեւանի ավագանու ընտրությունների իմիտացիան ավարտվելու է թվանկարչությամբ, այնուամենայնիվ նրանք, որոնք գնալու են քվեարկության եւ քվեարկելու են ՔՊ-ի համար, մասնակից են դառնում Արցախի հանձնմանը, պետականության կազմաքանդմանը եւ վերջնական կապիտուլյացիային։

Պետրոս Մակեյան