Այսօրվանից նոր թիվ մեկ պատասխանատու եւ մեղավոր փնտրեք
Դատելով ամեն ինչից՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իր հայտարարած խաղաղության դարաշրջանը պսակվի նոր պատերազմով: Նա բացարձակապես չի վախենում այդ պատերազմից, որովհետեւ այն իր պաշտոնի հետ որեւէ առնչություն չի ունենալու: Ինքը կշարունակի վարչապետ աշխատել, ՔՊ-ն կլինի իշխանության, կգա ԱԺ եւ կհայտարարի, որ մենք չենք պարտվել այդ պատերազմում: Դրա ապացույցն էլ այն է, որ ինքը, ահա, վարչապետ է, ՔՊ-ն առաջվա պես՝ իշխանություն, իսկ տակն էլ ինչ մնացել է՝ ընդդիմություն: Նրան կհարցնեն՝ իսկ տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը պարտության նշան չե՞ն, եւ նա կպատասխանի՝ մենք Սյունիքի լեռների համար Հայաստանի Հանրապետությունը չէինք կարող վտանգել, իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա ես ծնկի եմ գալիս նրանց շիրիմների առաջ: Եռաբլուրի սահմաններն էլ, հասկանալի է, հասած կլինեն Էջմիածին, եւ ՀՀ կառավարությունը կորոշի Եռաբլուրի մուտքին մի սիմվոլիկ բան տեղադրել, որի առաջ Նիկոլ Փաշինյանը սիմվոլիկ ծնկի կգա, որպեսզի բոլոր շիրիմներին հատ-հատ չայցելի: Եվ, ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանը չի մոռանա եւս մեկ անգամ հիշեցնել՝ ինքը պատերազմի թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ երբեք թիվ մեկ մեղավորը:
Այսօր նրա այս արտահայտության վրա կուզենայի կանգ առնել: Ի՞նչ է նշանակում՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ» եւ «ես թիվ մեկ մեղավորը չեմ»: Արդյո՞ք այդ բառակույտում «պատասխանատուն» եւ «մեղավորը» մեկը մյուսին բացառում են: Իմ կարծիքով՝ ոչ: Ավելին, իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դրանք փոխլրացնում են միմյանց, եթե չասեմ՝ պարզապես գումարվում․ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան պարտությունների ե՛ւ պատասխանատուն է, ե՛ւ մեղավորը: Ես հարցին այսպես եմ նայում՝ եթե թիվ մեկ պատասխանատվություն ես ստանձնել երկրիդ անվտանգության համար, ապա տրամաբանորեն նաեւ թիվ մեկ մեղավորն ես՝ այդ անվտանգությունը չապահովելու դեպքում: Նիկոլի պարագայում սա բացարձակ ճշմարտություն է, քանզի նա ողջ պատասխանատվությունն էր կենտրոնացրել իր ձեռքում եւ, հետեւաբար, պարտավոր էր ուտել ողջ շիլան, որ եփվեց նրա բռնապետության անճարակության պատճառով:
44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի բռնապետությունը, իհարկե, սասանվեց եւ կփլուզվեր հաշված ժամերի ընթացքում, եթե նրան իշխանության բերած ուժերը չմիջամտեին եւ չկանխեին իշխանափոխությունը: Պարտության շոկի առաջին ալիքը վերապրած հայ զինվորականությունը 2021թ. փետրվարի 25-ին առանց դատ ու դատաստանի կորոշեր, թե ով է 44-օրյա պատերազմի պատասխանատուն ու մեղավորը, եթե ամերիկյան եւ անգլիական հատուկ ծառայությունները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջոցով հարցն անուշի չկապեին ու զինվորականությանն արտահերթ խորհրդարանական ընտրություններով չխաբեին: Ռազմական հեղաշրջումը վատ բան է՝ ասացին, մեզ ոչ ոք չի հասկանա: Տեր-Պետրոսյանն էլ էն կողմից ձայնակցեց՝ հա, շատ վատ բան է ռազմական հեղաշրջումը… Հիշում եք, չէ՞, այդ օրերը: Իսկ դրանից հետո արդեն, Նիկոլին իշխանության ղեկին պահելը Արեւմուտքի համար տեխնիկայի (ընտրակեղծարարության) հարց էր ընդամենը:
Մնալով իշխանության, Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի պատասխանատուն ու մեղավորը, այդպես էլ ոչինչ չկարողացավ անել պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ: Նա միայն խոսեց ու խոսեց այդ մասին, մինչդեռ հենց նրա խոսելու պահին մենք նորանոր տարածքային կորուստներ ու մարդկային զոհեր էինք ունենում: Մեռանք նրան բացատրելով՝ դու ոչինչ չես կարողանալու անել, դու այլեւս բանակցող չես, դու պարտված կապիտուլյանտ ես այլեւս, քեզ ոչ ոք չի լսելու եւ ոչ ոք քեզ հետ, Հայաստանի հետ հաշվի չի նստելու: Ասացինք՝ դու Հայաստանը վերածել ես մի օբյեկտի, որով այլեւս դու չես զբաղվում, այլեւս չես կարող պատասխանատու լինել, ու բացառապես քո մեղքով են արդեն տեղի ունենում հետպատերազմյան բոլոր դժբախտությունները: Լսե՞ց, հասկացա՞վ… Բնավ, երբեք: Պատուհասը որտեղի՞ց իմանա, որ ինքը պատուհաս է:
Ահավասիկ, նոր պատերազմի շեմին ենք: Երկար-բարակ չբացատրեմ, թե ինչու եւ ում շնորհիվ: Ամեն ինչ տալու եւ խաղաղ ապրելու Նիկոլի կուրսը դեմ է առել պատին: Ադրբեջանը, համարելով, որ Արցախն արդեն իր գրպանում է, աչքը տնկել է մեր երկրի մյուս տարածքների՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի վրա: Պատուհասն այլայլված դեսուդեն է ընկել, չգիտի՝ տերերի՞ց փրկություն աղերսի, թե՞ դաշնակցից, որին զանգելու համարձակություն չունի եւ միայն ծավալուն նամակներ է գրում: Ամեն ինչ խառնել է իրար, բոլորին հանել բոլորի դեմ:
Վերջին արկածախնդրությունն էլ հո իմացաք՝ Էրդողանին է զանգել, որ այսուհետ Թուրքիան հայ-ադրբեջանական խնդիրը կարգավորի: Իրանն անհանգիստ է, Ռուսաստանն անհանգիստ է, ԱՄՆ-ն անհանգիստ է, ՆԱՏՕ-ն անհանգիստ է, ՀԱՊԿ-ն չգիտի ինչ անել, անհանգիստ է, Ուկրաինան ոգեւորվել է, ԵՄ-ն ղզղնել է՝ ալտերնատիվ էներգակիրների հոտից… Մի խոսքով՝ սոդոմ-գոմոր, որի հանգուցալուծումը մեծամասշտաբ պատերազմով միայն կարող է գտնվել:
Իսկ ո՞վ կարող է ասել, թե ինչ կմնա Հայաստանից ու հայ ժողովրդից, եթե, Աստված մի արասցե, այդ պատերազմի թատերաբեմում Նիկոլը մեզ ղեկավարի: Հայեեեեր, ձայն է տալու, ում տանը ինչ կա՝ սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական շոր, կոշիկ, տռուսիկ, հագեք, հավաքվեք այսինչ տեղում, որ գնում ենք կռիվ: Մի՞թե միայն սա չի եղել Փաշինյանի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, եթե չհավատանք այն պնդումներին, որ նա պարտվողական պայմանավորվածություններ ուներ Ալիեւի հետ: Այսօր, սակայն, միայն Ալիեւը չէ: Թուրքիան է մեջ ընկել, ՆԱՏՕ-ն է քիթը կոխում, Իրանն է մատ թափ տալիս, Ֆրանսիան է ուզում իր նավերը զոռով հասցնել ադրբեջանական նավթին… Ռուսաստանին էլ էն օրը գցեց, որ Պուտինն արդեն հայտարարում է, որ Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի խնդիր չունի: Իսկ ո՞վ կուզենա խելագարի հետ խնդիր ունենալ: ՆԱՏՕ-ն էլ Նիկոլի հետ խնդիր չունի, Էրդողանն էլ, Ռաիսին էլ, ոչ ոք: Բոլորի խնդիրը տարածաշրջանն է, Հայաստանի «անբարենպաստ» դիրքը, որ խանգարում է իրենց ծրագրերին: Համարում են, որ Արցախը հորով-մորով արեցին, մնաց Հայաստանը:
Եվ հարց է առաջանում՝ Նիկոլը հիմա պատասխանատո՞ւ է, թե՞ մեղավոր, որ խաղաղության դարաշրջանը համառորեն չի հասնում Հայաստան: Առաջին հայացքից՝ նա պատասխանատու չէ, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո նա Հայաստանի համար որեւէ պատասխանատվություն չի ունեցել: Բայց առաջին հայացքից նա նաեւ մեղավոր չէ, ճիշտ այն աներես ճանճի նման, որի համեմատ գերտերության կարգավիճակ ունեցող կովերն անընդհատ պոչով քշում են ու թույլ չեն տալիս նստել իրենց վրա: Մնում է եզրակացնել՝ ճանճն ի՞նչ մեղք ունի, երբ կովը պոչ ունի: Եվ, ուրեմն, հարցը պետք է դնել այսպես՝ կկարողանա՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմից հետո նոր պատասխանատու եւ մեղավոր նշանակել, եթե, իհարկե, Հայաստանը մի հրաշքով պլստա կովերի թրիքի տակ մնալու հեռանկարից:
Կարծիքներ