Պուտինն ուզում է ասել` նախկինները հիմար էին, ներկաները կապիտուլյանտ հիմար են

Պուտինն ուզում է ասել` նախկինները հիմար էին, ներկաները կապիտուլյանտ հիմար են

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր այդ հայտարարությամբ ուզում է ասել, որ Հայաստանի նախկին նախագահները հիմար էին, իսկ այսօրվա վարչապետը ե՛ւ հիմար է, ե՛ւ կապիտուլյանտ»,- նշում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում սկանդալային հայտարարություն է արել՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ «Մենք առաջարկում էինք հակամարտության կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջանները, որոնք իր վերահսկողության տակ էին անցել հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարը ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի եւ ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց սրա հետ, թեեւ մենք տասնամյակներ շարունակ փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ կային, բայց, ի վերջո, ամեն ինչ հասավ նրան, ինչ կա: Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ «մարտնչելու ենք»։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ եւ դա արձանագրել է թղթի վրա՝ Պրահայի իր հայտարարության մեջ»,- հայտարարել է Պուտինը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` այս հայտարարությունը մանիպուլյատիվ է. «Տպավորություն է, թե բոլորը կողմ էին Քարվաճառի ու Լաչինի՝ հայկական մնալու հանգամանքին, հայերից բացի: Վլադիմիր Պուտինն իր այդ հայտարարությամբ փորձում է հայ-ռուսական վատթարացած հարաբերությունների մեղքը բարդել հայկական կողմի վրա: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Պուտինն ասեր, թե ինչ կարծիք ուներ ադրբեջանական կողմը: Տպավորություն է, թե Ադրբեջանը ցանկանում էր Քարվաճառն ու Լաչինը թողնել հայերին, եւ միայն Հայաստանն էր, որ համառորեն դեմ էր դրան: Եթե ՌԴ նախագահը ներկայացներ Ադրբեջանի դիրքորոշումը եւս, կարծում եմ՝ իրավիճակը միանգամայն այլ կլիներ: Ամեն դեպքում, եթե փորձենք Պուտինի ասածները թարգմանել, ապա կարող եմ ասել, որ նա պնդում է, որ Հայաստանի նախկին իշխանությունները հիմար էին, իսկ այսօրվա իշխանությունները կապիտուլյանտ հիմար են: Նրա ասածը դա էր նշանակում: Կարծում եմ, որ Պուտինի ասածներին պետք է արձագանքեն ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, ինչպես նաեւ այսօրվա վարչապետը, որովհետեւ Պուտինի մեղադրանքները հենց նրանց էին ուղղված, նա խոսեց դեռեւս 15 տարի առաջվա մասին»: Նրա կարծիքով` Պուտինի այս հայտարարություններն արդարացում են, որպեսզի Հայաստանում փոքր-ինչ մեղմվեն օր-օրի ահագնացող հակառուսական տրամադրությունները։

«Ռուսաստանը շատ լավ տեսնում է, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կտրուկ գլուխ են բարձրացրել` ոչ անհիմն: Այժմ Ռուսաստանի նախագահը փորձում է Հայաստանի իշխանություններին մեղավոր կարգել, իբր իրենք իրենց բոլոր պարտականությունները կատարել եւ կատարում են, իսկ ահա Հայաստանը խելամիտ չէ եւ չի էլ եղել, արդյունքում ստեղծվել է այս քաոսը»,- նշեց նա: Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի հետ որեւէ խնդիր չունեն եւ որ հաճախ հեռախոսազրույցներ են ունենում վարչապետ Փաշինյանի հետ. «Իրականում դա այդպես չէ, որովհետեւ եթե անգամ Պուտինն ու Փաշինյանն ունեն նորմալ հարաբերություններ, միեւնույն է` Հայաստանում Ռուսաստանը չի ընկալվում որպես լուրջ ռազմավարական դաշնակից: Այսօր Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը լրիվ այլ է: Ռուսաստանը չի ընկալվում այսօր որպես բարեկամական երկիր: Ռուսաստանի Դաշնությունն ունի ահռելի պարտականություններ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, սակայն այդ պարտականությունները չի կատարում, փաստը դա է: Թե որ կողմն է ամենամեղավորը, որ կողմը` քիչ մեղավորը, դա հարցի մյուս կողմն է»,- եզրափակեց քաղաքագետը: