Ալիեւը հասկանում է, որ վաղը կարող է իր համար ուշ լինել

Ալիեւը հասկանում է, որ վաղը կարող է իր համար ուշ լինել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

- Վերջին օրերին ադրբեջանական տելեգրամ ալիքներում լուրեր կան, որ հայկական զինված ուժերն Արցախի Հանրապետությունից դուրս են բերվում: Ի՞նչ է դա նշանակում:

- Անկեղծ ասած` չեմ տեսնում նման հեռանկար, ինչու՝ որովհետեւ այժմ Արցախում ձեւավորվել է պետականամետ իշխանություն, որը շատ հստակ կանգնելու է Արցախի պաշտպանության դիրքերում, նիկոլական իշխանության ազդեցությունն Արցախում զրոյացած է, եւ եթե ինչ-որ մեկին ձեռնտու կարող էր լինել հայկական զինված ուժերն Արցախից դուրս բերել, դա միայն նիկոլական իշխանությունն էր: Դե, Արցախում նիկոլական իշխանությունն այլեւս չունի որեւէ ազդեցություն, իհարկե, ես չեմ կարծում, թե նոր նախագահը շատ կտրուկ կհակադրվի այստեղի իշխանություններին` մեկ պարզ պատճառով` Արցախը հազար ու մի կապով կապված է մայր Հայաստանին, բայց, ամեն դեպքում, Արցախի իշխանությունները սկզբունքային կլինեն եւ շատ ավելի հստակ, կտրուկ կմերժեն նիկոլական իշխանությանը: Արայիկ Հարությունյանը եւս մերժում էր, սակայն դիվանագիտորեն, իսկ հիմա «ոչ»-ը կլինի առավել հստակ: Նշեմ նաեւ, որ Հայաստանից Արցախում գրեթե զինվորական ուժեր չկան, խոսքը կարող է լինել կամավորների մասին: Այս պահի դրությամբ իրավիճակն այնպես է դասավորվել, որ Արցախի պաշտպանության ողջ բեռը կրում է Արցախի Պաշտպանության բանակը, իր ռեսուրսներով` ժամկետային եւ պայմանագրային հիմունքներով հավաքագրված զինվորներով, ինչու չէ՝ նաեւ աշխարհազորով, նաեւ ռուսական ուժերն ունեն այստեղ մեծ ազդեցություն: Իհարկե, մեր հայրենակիցներն ունեն օբյեկտիվ դժգոհության առիթ ռուսական կողմից, որովհետեւ նրանց հակազդեցությունն այնպիսին չէ, ինչպիսին որ մենք ակնկալում ենք, սակայն ես վստահեցնում եմ, որ ռուսական գործոնն իր տեղն ու դերն ունի այսօր Արցախի գոյության հիմքում: Ռուսական աջակցությունը գուցե տեսանելի չէ, սակայն հստակ առկա է: Եթե այսօր այն չլիներ, Արցախն ուղղակի արյունաքամ կլիներ եւ չէր դիմակայի Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության համատեղ հարվածներին: Վերադառնալով Ձեր հարցին, ապա ես չեմ կարծում, որ Արցախում այսօր կան ուժեր, որոնք նիկոլական ռեժիմին ենթարկվում են, իսկ եթե Ալիեւն է խնդիր դնում՝ զորքն Արցախից հանել, ապա կարող ենք փաստել, որ նա այդ պահանջը դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո է դրել: Հիմա պետականակենտրոն իշխանություններ են Արցախը ղեկավարում, այնպես որ՝ վստահ եմ, որ նրանք իրենց խոսքն ասելու են: Ռուսաստանին այսօր ձեռնտու է հայկական ռեգիոնի գործոնը տարածաշրջանում: Նրանք ամեն կերպ փորձում են նպաստել, որպեսզի Արցախում հայկական բանակի ներկայությունը կայուն լինի, որպեսզի վերականգնվի մարտական ներուժը:

- Հայաստանում նախապատերազմական մթնոլորտ է, կա կարծիք, որ շուտով Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսելու Հայաստանի դեմ: Սա որքանո՞վ եք իրատեսական համարում:

- Երեկ երեկոյան էլի կրակել են, ունեցել ենք մեկ զոհ, սա արդեն վատ է: Սահմանին կուտակումներ են: Սա Ալիեւի վերջին հնարավորությունն է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը ղեկավարում, քանի դեռ Ռուսաստանի հիմնական ջանքերն ու ռեսուրսներն ուկրաինական ճակատում են…. Ադրբեջանը ցանկանում է հարվածել Հայաստանին, սակայն կան որոշակի ռիսկեր Ադրբեջանի համար: Արցախը նիկոլական ազդեցության գոտուց դուրս է եկել, եւ այնտեղ եթե հարված լինի, ռուս-արցախյան համատեղ ուժերով լրջագույն դիմադրություն կցուցաբերվի, եւ դեռ մեծ հարց է՝ Արցախից տարածքներ կպոկի՞ նույն այդ Ադրբեջանը, թե՞ հենց ինքը տարածքներ կկորցնի: Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է, նախ՝ որովհետեւ բանակի մարտունակությունը լիարժեք վերականգնված չէ: Այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, եւ հետո՝ Ռուսաստանի օգնության հնարավորությունն այս իշխանությունները փորձում են չեզոքացնել հակառուսական պրիմիտիվ պրովոկացիաներով: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ ռուսական կողմն Իրանի հետ միասին հնարավոր ագրեսիայի պահին իր վճռորոշ խոսքն ասելու է:

- Ինչո՞ւ եք այդքան վստահ:

- Որովհետեւ Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանն իր խունտայի հետ միասին նույնականացված չէ Հայաստանի Հանրապետության հետ: Ռուսաստանի եւ Իրանի համար Հայաստանի անկումը գոյաբանական խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի՝ հարավային, Իրանի` հյուսիսային սահմաններին: Վերջին 2 տարվա փորձը մեզ հուշում է, որ Ռուսաստանը թեպետ բոլոր տեսակ արհեստական խոչընդոտներին, որոնք Հայաստանի իշխանություններն են ստեղծում, իր խոսքն ասում է: Հենց մեկ տարի առաջ 102-րդ ռուսական ռազմաբազան իր խնդիրը կատարել է, երբ Ջերմուկում մարտեր էին ընթանում: Ասվեց, որ մարտական խնդիր է դրվել բազայի առջեւ, եւ իրենք դուրս են եկել այն լուծելու: Ռուսական ավիացիան իր խնդիրն այդ օրերին լուծել է: Դա շատ կարեւոր է: Հիմա էլ է այդպես լինելու: Այժմ ամեն հնարավոր բան արվում է, որպեսզի Ռուսաստանը հակազդեցության ճանապարհով գնա եւ մեր որոշ գործողություններին պատասխանի անտարբերությամբ, սակայն այդպես չի լինելու: Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ այս հակառուսական խաղերի նպատակը որն է, եւ, ըստ էության, դրանք անտեսում է: Երեկ էլ Վլադիմիր Պուտինի խոսքի մեջ 2 կարեւոր հանգամանք առանձնացրի: Առաջինն այն է, որ Պուտինն ընդգծեց, որ ռուսական խաղաղապահները շարունակում են գործել, իսկ դա նշանակում է, որ ռուսները որեւէ կերպ Արցախից դուրս չեն գալու, եւ ամենակարեւորը` Պուտինն օգտագործեց «Էթնիկ զտում» տերմինը, իսկ դիվանագիտական բառապաշարում դա նշանակում է մեղադրել պոտենցիալ հանցագործության մեջ: Սա լինելու է այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա հիմնվելով՝ ռուսները մնալու են Արցախում` իրականացնելով ռազմահումանիտար օպերացիա: Սրանք հստակ մեսիջներ էին թե՛ Փաշինյանի իշխանությանը եւ թե՛ Իլհամ Ալիեւին: Վերադառնալով պատերազմին՝ նշեմ, որ դրա հավանականությունը շատ մեծ է: Զսպող գործոնը ռուս-իրանական հակազդեցության հեռանկարն է: Հայկական բանակի մարտունակության վրա չեմ կասկածում` հմուտ կառավարման դեպքում հիմա էլ կարող է բանակն անել իր գործը, սակայն, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը հասկանում է, որ կարող է վաղն իր համար ուշ լինել, այսօր փորձելու է սադրանքի գնալ: Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին խոսելով` մեզ հասցրեց պատերազմի: