«Հրապարակ». Ծանր հանցագործությունների բացահայտման վրա թքած ունեն

«Հրապարակ». Ծանր հանցագործությունների բացահայտման վրա թքած ունեն

Հոկտեմբերի 3-ը ներքին գործերի նախարարության համար սեւ ուրբաթ էր։ ՆԳՆ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս արձանագրվեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում կրկին հանցավորության աճ է գրանցվել եւ բացահայտելիության անկում։ 

Հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1%-ով, առանձնապես ծանր հանցագործություններինը` 680-ով։ Աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների եւ կաշառակերության դեպքերը: Իհարկե, այս խայտառակ պատկերը մեղմացնում է այն, որ սպանությունների աճը պայմանավորված է նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով, որոնց համաձայն՝ հանկարծամահության դեպքերով սպանության վարույթներ են հարուցվում, կամ` գողությունները նվազել են։ 

Բայց ծանր հանցագործություններով բացահայտման ցածր ցուցանիշը՝ 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%, ու հատկապես թմրամիջոցների շրջանառության գրեթե հնգապատիկ աճը մտահոգիչ են։ «Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351)»։ Հրապարակված թվերը խնդրեցինք մեկնաբանել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանին։ 

- Ինչպե՞ս կարող է թմրամիջոցների ապօրինի շրջանառության այսպիսի ահռելի աճ լինել մեկ տարում՝ 300 տոկոսով։ Ի՞նչ է սա նշանակում։ 

- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի վիճակագրությունը նայելիս պետք է իմանալ, թե դրանցից որքանն է իրացումը։ Ես համոզված եմ, որ դեպքերի մեծ մասը որակել են որպես թմրամիջոցներ պահել, այսինքն՝ դրանց մեծ մասը եղել են օգտագործողներ, որոնց մոտ գտել են ու գրել են՝ պահում են։ Ու հիմա ցուցադրում են, թե, տեսեք, թմրամիջոցների դեմ պայքար է։ 

- 20 տոկոս բացահայտումը քիչ չէ՞։ 

- Շատ քիչ է, բայց սա օբյեկտիվ ցուցանիշ է։ Որովհետեւ ոստիկանության գլխավոր խնդիրը հիմա ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ՝ իշխանությունը բռնազավթած անձանց եւ նրանց ընտանիքների պահպանությունն է, ընդդիմադիրներին ճնշելն ու գազանություններ անելն է, զոհվածների ծնողներին ճնշելն է։ Ոստիկանի աշխատանքը սա է։ Դրանով են գնահատում ոստիկանի աշխատանքը։ Իսկ հանցագործությունների բացահայտման վրա՝ 20 տոկոս է, թե ինչքան, թքած ունեն։ Ու նկատեք, որ ոչ մի գործ դատարան չի գնում։ Կալանքն էլ օգտագործում են որպես պատժամիջոց։ Ամիսներով պահում են բանտում, հետո թողում են։ Մանավանդ, այսօրվա Քրդատով էլ կասեցում չկա, մինչեւ կյանքի վերջը քրեական գործերը որպես մահակ կպահեն այդ անձանց գլխին։ Այնպես որ, դրանք օբյեկտիվ թվեր են։