Դժգույն ու դժբախտ երկիր

Դժգույն ու դժբախտ երկիր

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հարաբերությունները բնութագրելու համար ժողովուրդը լավ խոսք ունի, ասում է` «վախը բռնել են»: Ադրբեջանը «բռնել է» ՀՀ իշխանությունների «վախը», օգտվելով նրա վախերից` ինչ ուզում, թելադրում է: Ժամանակին Շուշիի մասին «դժգույն, դժբախտ քաղաք» ասող, Սեւ լճի ձյունապատ սարի մասին հայտարարություններ անող, Արարատի` մեր գերբի վրա լինելու փաստից զարմացող եւ այլընտրանք` Արագած սար առաջարկող Փաշինյանը, հավանաբար, չէր էլ հասկանում, թե ինչ անդառնալի հետեւանքներ են ունենալու իր այդ եւ բազում այլ հայտարարություններ: Ինչպես է ոսոխը «բռնելու իր վախը» եւ օգտվելու դրանից:

Երբ դու զորավարժություններից հրաժարվում ես` ասելով, որ նպատակահարմար չենք գտնում անել, որովհետեւ մեր հարեւանները դրանք որպես ագրեսիա են դիտարկում: Երբ ասում ես, որ մենք չենք պատրաստվում Արցախի մեր հայրենակիցներին պաշտպանել` դրա պարտականությունը ռուսներինն է, եւ հանձնարարում ես Արցախի նախագահին` ամեն ինչ անել, որ ռազմական գործողությունները ՀՀ տարածք չտեղափոխվեն, քո հակառակորդն ուրախությունից ձեռքերն է շփում` հասկանալով, որ գտել է թույլ տեղերդ, «ատամներդ հաշվել», եւ նորանոր զիջումներ կորզելն ընդամենը տեխնիկայի հարց է: Եվ իր պահանջների պլանկան ժամառժամ բարձրացնում է: Ստացա՞վ անկլավները վերցնելու խոստումը՝ հերթը սովետական տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերաբնակեցումն ապահովելունն է: Կանգնեցրե՞ց Երասխի գործարանի կառուցումը՝ այլեւս բոլոր նոր կառուցվող գործարանները ստիպված ես լինելու իր հետ համաձայնեցնել: Ճանապարհները բացվեցի՞ն՝ կգա վերաբնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու եւ նրանց իրավունքները պաշտպանելու հերթը, եւ մի օր կտեսնենք` Հայաստանն այլեւս չկա: