Գյուղացին հողից է խռովել, հողը՝ գյուղացուց

Գյուղացին հողից է խռովել, հողը՝ գյուղացուց

50-ականներին, երբ փոքր էինք, մեր գյուղերում մի ամբողջ ձմեռ հա կարանտին  էր ու կարանտին... Ժողովուրդը վաղ գարնանից մինչ ուշ աշուն վարում, ցանում, հնձում, կալսում էր, ու ամբողջ ձմեռը 8-10 հոգով, երբեմն էլ ավելի մեծ գերդաստաններով կարանտին էին մտնում: Տատս, բոլոր տատիկների նման, սկսած ամռան աշխատանքների թեժ պահից, պապիս հորդորում էր, որ մի մետր հող անգամ պարապ չմնա՝ երեխատեր ենք, չգիտես ինչ ձմեռ կլինի: Ինչքան հիշում եմ, էդ ձմեռներն էլ շատ ձյունառատ ու խստաշունչ էին լինում ՝ դուռ ու կտուր էին ծածկում... Էս մեր պապերն էլ, իրենց զավակների, հասուն թոռների օգնությամբ, ինչքան հող ու միչագներ ունեին, կարտոֆիլ ու կաղամբ էին ցանում: Նույնիսկ ցորեն կամ գարի ցանելու համար հեռավոր սարերի ու ձորերի լանջերն էին մշակում: Եվ լավ էլ բերք էին ստանում: Կարճ ասած՝ հույսներն իրենց վրա էին դնում: Դեռ ավելին՝ լավ բերքի ժամանակ Երեւանից կամ կողքի հանրապետություններից առեւտրականներ էին գալիս ու մեր բերքի ավելցուկը գնում:

Էս երեք տասնամյակ է, ինչ հողերը սեփականաշնորհվել են... Թվում էր, ամեն ինչ կկրկնապատկվի, սակայն միայն թվում էր՝ ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Սեփականաշնորհված տեխնիկան ոչնչացրին, հողերն էլ անմշակ ու անջրդի դարձրին։ Մեղավորներ չփնտրենք, որ շատ խորանանք, հազար ու մի պատճառ կգտնենք... 

Մի բան պարզ է, որ գյուղացին հողից խռովեց, հողը՝ գյուղացուց: Գյուղացին այսօր նույն քաղաքացին է: Հացը, բանջարեղենը, նույնիսկ կանաչին, այսպես կոչված, գյուղական «սուպերմարկետներից» է գնում: 

Հեռուն չէին ուզում տեսնել, էնքան որ՝ հինը ոչնչացնեն, ավերեն, ինչպես ժամանակին հեղափոխական պրոլետկուլտականներն էին անում, ինչ է թե խորհրդային է։ Թե մեր պապերի ու հայրերի ստեղծած բարիքների խորհրդային լինելս որն էր: Պարզապես հեռուն չէին տեսնում, ոմանք էլ միայն իրենց օջախի կրակն էին ավելացնում կամ պղտոր ջրում ձուկ որսում: Իսկ եթե հեռուն տեսնեինք, այսօրվա դժվարին կացության մասին մտածեինք ու մեկ էլ բանան, այո, այո՝ բանան ներկրելու  հետեւից շատ չընկնեինք, հիմա գյուղերում մասսայաբար նիսյայով հաց չէինք առնի: Ինչ եղել՝ եղել է, չխորանանք, պիտի առաջ նայել:

Ամռանը մշտապես Սպիտակում եմ հանգստանում: Ինձ համար ամենամեծ հանգիստը մանկությանս արահետով, դպրոցիս ճամփով, հանդ ու դաշտով շրջելն է, ծանոթ-անծանոթի հետ զրուցելը։ Սիրտս ցավում է, երբ հսկայական հողակտորներ, հանդեր չեն մշակվում, ամուլ են... Ժապավենի պես աչքիս առաջ են գալիս հին ժամանակները, երբ ժողովուրդը մրջյունի պես դաշտերը լցված՝ բերք ու բարիք էր հավաքում... էլ չասեմ մի քանի մետր հողակտորի, ջրի համար, հարեւանը հարեւանի հետ կռիվ էր տալիս: Հիմա անմշակ, անտեր հողեր՝ ինչքան ուզես... Մեր պապերը որ սա տեսնեին, մեղմ ասած, ամոթանքի պակաս չէինք ունենա:

Ասելիքս հստակեցնեմ: Ժամանակն է, որ ղեկավարով, ենթակայով, մտավորականով դեպի գյուղը շրջվենք, եւ որտեղ ջրի խնդիր կա, հնարավորինս լուծենք: Ավերված ու շարքից հանված պոմպակայանները վերականգնենք, ջրամբարները նորոգենք։ Ի վերջո, մեր ջուրը մեզ պիտի ծառայի, ոչ թե Կասպից ծովը լցվի: Աշխատող գյուղացուն պիտի անհատույց ֆինանսավորել, ասել՝ սա միայն վարուցանքսի համար է, եթե հողի վրա չաշխատեցիր, տված փողը հետ ենք վերցնելու: Ավելին, աշնանը գնանք նրա դուռը, հաշվետվություն պահանջենք, իսկ բերքի ավելցուկն էլ վերցնենք հայոց պանծալի բանակի համար: 50-ական թվականներին նման բան եղել է: Թե չէ՝ Արարատյան դաշտի մեծ մասն այսօր ծաղկանոցների ենք վերածել: Գեղեցիկը բոլորս ենք սիրում, միայն առաջնայինն ու երկրորդականը դասակարգել է պետք: Հետո էլ կասենք՝ պլանային տնտեսությունը վատ բան էր...  

Չգիտեմ՝ գյուղատնտեսության վերաբերյալ ինչ օրենքներ ու  ակտեր ունենք, սակայն ամեն ինչ պիտի անել, որ գյուղացին հողից չխռովի, հողն էլ՝ գյուղացուց։ Այս գործում մեծ անելիք ունեն նաեւ մասսայական ինֆորմացիայի աղբյուրները: Նրանք էլ, բոլորի հետ միասին, փոքր-ինչ պետք է շրջվեն դեպի գյուղը: Թե չէ՝ շրջափակված մեր երկիրը սպասվելիք էս արհավիրքներին չի դիմանա։

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ