Գլխավորը մարդն է, ոչ թե համաճարակը

Գլխավորը մարդն է, ոչ թե համաճարակը

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի արտիստներն առցանց տիրույթում հանդես կգան նոր նախագծով, որը կկոչվի «Առականի»: 

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ պայմանները թելադրեցին` ինչպես եւ ինչ անել այս օրերին: «Մնա տանը» նախաձեռնության շրջանակներում թատրոնը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկեց ստեղծել «Առականի» առցանց նախագիծ։ «Շատ հետաքրքիր գրական ժանր է առակը: Հեքիաթը, պիեսը, պատմվածքն իրենց տեղն ունեն, բայց առակներին, առհասարակ, քիչ ենք անդրադառնում, մինչդեռ այն ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծերի համար շատ արժեքավոր գրական նյութ է՝ իր իմաստներով, խրատներով, եզրակացություններով, քննարկումներով, ուսոցողական բնույթով, եւ դրա համար որոշեցինք ստեղծել առականի»,- ասում է Նավասարդյանն ու նշում, որ առակներ ունեն ոչ միայն Գոշն ու Այգեկցին, այլ նաեւ Սարոյանը, որոնց առաջիկայում կանդրադառնան: 

Նախագիծը սկսել են դեռ թատրոնի դերասանական կազմի մի մասի հետ անել, հաջողություն արձանագրելուց հետո ձեռնամուխ կլինեն թատրոնի ողջ կազմով: Հաղորդումները կտեղադրվեն թե՛ թատրոնի, թե՛ նախարարության ֆեյսբուքյան էջերում, իսկ դրանք մոնտաժելուց հետո ավելի հստակ կլինի, թե ինչ հաճախականությամբ հասանելի կլինեն օգտատերերին. «Ամենայն հավանականությամբ, ամեն օր երկուական հաղորդում կլինի: Տեսագրության ձեւաչափով դերասանը պատմում է առակը ունկնդրին եւ մյուս դերասանին, ում հետ կարճ քննարկում է լինում, որից հետո առաջարկում ենք քննարկումը տեղափոխել տուն, այնտեղ քննարկել, իսկ առակի հետ կապված լավագույն մեկնաբանությունները կստանան Համազգային թատրոնի որեւէ ներկայացման հրավիրատոմս»: 

Այս օրերին բոլոր կրթամշակութային օջախներն անցել են առցանց ռեժիմի, Համազգային թատրոնն ինչպե՞ս է իր գործունեությունն այս ընթացքում կազմակերպում։ «Շատ անսովոր է ներկայիս վիճակը: Նոր ներկայացման պրեմիերայի էինք պատրաստվում, դեկորացիան պատրաստման փուլում էր, կանգ առավ ամեն ինչ, բայց չեմ կարծում, որ այս վիճակը կարող է պատճառ դառնալ աշխատանքները դադարեցնելու, այս դադարը պետք է ճիշտ օգտագործենք, հիմա, օրինակ, ուրիշ բան ենք անում: Հենց այս ամենը վերջացավ, նորից շատ ակտիվորեն կսկսենք մեր աշխատանքները»,-ասում է նա ու նկատում, որ հիմա դերասանները տանն են, բոլոր փորձերը հետաձգված են:

Թատրոնի տնօրենն ասում է, որ չունեն հեռարձակման համար պատշաճ որակի ձայնագրված ներկայացումներ, որպեսզի նաեւ առցանց հեռարձակեն, բայց ունեն սեղանի շուրջ արված պիեսների թատերականացված ընթերցումների ձայնագրություններ, որոնցից մեկի` «Այդ երեխան», ընթերցանության տեսագրությունն արդեն հասանելի է թատրոնի ֆեյսբուքյան էջում: 

Համաճարակով պայմանավորված, այս օրերին կանգ է առել նաեւ Համազգային թատրոնի շենքի շինարարությունը. «Եթե այն տեմպերով շարունակվի, ինչ եղել էր մինչ այս կարանտինը, ապա կարծում եմ, որ շատ արագ կստանանք թատրոնի շենքը, որովհետեւ բավականին աշխատանք է արվել` ներքին հարդարումն է գրեթե 50 տոկոսով արվել, արտաքին հարդարումը կանգ առավ, բայց, ընդհանուր առմամբ, շատ արագ են աշխատում եւ նաեւ՝ շատ որակով: Ես պարբերաբար այցելում եմ շինհրապարակ եւ տեսնում, թե ինչ բարձր որակով ու պրոֆեսիոնալիզմով են աշխատում շինարարները»: 

Շենքի հանձնումն ի սկզբանե նախատեսված է եղել օգոստոս ամսին, եթե իրավիճակն ավելի չսրվի, ապա կհասցնեն ժամկետների մեջ ավարտել. «Հիմա կոնկրետ պլանավորել չենք կարող, որովհետեւ այնպիսի բաներ են տեղի ունենում, որ մեր ձեռքում չեն, Աստված առաջ»:

Երբ այս ամենն ավարտվի, իրեն՝ որպես տնօրենի ու նաեւ դերասանի, հետաքրքիր կլինի՞, եթե այս օրերի մասին թատրոնում որեւէ գործ բեմադրվի։ «Ամեն ինչի եւ ցանկացած երեւույթի մասին կարող ենք բեմադրել, եթե դրա առանցքում մարդն է: Այսինքն՝ որեւէ բանի մասին չի կարելի նկարել կամ բեմադրություն անել ընդամենը նրա համար, ինչ է թե այդ թեման ակտուալ է: Եթե կա մարդկային ճակատագիր, մարդկային խնդիր` ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մենք մարդու, մարդկային փոխհարաբերությունների մասին ենք խոսում, եւ մեր աշխատանքը մարդու հետ է: Եթե նման պիեսներ լինեն` լավ գրված, հետաքրքիր, եւ հարցին այդ տեսանկյունից նայեն, որ գլխավորը մարդն է, ոչ թե համաճարակը, իհարկե, կարելի է բեմադրել, որովհետեւ համաճարակը, պատերազմը կամ մյուս բաները, առհասարակ, չեն կարող թատրոնի նյութ լինել, պետք է առանցքում մարդը լինի, մարդու ճակատագիրը, նրա խնդիրներն ու փոխհարաբերությունները»: