Ասեղ փնտրել խոտի դեզի մեջ

Ասեղ փնտրել խոտի դեզի մեջ

Օրենքը, որով կառավարությունն արտակարգ դրության ժամանակ պետք է վերահսկեր մարդկանց տեղաշարժը, հեռախոսազրույցները, երեկ ինչ-ինչ պատճառներով չանցավ երկրորդ քվեարկությամբ։ Միգուցե կառավարությունը հասկացա՞վ, որ սա չափազանց է, քանի որ նախագիծը շոկի մեջ էր գցել շատերին։ Անգամ նրանք, ովքեր ի սկզբանե հիացած չեն եղել Նիկոլ Փաշինյանով ու թիմով, զարմացած են՝ ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել։ 

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում սա որակեց որպես անօգնական մոտեցում կորոնավիրուսի տեսանկյունից եւ տոտալ վերահսկողություն՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ «Օրենքը որեւէ կապ չի կարող ունենալ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ, որովհետեւ այդ տոտալ եւ տոտալիտար միջոցառումը, որը նախատեսված է դրանով, ամենեւին չի բերելու այն արդյունքին։ Ասել է թե՝ նույն բանն է, ինչ ասեղ փնտրես խոտի դեզի մեջ»։ Հիշեցնենք․ համաճարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն ուզում էր իրավունք ստանալ՝ միջամտելու քաղաքացիների անձնական տվյալներին․ բջջային օպերատորները պարտավորվում էին տրամադրել հաճախորդների տեղորոշումը ու նրանց կատարած զանգերի տվյալները՝ պարետատանը։ Լարիսա Ալավերդյանն ասում է․ եթե մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության նման ոտնահարումները կարող էին արդարացվել արտակարգ իրավիճակով ու կորոնավիրուսով, ապա Եվրոպայում էլ կորոնավիրուսի համաճարակ է, բայց այնտեղ ոչ ոք դրակոնյան օրենքներ չի ընդունում։ «Նման բան չկա, այսինքն՝ մենք առաջինն ենք այդ գյուտն անում։ Եվ եթե դա լիներ ընդունելի, ապա, հավատացեք, դրանք անմիջապես կկիրառվեին պետություններում, որոնց ընտանիքի մեջ մենք ենք»,-մեկնաբանեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։ Նրա խոսքով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 4-րդ հոդվածում կան կարգավորումներ՝ արտակարգ իրավիճակի հետ կապված։ Մասնավորապես, այն դեպքերի, թե ինչ սահմանափակումներ կարող են լինել այն ժամանակահատվածներում, երբ վտանգված են հանրային առողջությունն ու պետության անվտանգությունը։ Նախ, դրա մասին պետք է հայտնվի Միավորված ազգերի կազմակերպությանը։ 

Լարիսա Ալավերդյանը հարցնում է՝ արդյոք հայտնե՞լ են դրա մասին։ Նաեւ ասում է, որ միջազգային օրենսդրության մեջ կա այսպիսի հասկացություն՝ «մարդու իրավունքների սահմանափակումների սահմաններ»։ Այդ սահմանների հիմնական գաղափարն այն է, որ որքան էլ նման անհրաժեշտությունների պահանջ լինի, միեւնույն է՝ դրանք պետք է հարիր լինեն ժողովրդավարական պետության սկզբունքներին, լինեն առկա ռիսկերին համաչափ։

Նա մեջբերեց նույն համաձայնագրի մեկ այլ՝ 6-րդ հոդվածը, որն ասում է․ «Վերը թվարկված իրավունքները չեն կարող լինել որեւէ սահմանափակումների առարկա, բացի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն օրենքով»։ Լ․ Ալավերդյանը հավելեց, որ Եվրոպական կոնվենցիայով չի թույլատրվում մարդու անձնական կյանքին հանրային իշխանությունների կողմից միջամտոթյունը, բացի այն դեպքերը, երբ դա նախատեսված է օրենքով։ «Սա կա, բայց կարդում եմ՝ «․․․եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ՝ ազգային անվտանգության, հասարակական կարգի ու հանրության առողջության պահպանման համար»։ Այսինքն՝ ժողովրդավարական նորմերը դրվում են որպես վերին աստիճանի սահմանափակող որեւէ սահմանափակումների ժամանակ»,- մեկնաբանում է նա։

Մինչդեռ այս նախագծով իրավունք է տրվում միջամտել ցանկացած մարդու անձնական կյանքին, անկախ նրանից՝ նա կապ ունի՞ կորոնավիրուսի հետ, թե՞ ոչ։ Այսինքն՝ տեղորոշել նրա գտնվելու վայրը, անձանց շրջանակը, որոնց հետ խոսել է։ Հայաստանի առաջին օմբուդսմենը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է օրենք ընդունվի 2․5 միլիոն բնակչության ու 15 օրվա համար։ «Ինչո՞ւ պետք է դա որպես օրենք մտցվի․ եթե կան կոնկրետ ինչ-որ բաներ, որոնք պետք է վերաբերեն կոնկրետ անձանց, որոնք կարող են առնչություն ունենալ կորոնավիրուսի հետ, ապա դա պետք է աներ Տիգրան Ավինյանը՝ ինչ-ինչ ձեւերով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։