ՊԵԿ-ը թաքցնում է Իրան արտահանվող սպիրտի ծավալը

ՊԵԿ-ը թաքցնում է Իրան արտահանվող սպիրտի ծավալը

Մարտի 19-ին հայտարարվեց, որ մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակվում է: Այդ արտադրատեսակների թվում են շնչառական եւ այլ դիմակները, վիրակապերը, բամբակը, թանզիֆը, վիրաբուժական ձեռնոցները, քիմիական պաշտպանության կոմբինեզոնները, ախտահանիչ նյութերը, էթիլային սպիրտը, այլ նյութեր ու պարագաներ: Մենք տեղեկություն էինք ստացել, որ դեպի Իրան արտահանման է նախապատրաստվում էթիլային սպիրտի մեծ ծավալ, այն դեպքում, երբ մեր դեղատներում բժշկական սպիրտի ակնհայտ պակաս է զգացվում: Օրվա վերջում եղած սուղ քանակությունը վերջանում է, իսկ խանութներում սպիրտն այնքան թանկ է, որ մարդիկ չեն գնում՝ կես լիտրը «Երեւան սիթի»-ներում արժե 2 հազար 600 դրամ, իսկ «Նատալի Ֆարմ» ընկերության դեղատներում 100 գրամ 70 տոկոսանոց էթիլային սպիրտի գինը 300 դրամ է: 

Մարտի 24-ին դիմել էինք ՊԵԿ, խնդրելով հայտնել, թե որքան էթիլային սպիրտ է արտահանվել Իրան մարտ ամսին: Այնտեղից մեզ հրաժարվեցին պատասխանել, պատճառաբանելով, թե սպիրտի արտահանումն Իրան կարող է թույլատրվել միայն առողջապահության նախարարության համաձայնությամբ: «Մարտ ամսվա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար առաջարկում ենք դիմել ՀՀ կառավարության 24.02.20 թիվ 197-Ն որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնին՝ առողջապահության նախարարությանը», - հայտնում է ՊԵԿ-ը, թեև այդ մարմին մենք դիմել էինք հիշյալ որոշումումը ընդունելուց երեք օր առաջ՝ փետրվարի 19-ին:  

Առողջապահության նախարարությունից էլ պատասխանեցին, որ պետք է դիմենք ՊԵԿ, ապա խորհուրդ տվեցին հարցում ուղարկել: Սա նշանակում է, որ պետական մարմինները հակված չեն Իրան մատակարարված սպիրտի մասին տեղեկություններ հրապարակել, ինչն ակամայից հաստատում է մեր ունեցած տեղեկությունները: