Օնիկ Գասպարյանի կարեւորագույն դասը մյուս ուժայիններին

Օնիկ Գասպարյանի կարեւորագույն դասը մյուս ուժայիններին

Հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է օր-օրի ահագնացող քաղաքական հետապնդումների գործիքն ու վարչապետի կամայականությունների սպասարկուն, այդ ամենը՝ ԱՄՆ-ի ու ԵՄ դեսպանների, իրականում՝ Փաշինյանի իշխանության հայաստանյան տեղապահների թողտվության պայմաններում։ Որեւէ բնորոշում կամ արդարացում չունեն այն հավատարմությունն ու կույր ծառայամտությունը, որով քննիչները, դատախազներն ու ոստիկաններն արդեն չորս տարի է՝ սպասարկում են Փաշինյանին։ Իշխանափոխության հեռանկարը գրեթե բացառելով՝ նրանք թերեւս համարում են, որ վարչապետին ուղղակիորեն աջակցելու համար ոչ միայն պատասխան չեն տալու, այլեւ մի բան էլ խրախուսվելու են։ Խոսքն այս դեպքում ոչ թե անգործության, այլ, ճիշտ հակառակը՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցման մասին է։

Իրավապահ մարմինների շարքերը զարմանալիորեն կուռ են եւ անխոցելի՝ ի տարբերություն, օրինակ, անցած տարի բանակի հայտարարությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամի։ Այդ ժամանակ, ինչպես հայտնի է, Փաշինյանը փորձել է ամեն գնով ձերբակալել Օնիկ Գասպարյանին եւ նրա տեղակալներին, բայց քննիչներն ու դատախազները բավականաչափ խելամիտ են գտնվել՝ այդպես էլ քրեական գործեր չհարուցելով բարձրագույն սպայակազմի դեմ։ Այդ օրերին՝ 2021-ի փետրվար-մարտին, Գլխավոր շտաբը, փաստորեն՝ հայկական բանակն ամբողջապես, Փաշինյանի հսկողության տակ չէր, սպայակույտն էլ պահանջում էր նրա հրաժարականը։ Եվ քանի որ բանակը վարչապետին չէր ենթարկվում, ուժային եւ իրավապահ մյուս մարմինները, տեսնելով դա, որոշակի զգուշավորություն էին ցուցաբերում։

ԱԱԾ-ն, մյուս ուժային կառույցները չէին կարողանում ի կատար ածել վարչապետի հրահանգը՝ ամեն գնով փոխել իր դեմ դուրս եկած բարձրագույն զինվորականությանը, այդ շրջանում Փաշինյանն անասելի թույլ էր, իսկ թույլ առաջնորդին չեն աջակցում։ Շաբաթներ շարունակ վարչապետը չէր կարողանում ազատել ԳՇ պետին, ավելին՝ Արցախի Պաշտպանության բանակից եւս միանում էին նրա հրաժարականի պահանջին։ Պարզ է, որ այդ կոչերը մեկ օրվա կամ մեկ անձի պահանջ չէին, եւ ի դեմս տասնյակ գեներալների՝ խոսում էր հայկական բանակը։ Որքան էլ իր աջակիցների հավաքի ժամանակ Փաշինյանը հարթակից հրամաններ արձակեր, պնդեր, թե Գասպարյանի լիազորությունները դադարեցված են, սկզբնապես նա անդրդվելի էր, չէր հեռանում։ Պարզ չէր՝ պաշտոնը չթողնելու դեպքում այդ ո՞վ է խիզախելու ձերբակալել ԶՈՒ ԳՇ գործող պետին իր աշխատասենյակում։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ դիմադրությունում շահելու է ավելի մեծ զորք ունեցողը, այսինքն՝ Գլխավոր շտաբը։

Ի վերջո, դա ոչ թե դասալիք Փաշինյանի եւ գեներալ-գնդապետ Գասպարյանի, այլ իշխանության եւ զինուժի հակամարտությունն էր։ Բանակը փաստել էր, որ այս իշխանախմբի անարդյունավետ կառավարման հետեւանքով պետությունը փլուզվում է, այսինքն՝ արձանագրել էր ընթացիկ իրավիճակը։ Սակայն Օնիկ Գասպարյանն իր անհեռատես քայլերի արդյունքում ի վերջո հեռացվեց պաշտոնից, իսկ այդ հայտարարությանը միացած գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականներն այժմ չեզոքացված են, ավելին՝ նրանց մի մասը համակերպվել է Փաշինյանի իշխանավարմանը։ Արդյունքում՝ անվտանգության պատասխանատուի իր դերակատարումից ՊՆ-ն վերածվել է նույն այդ անվտանգությունը խարխլած եւ իշխող կուսակցության վերնախավի հավակնությունների բավարարման հերթական օղակի։

Պարտությունից անմիջապես հետո ոտքի կանգնելու եւ իրական մեղավորի մատնանշման փոխարեն բանակի հրամկազմը գերադասեց Փաշինյանին պատսպարել իր հարկի տակ, սակայն երբ որոշեց խոսել, դարձավ իր իսկ փրկած առաջնորդի վրեժխնդրության զոհը։ Նույն ճակատագիրն է սպառնում նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Այս բոլոր գործիչները պատեհ պահին զոհաբերվելու են որպես ժամանակին Փաշինյանի կաշին փրկած քավության նոխազներ․ Օնիկ Գասպարյանը՝ վկա։

Դավիթ Սարգսյան