Ինչպես Ֆինլանդիան հաղթահարեց բոլոր այն աղետները, ինչը չհաջողվեց Հայաստանին

Ինչպես Ֆինլանդիան հաղթահարեց բոլոր այն աղետները, ինչը չհաջողվեց Հայաստանին

Ֆինլանդիայի արտգործնախարարության աջակցությամբ եւ Newmag-ի հրավերով, եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Ֆինլանդիայի ամենահայտնի ժամանակակից պատմաբաններից մեկը՝ Հենրիկ Մեյնանդերը, ով իր հայաստանյան այցի շրջանակներում հանդիպել է նաեւ «Հրապարակի» հետ եւ պատմել 16 լեզուներով թարգմանված «Ֆինլանդիայի պատմություն» գրքի մասին, որի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ «Բեսթ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում, ժամը 19։00-ին։      

Գիրքը կոչվում է ոչ թե «Ֆինլանդիայի պատմությունը», այլ «Ֆինլանդիայի պատմություն»․ սա ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային շեշտադրում է հեղինակի կողմից, քանի որ, որպես պատմաբան, ուզում է ասել, որ չկա ամբողջական օբյեկտիվ եւ լիարժեք մեկ պատմություն, հետեւաբար սա մի պատմություն է, որն ինքն է ներկայացնում։
Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպես շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, Արեւմուտքի ու Արեւելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: Քաղաքացիական եւ համաշխարհային պատերազմների մեջ ու կործանման եզրին՝ այս երկիրը փրկվեց, դարձավ անկախ ու ոտքի կանգնեց: Այն, ինչ չհաջողվեց շատերին, ֆիններն արեցին լուռ ու համբերատար՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:

Հենրիկ Մեյնանդերից հետաքրքրվում եմ՝ ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին կարողացավ Ֆինլանդիան պահպանել իր անկախությունը, հատկապես, ինչպես ինքն է գրքում նշել, այդքան աղքատ երկիր լինելով։

«Ֆինլանդիան Շվեդական թագավորության մաս էր հարյուրավոր տարիներ, որտեղ նույնիսկ արիստոկրատիան եղել է շվեդական, բայց Ֆինլանդիայի ամենակարեւոր հաջողություններից մեկն այն է, որ հասարակությունը բրգաձեւ չէ, եւ չկան շատ հարուստներ կամ շատ աղքատներ։ Ֆինլանդիան բավականաչափ աղքատ էր մինչեւ 1860-ականները, հետո սկսվեց ինդուստրիալիզացիան Շվեդիայում եւ Ռուսաստանում։ Այդ ժամանակ հայտնաբերվեց, որ Ֆինլանդիան ունի նաեւ հանքեր, որոնք կարող են այդ ինդուստրիալիզացիային ծառայել։ Եվ քանի որ մոտ ենք Պետերբուրգին, Բալթյան ծովը ստեղծեց առեւտրային կապեր Կենտրոնական Եվրոպայի հետ։ Բայց, հավանաբար, ամենակարեւոր որոշումներից մեկն այն էր, որ Ֆինլանդիան միացավ Ռուսաստանին 1899-ին՝ նապոլեոնյան արշավի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Ռուսաստանն ընդլայնվում էր որպես կայսրություն եւ իր մեջ ներառեց ոչ միայն Ֆինլանդիան, այլեւ՝ Հայաստանը, եւ 19-րդ դարի վերջին մենք, ըստ էության, նույն կայսրության մաս ենք եղել։ Ավելին՝ ֆինն ինժեներներն ու մասնագետները ճանապարհորդում էին Ռուսական կայսրության ողջ տարածքով եւ նույնիսկ Հայաստանում են եղել, ու ճիշտ հակառակը՝ նաեւ Ֆինլանդիայում կային հայ զինվորականներ ու սպաներ։ 19-րդ դարի վերջի ինդուստրիալիզացիան եւ արդյունաբերական հեղափոխությունն ամբողջությամբ լրիվ ուրիշ իրողություն ստեղծեցին, իհարկե՝ դրա կենտրոնում Սանկտ Պետերբուրգն էր, եւ ֆիններն օգտվում էին Պետերբուրգի տված հնարավորություններից ու նաեւ այն նոր կոմունիկացիաներից, որոնք իր առաջ բացեց բալթիկծովյան նավագնացությունը։ 19-րդ դարի վերջին սկսվեց նաեւ ազգային շարժումը, երբ ֆինները հասկացան ու որոշեցին, որ իրենք առանձին ազգ են եւ ուզում են լինել անկախ։ Այդ ազգային շարժմանն օգնեց նաեւ այն, որ ֆինները Ռուսական կայսրությունում հասկացան, որ իրենք թե՛ կրոնական, թե՛ քաղաքական պատկանելությամբ, թե՛ հանրային ինստիտուտների առումով տարբերվում են ռուսներից, ու նաեւ այդ տարբերվելն օգնեց, որպեսզի ձեւավորվի ազգային մտածողություն։ Եվ 1917-ի դեկտեմբերին Ֆինլանդիայի խորհրդարանը հայտարարեց Ֆինլանդիայի անկախության մասին, իսկ արդեն հունվարին հեղափոխությունը հասավ Ֆինլանդիա»։

Բայցեւայնպես, 1917-ի անկախացումից հետո եւս Ֆինլանդիան մեծ ցնցումներ է ապրել։ Հենրիկ Մեյնանդերը նկատում է՝ եթե մինչեւ 1930-ականներն այդ անկախության հիմքերը ներսից էին վտանգվում, դրանից հետո ավելի շատ արտաքին բնույթ էին կրում․ «Հետաքրքրական է, որ 2-րդ աշխարհամարտի տարիներին Ֆինլանդիան չօկուպացվեց, ավելին՝ միայն 3 մայրաքաղաք կար, որ չի գրավվել որեւէ կողմից, դա Հելսինկին էր, Մոսկվան եւ Լոնդոնը»։
Անկախությունը պահպանելու հարցում ֆինն պատմաբանը հավատում է ոչ թե անհատների դերին, այլ՝ կառուցվածքային փաստարկներին․ «Առաջինն աշխարհագրությունն է․ Ֆինլանդիան Ռուսաստանի համար ծայրագավառ է, բայց ոչ պակաս կարեւոր փաստարկ են մեր հավատամքը, սկզբունքը, որ մենք չենք ուզեցել դառնալ Ռուսական կայսրության մի մաս։ Եվ, իհարկե, որոշակի հաջողություն, համընկնումներ եւ գուցե՝ ճակատագիր»։
Ի՞նչ առանցքային նմանություններ եւ տարբերություններ կան Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ, ինչպե՞ս կարող է Հայաստանը շրջանցել եւ կտրել վերջին տարիների կորուստների շղթան՝ պատերազմ, տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, արտագաղթ։ Ֆիննական անկախության մոդելը կիրառելի՞ է Հայաստանի համար։

«Հենց այս հարցազրույցից առաջ ես իմ հրատարակչին՝ Արտակ Ալեքսանյանին հարցրեցի, թե որքանով են ռուսները մանիպուլացնում տեղի ունեցող իրադարձությունները․․․։ Իմ տպավորությամբ՝ 2 երկրները շատ արյունալի, կատաղի մրցակցության մեջ են մտել տարածքների համար, եւ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները վտանգավորության աստիճանի եռման կետի են հասել։ Չգիտեմ, թե ձեր կառավարությունն ինչ է մտածում այս մասով, բայց դուք չպետք է ունենաք անիրատեսական ծրագրեր ու նպատակներ։ Ամենակարեւորը սա է՝ ուժեղացրեք ձեր բանակը եւ բարձրացրեք երկրի պաշտպանունակությունը։ Եթե դուք ուժեղ եք, ձեր հարեւանների համար էլ հեշտ կլինի հաշտվել ձեզ հետ ու գնալ խաղաղության։ Ուժեղ ու պաշտպանված երկրի հետ բոլորն են ուզում լինել խաղաղության մեջ։ Պետք է շատ պրագմատիկ լինել եւ հույս չունենալ որեւէ օգնության, որովհետեւ երբ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆինլանդիան պարտվեց Ռուսաստանին, որեւէ եվրոպական երկիր չեկավ ֆիններին օգնության։ Պետք է մարտավարությունդ կառուցես այն հիմքի վրա, որ դու մենակ ես լինելու եւ քո գլխի ճարը դու պետք է տեսնես։ Երբ Ֆինլանդիան պարտվեց, չկար ոչ մի օգնություն, մենք ընդունեցինք Ստալինի պայմանները, կառուցեցինք բարիդրացիական հարաբերություններ Խորհրդային Միության հետ՝ իրենց պայմաններով, մենք տվեցինք իրենց Բալթյան ծովի հեգեմոնիա, բայց դրան զուգահեռ աստիճանաբար սկսեցինք կառուցել բանակ, ստեղծել կապեր արեւմտյան աշխարհի հետ։ Եվ նույնիսկ այդ ժամանակ Ֆինլանդիայում կար ինքնագրաքննություն, հասկանալով, թե որքան վտանգավոր է Խորհրդային Միությունը, ֆինները չէին քննադատում խորհրդային կարգերը, դա արգելված չէր, ուղղակի խորհուրդ չէր տրվում։ Աստիճանաբար վերականգնվեց նաեւ տնտեսությունը, նույնիսկ այսպիսի մի նոր տերմին մտավ շրջանառության մեջ՝ ֆինլանդիզացիա, որը նշանակում էր, որ փոքր երկիր լինելով՝ մեծ ազդեցություն է ունենում գերտերության վրա»,-նշում է ֆինն պատմաբանը։

Ցավոք, ինչպես նկատում է զրուցակիցս, ֆիննական մոդելը միարժեքորեն կիրառելի չէ այլ երկրների դեպքում, քանի որ ամեն երկիր իր պատմությունն ունի, եւ պատմության մեջ չկան կոնկրետ «բաղադրատոմսեր»։

«Բոլորին հետաքրքիր է, թե այդ մեծ հսկայի կողքն ապրելով ինչպես Ֆինլանդիան կարողացավ հաջողության հասնել։ Իմ գրքի բացառիկություններից մեկն այն է, որ ես փորձել եմ Ֆինլանդիայի պատմությունը ներկայացնելիս հենց Ֆինլանդիայի տարածքի վրա ցույց տալ ռեգիոնալ եւ աշխարհի քաղաքական պատմությունը։ Մյուս կողմից էլ գուցե գրքի հաջողությունը նրանում է, որ մասնավորից անցնելով ընդհանուրին, լոկալից՝ գլոբալին, մեկ առանձին երկրի օրինակով ցույց եմ տվել աշխարհի այդ մայրցամաքի պատմությունը»։

Ի դեպ, հատուկ հայերեն թարգմանության համար Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի նախաբանն ու վերջին գլուխը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին: